«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում ֆինանսական և կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումների ևս մեկ դրվագով քրեական գործը՝ 7 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան, այսօր հաղորդում է Գլխավոր դատախազությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Գլխավոր դատախազության դատավարական ղեկավարման ներքո համատեղ բազմածավալ քննություն է իրականացվել Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից։ «Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ «պարզվել և հիմնավորվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներում որպես կապալառու, կամ խորհրդատվական ծառայություն իրականացնող ներգրավված մի քանի ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների կողմից պարտավորությունների կատարման պատրանք և փաստաթղթային հիմքեր ստեղծելու, հարկային պարտավորությունները անհիմն նվազեցնելու, ծառայությունների մատուցման և համագործակցության կեղծ պայմանագրերի հիմքով ստացված առանձնապես խոշոր չափերի գումարների հանցավոր ծագման աղբյուրը և բնույթը խեղաթյուրելու, առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ծրագրի իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներ դուրս բերելու և այդ կերպ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու հանցավոր սխեմա», - ասված է հաղորդագրությունում։ Այդ սխեմայի կիրառման արդյունքում պատճառված ընդհանուր վնասը՝ ներառյալ նաև հաշվարկված տույժ-տուգանքները, ըստ Դատախազության, կազմում է ավելի քան 2,7 միլիարդ դրամ։ Հանցավոր մեխանիզմի իրացմանը ներգրավվել են նաև Պետեկամուտների կոմիտեի տեսուչներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հյուսիս-հարավի» քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենինԿեղծ ձեռնարկատիրության, փողերի լվացման, հարկեր, տուրքեր, այլ պարտադիր վճարներ չվճարելու և Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն, ճանապարհաշինարարական վերոնշյալ խոշոր ծրագրում ներգրավված «Սթոնս» ՍՊ ընկերության փաստացի ղեկավար Սեդրակ Առուստամյանին, ընկերության աշխատանքները վերջինիս հետ համակարգողներ Գուրգեն Սարգսյանին ու Սուրեն Ավագյանին, «Սթոնս»-ի գլխավոր հաշվապահին ու երկու աշխատակցուհիների, պոլիգրաֆիական արտադրանքի տպագրությամբ զբաղվող Ա/Ձ աշխատակցուհուն:
Նախաքննության ընթացքում որպես վնասի հատուցման երաշխիք՝ Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին փոխանցվել է 1 միլիարդ դրամ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սեդրակ Առուստամյանը ՔԿ-ի դեպոզիտ հաշվին փոխանցել է 1 մլրդ դրամ՝ որպես վնասի վերականգնման երաշխիքԴատախազը հաստատել է նշված դրվագով մեղադրական եզրակացությունը, և քրեական գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Տվյալ դրվագով Պետեկամուտների կոմիտեի տեսուչների մասով նախաքննությունն ավարտվել էր ավելի վաղ, նրանց և ևս մեկ անձի վերաբերյալ գործն արդեն ուղարկվել էր դատարան:
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին առնչվող քրեական գործով բազմաթիվ այլ դրվագներով քննությունը շարունակվում է:
Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը ևս երկու տարբեր քրեական գործերով է անցնում, նա անցած տարվա ապրիլից կալանքի տակ է։ Առուստամյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։