Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հետախուզում է հայտարարել Գագիկ Բեգլարյանի նկատմամբ


Գագիկ Բեգլարյան, արխիվ
Գագիկ Բեգլարյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հետախուզում է հայտարարել Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ՝ նրան մեղադրյալ ներգրավելով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու համար։

Ըստ ԱԱԾ-ի` դատարանը որոշել է կալանավորել Բեգլարյանին։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում չէ։

Խոսքը մայրաքաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզի մասին է։ Ըստ ԱԱԾ-ի` դեռ 2008-ի դեկտեմբերի 25-ին, երբ Բեգլարյանը զբաղեցնում էր Կենտրոնի թաղապետի պաշտոնը, այնպես է արել, որ 2 մանկապարտեզներ վերամիավորելու գործընթաց սկսվի։ Ապա արդեն 2009-ի մարտի 16-ին որպես Երևանի քաղաքապետ հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով որոշում է կայացրել, որով փոփոխվել է մանկապարտեզի ավելի քան 200 քառակուսի մետր մակերեսով տարածքի նշանակությունը, և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո այդ անշարժ գույքը ընդամենը ավելի քան 23 միլիոն դրամով օտարվել է, իսկ 2011թ. փետրվարի 2-ին ընդամենը 24 միլիոն դրամով գրանցվել է Բեգլարյանի հոր անվամբ, այնուհետև որպես ժառանգորդ՝ այն գրանցվել է Գագիկ Բեգլարյանի անվամբ։

Դեռ 2019-ի հոկտեմբերին մամուլը գրեց, որ Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարանը հեռացել է Հայաստանից։ Մոտ մեկ տարի առաջ էլ՝ 2019-ի ապրիլին, Քննչական կոմիտեն «Ազատությանը» փոխանցել էր, որ Բեգլարյանը հարցաքննվել է որպես վկա «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի գործով։ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է ավելի քան 23 միլիարդ դրամ։

Երևանի մանկապարտեզների ոլորտում չարաշահումների մասին դեռ 2019-ին հրապարակում էր կատարել «Հետք» էլեկտրոնային պարբերականը՝ ահազանգելով՝ մի շարք մանկապարտեզներ անօրինական օտարվել են հենց Բեգլարյանի պաշտոնավարման օրոք։

XS
SM
MD
LG