44-օրյա պատերազմից մոտ մեկ տարի անց առաջին անգամ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Հանդիպումը կայացել է Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
Համանախագահները Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ նաև առանձին հանդիպումներ են ունեցել։ Հանդիպումից հետո տարածված հաղորդագրություններում շատ մանրամասներ չկան։ Քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ» կարդում ենք համանախագահների համատեղ հայտարարությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. համանախագահները հայտարարությամբ են հանդես եկելՉնայած տեքստում հստակ ձևակերպումների բացակայությանը՝ նման ֆորմատով հանդիպման փաստը ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը դրական է գնահատում. «Թեև Ադրբեջանից շարունակաբար հնչում են հայտարարություններ, որ իրենք չեն պատրաստվում շարունակել խոսակցությունները այդ ձևաչափի շրջանակներում կամ ընդանրապես մերժում են կարգավիճակի վերաբերյալ որևէ քննարկման հնարավորություն, այդուհանդերձ, այս տեսանկյունից քայլը դրական եմ գնահատում: Փաստացի Մինսկի խմբի համանախագահող երկրներին հաջողվել է օգտագործել նաև այս ձևաչափը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում՝ կազմակերպելու այս հանդիպումը»:
Պատերազմից հետո ղարաբաղյան բանակցությունները հայտնվել են փակուղում։ Արդյոք սա կարելի՞ է համարել բանակացությունների վերսկսում, թեև Մինսկի խմբի հայտարարությունում այս մասին խոսք չկա։ Հայրապետյանը այս դեպքում նախընտրում է երկխոսություն տերմինը։ Ասում է՝ դրական ազդակ է, բայց որքանով շարունակական կլինի և կհաջորդի արդեն երկրի ղեկավարների մակարդակով հանդիպում, դեռ վաղ է գնահատելը։
«Նախկին համատեղ հայտարարություններում Մինսկի խմբի համանախագահների՝ 20 թվականի դեկտեմբեր և 21 թվականի ապրիլ, մեզ համար շատ ավելի կարևոր շեշտադրումներով էին հանդես գալիս՝ նաև ակնարկելով համապարփակ կարգավորման վերաբերյալ քննարկում, որը իրենից ենթադրում է կարգավիճակի վերաբերյալ քննարկում: Սա ավելի անորոշ ձևակերպումներով հայտարարություն էր, ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ համանախագահները ողջունում են փաստը հանդիպման: Արդեն հետագա զարգացումները ցույց կտան, թե որքանով այս դրական ազդակները շարունակականություն կստանան», - նշեց ադրբեջանագետը:
Պաշտոնական Երևանի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ արտգործանախարար Միրզոյանը արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը` վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։
Հայկական կողմի երկու նախապայմանների՝ բոլոր գերիների վերադարձ ու ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի սահմաններից, հստակ արձանագրում հանդիպմանը չի եղել։
«Այդ նախապայմանը եղել է, որ մինչև ադրբեջանական զորքերը դուրս չգան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից որևէ քննարկում չի շարունակվելու, բայց իրականությունը փոքր ինչ այլ է: Ինչ վերաբերում է այստեղ, ապա բնական է, որ մեզ համար ավելի շահավետ կլիներ նույն գերիների հումանիտար որոշակի խնդիրների հստակ արձանագրում, բայց փաստն ինքնին քննարկման հնարավորությունն ու ձևաչափի ակտիվացումը դրական եմ համարում՝ որպես սկիզբ: Հետագայում արդեն մնացած գործընթացները բնական է՝ մեր դիվանագիտական համառ աշխատանքից է կախված, թե ինչ արդյունքներ կտան: Բայց եթե Ադրբեջանի տեսանկյունից և իրենց հռետոաբանությունից դիտենք, սա ինչ-որ առումով մի գուցե հետ քայլ էր կամ հնարավորության ստեղծում, որովհետև Ալիևը խոսում է այն մասին, որ որևէ քննարկում չի ծավալելու այլևս», - ասաց Հայրապետյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը մեղադրել է Մինսկի խմբին հակամարտության կարգավորման գործում դերակատարում չունենալու մեջԱդրբեջանական կողմի հաղորդագրությունը ավելի հակիրճ է։ Նշվում է, որ հաշվի առնելով նոր իրողութունները՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ադրբեջանի ու Հայաստանի միջև կարգավորման մասին, Ադրբեջանի հետպատերազմյան հայտնի դիրքորոշումը ներկայացվել է կողմերին։
Թեև հաղորդագրությունում չի նշվում, թե որն է այդ հայտնի դիրքորոշումը, սակայն Բաքուն մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ ղարաբաղյան հարցը լուծված է համարում։
Հանդիպումից ժամեր անց էլ ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմը որևէ լուսանկար կամ տեսանյութ չի հրապարակվել։ Իսկ համանախագահները իրենց հայտարարությունը եզրափակել են վերահաստատելով, որ կշարունակեն աշխատել կողմերի հետ գտնելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ: