Մատչելիության հղումներ

Ալիևը մեղադրել է Մինսկի խմբին հակամարտության կարգավորման գործում դերակատարում չունենալու մեջ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դերակատարում չունենալու մեջ։ Ալիևը Բաքվում երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտինին, ամերիկացի Էնդրյու Շոֆերին և Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին։

Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի բացակայության վերաբերյալ որևէ պարզաբանում չկա։ Հանդիպման ժամանակ Ալիևը շեշտել է, որ համանախագահների այցը Բաքու իրենց սեփական նախաձեռնությունն է, և ինքը նրանց չի հրավիրել: Ալիևի մոտ կես ժամ տևող խոսքում մեղադրանքեր հնչեցին Հայաստանի թե նախկին, թե ներկա իշխանությունների հասցեին, պնդեց` Ադրբեջանը խնդիրը լուծել է ռազմական ճանապարհով, իսկ Մինսկի խումբը ոչինչ չի արել այս 28 տարիների ընթացքում։

«Ես բանակցային գործընթացին մասնակցում եմ վերջին 17 տարիներին։ Չնայած Մինսկի խումբը հանդես է եկել գաղափարներով և փորձել է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, սակայն դա ոչ մի արդյունք չտվեց, և սա իրականություն է։ Ադրբեջանը ինքը լուծեց հարցը՝ հաղթելով հայերին ռազմի դաշտում», - ասել է նա։

Ալիևը համաձայն է ՌԴ նախագահի այն խոսքերի հետ, որ ղարաբաղյան կոնֆլիկտն այլևս պատմության գիրկն է անցել, այսինքն` այն արդեն «լուծված է», և որ ինքը «ցույց տվեց, որ հակամարտությունը հնարավոր էր և լուծվեց ռազմական ճանապարհով»: Ադրբեջանի ղեկավարը ևս մեկ անգամ ասել է, թե Հայաստանի վարչապետ Փաշինյանը «կործանել է բանակցությունները, սադրիչ հայտարարություններով և գործողություններով իմաստազրկել դրանք»։

Հայկական կողմի պարտությունը որակելով ստորացուցիչ կապիտուլյացիա` Ալիևը նաև գովաբանել է իրեն՝ պնդելով, որ իր խոսքի տերն է եղել, «հենց կատարել են իր պահանջը, անմիջապես դադարեցրել է պատերազմը»։

«Եթե պատերազմը չդադարեցնեինք, բոլորը հասկանում են` ինչ կլիներ։ Հայկական բանակը ոչնչացված էր, բարոյազրկված։ Պատերազմի ժամանակ ես ասացի, որ մենք մտադիր չենք գրավել հայկական տարածքները, չնայած հասկանում եք, որ հնարավորություն ունեինք և դեռ ունենք», - հայտարարել է նա:

Ադրբեջանի նախագահը շեշտել է, թե «պատերազմական հանցագործներ են նաև նախկին ղեկավարներ Սարգսյանն ու Քոչարյանը», և որ Ադրբեջանը հաղթել է նրանց ստեղծած բանակին. «Սարգյանը, Քոչարյանը ռազմական հանցագործներ են։ Մենք հաղթել ենք Քոչարյանին ու Սարգսյանին։ Նրանք ցանկանում են մեղքը գցել Փաշինյանի վրա։ Ես ասում եմ՝ Փաշինյանը ոչ մեկն է։ Մարդ, որ գիտելիք ու փորձ չունի, որ չի հասկանում միջազգային հարաբերությունները, ինչպես ղեկավարել երկիրը, մարդ, որ իր կյանքում անգամ մի կոլխոզ չի ղեկավարել։ Պետք չէ միայն նրան մեղադրել։ Այո, նա մեզ սադրեց, արեց անընդունելի բաներ, բայց պատժվեց դրա համար։ Բայց մենք հաղթել ենք Սարգսյանի և Քոչարյանի ստեղծած բանակին»:

Ըստ Ադրբեջանի նախագահի` տարածաշրջանում այժմ բոլորովին նոր իրավիճակ է: Նա նաև անդրադարձել է հրադադարի վերահսկման և մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնին` նշելով, որ այդ կենտրոնը կտեղակայվի Աղդամի տարածաշրջանում:

Ադրբեջանի ղեկավարը կարևորել է համաձայնագրի այն կետը, որով երաշխավորվում է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ համարելով այն հաղթական ձեռքբերում։

Հայկական կողմից արձագանք դեռ չի հնչել Ալիևի կես ժամ տևող այս ելույթին։ Վաղը ակնկալվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով այս հանդիպմանն ու Ալիևի ելույթին, «Ազատությանն» ասաց. «Ադրբեջանը և Թուրքիան ռեալ համոզեցին Ռուսաստանին, որ տեղափոխվի Ղարաբաղի հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբից դեպի ռուս-թուրքական ձևաչափ: Ուրեմն, դա է պատճառը, որ Ադրբեջանն այդպես լկտի պահեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ, քանի որ պատերազմի ելքը լուծվեց ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում: Դա է պատճառը, որ Ադրբեջանը, Ալիևը թույլ տվեց իրեն բավական այդքան լկտի պահել իրենց դեմ ուղղված: Ռուսաստանը համաձայնեց դուրս բերել Ղարաբաղի հարցի լուծումը Մինսկի խմբից դեպի ռուս-թուրքական ձևաչափ»:

Ըստ Ստեփան Գրիգորյանի` Մինսկի խումբը, առաջին հերթին` ի դեմս Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների, պետք է պատասխան քայլ անի. «Իմ կարծիքով` ոչ մի դեպքում Ադրբեջանը չի համաձայնի վերադառնալ Մինսկի խմբին, այս ձևի լկտի բաներ նորից կկրկնեն: Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների անելիքը մենակ մեկն է` ճանաչել Արցախի անկախությունը ու կոչ անել աշխարհին ճանաչել Արցախի անկախությունը: Դա պետք է լինի իրենց պատասխանն Ադրբեջանին, Թուրքիային և Ռուսաստանին, հակառակ դեպքում ստացվում է այնպես, որ իրենք կարողացան իրենց, կոպիտ ասած, խաբել ու խաղից դուրս թողնել: Կստացվի այնպես, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարողացան խաղից դուրս թողնել Եվրամիությունը, Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին»:

XS
SM
MD
LG