Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները փոխադարձ պատրաստակամություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման հետագա աշխատանքների համար, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Այս մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում:
Սերգեյ Լավրովի և Ժան-Իվ Լը Դրիանի հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Աֆղանստանի, Լիբիայի, Իրանի միջուկային ծրագրի խնդիրները։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի ղեկավարներն ու պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս շեշտել և շեշտում են Մինսկի խմբի ձևաչափում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը, թեև 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Բաքուն պնդում է, թե հակամարտությունն այլևս կարգավորված է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդեն․ «Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ»