44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներն են քննարկել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ժան-Իվ Լը Դրիանը երեկ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ։
Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը։
Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։
Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական առաձնաշնորհյալ հարաբերություններին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր, նշված է հաղորդագրությունում։
Արարատ Միրզոյանը, ով սեպտեմբերի 21-ին է մեկնել Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով, մի շարք այլ երկրների պաշտոնակիցների հետ ևս հանդիպումներ է ունեցել։
Նախատեսվում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։