Նյու Յորքում ՄԱԿ-ի ասամբլեայի ետնաբեմում Երևանն ու Բաքուն շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել:
Միջոցառմանը մասնակցող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները միջազգային գործընկերների հետ հանդիպումներում դժգոհում են միմյանցից, խոսում եռակողմ համաձայնագրի կետերի իրականացման անհրաժեշտության մասին. Բաքուն՝ հաղորդակցության ուղերի, Երևանը՝ գերիների վերադարձի, ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային ձևաչափի վերականգնման անհրաժեշտության:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջին երկու օրերին Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Սերբիայի, Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Նիկարագուայի, Սլովենիայի, Ավստրիայի պաշտոնակիցների հետ:
Հայկական կողմի փոխանցմամբ՝ այս քննարկումների ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձել է պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին՝ առանձնահատուկ կարևորելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը, որին պաշտոնական Բաքուն շարունակում է ընդդիմանալ:
Միջազգային գործընկերների հետ իր հանդիպումներում Ադրբեջանի արտգործնախարարը նույն փաստաթղթի այլ կետերից է խոսում:
«Եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացումը չունի այլընտրանք և Բաքուն, Երևանն ու Մոսկվան արդեն աշխատանքներ են սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար կոնկրետ ուղղություններով», - երեկ հայտարարել է Բայրամովը՝ ելույթ ունենալով ՎՈւԱՄ դաշինքի անդամ պետությունների՝ Վրաստանի, Ուկրաինայի,Ադրբեջանի, Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ նիստին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն միջազգային հանրությանը կոչ է անում ճնշում գործադրել Երևանի վրա«Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի [Հայաստանը] հրաժարվի իր ռևանշիստական մոտեցումներից և փոխարենը օգտվի կայուն խաղաղության և զարգացման համար հնարավորությունից», - պնդել է Ադրբեջանցի պաշտոնյան և կարծիք հայտնել, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների վերագործարկումը «նշանակալիորեն կարագացնի Հայաստանի և Ադրբեջանի տարածքով առևտուրն ու տրանսպորտային փոխադրումները, ինչը շահույթ կապահովի թե՛ այդ երկրների, թե՛ նրանց գործընկերների համար»։
Բայրամովը Հայաստանից բողոքել է նաև Եվրոպայի խորհրդի քարտուղար Մարիա Պեյչենովիչի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ հանդիպումներում:
Ադրբեջանի արտգործնախարարը, մասնավորապես, հայտարարել է, թե Հայաստանի գործողությունները հակասում են եռակողմ հայտարարության դրույթներին և պաշտոնական Երևանի անհիմն հավակնությունները խորացնում են տարածաշրջանում խաղաղության վերականգնման փխրուն իրավիճակը:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերից անկատար են շարունակում մնալ գերիների վերադարձի և հաղորդակցության ուղիների բացման դրույթները։ Բաքուն պնդում է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող տասնյակ հայազգի քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ», հայկական կողմն էլ հաղորդակցությունների ուղիների բացման մասին խոսելիս շեշտում է, թե միջանցքի հարց չի քննարկվում, կա ապաշրջափակման հարց:
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փոխվարչապետերի մակարդակով այս հունվարից գործում է աշխատանքային խումբ, որի նպատակը հաղորդակցական
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը վերսկսել են աշխատանքային հանդիպումներըուղիների վերագործարկումն է։ Աշխատանքային խմբի հանդիպումները մոտ երեք ամիս է դադարեցված էին, ինչ մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք, դիրքավորվեց և մինչ օրս հրաժարվում է հեռանալ։ Նախորդ ամիսներին պաշտոնական Երևանն ամենաբարձր մակարդակով հայտարարել էր, թե բանակցությունները կվերսկսվեն, եթե ադրբեջանական զինուժը դուրս գա Հայաստանի տարածքից և վերադարձվեն հայաստանցի գերիները: Թեև ադրբեջանցի զինծառայողներն առայսօր Հայաստանում են, տասնյակ հայ ռազմագերիներ էլ՝ ադրբեջանական բանտերում, այդուհանդերձ, հայկական կողմը որոշել է կրկին միանալ եռակողմ ձևաչափով քննարկումներին։