Շուրջ մեկ տարի Գլխավոր դատախազության հսկողության ներքո քննվող ավելի քան 2 հազար պատերազմական գործերից 41-ն արդեն ուղարկվել են դատարաններ։ 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված հանցանքների համար մեղադրվում է ավելի քան 800 անձ։
«Քրեական գործերը հարուցվում են, այսինքն՝ քանակը ավելանում է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ քննությունների ընթացքում ձեռք բերվող տվյալների հիման վրա, երբ բավարարվում է քրեական գործի հարուցման նվազագույն շեմի համար անհրաժեշտ փաստական տվյալների բազան, անմիջապես հարուցվում է քրեական գործ, և սկսվում է քննություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Աբրահամյանի փոխանցմամբ՝ 7 բարձրաստիճան զինվորական է մեղադրվում ռազմական տարբեր հանցագործությունների համար, որոնցից հայտնի է միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի անունը։ Գեներալ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նրան մեղսագրվող արարքն առնչվում է հենց պատերազմին, Մակարյանը մեղքը չի ընդունում։ Չնայած մեղադրանքին՝ իրավապահները չեն կասեցրել բարձրաստիճան զինվորականի պաշտոնավարումը։ Իրավապահներն այլ մանրամասներ չեն հաղորդում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ԶՈւ խնդիրն է բոլոր մեթոդներով ճնշել հակառակորդին. ԳՇ պետի տեղակալԱբրահամյանը հավաստիացնում է՝ ընթանում են ինտենսիվ քննություններ՝ բացահայտելու պատերազմի ժամանակ դասալքության, անփութության, դավաճանության և այլ դրվագներով մեղավորներին։ 41 գործ՝ 49 մեղադրյալներով, արդեն ուղարկվել է դատարան։
Պատերազմական գործերն ընթանում են երկու ուղղությամբ՝ հայաստանյան և ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների գործողություններն են քննում իրավապահները։
Դատարան ուղարկված գործերի կեսից ավելին՝ 25-ը առնչվում է պատերազմի ընթացքում ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելուն, կա 28 ամբաստանյալ։ 7 քրեական գործը վերաբերում է ծառայության վայրն ինքնակամ լքելուն, ևս 9 անձ էլ մեղադրվում է դասալքության համար։ Մեղադրյալների մեծ մասը շարքայիններ են։
«Ունենք նաև անդամախեղման, հիվանդության սիմուլյացիայի միջոցով կամ այլ ապօրինի եղանակներով զինվորական ծառայությունը չիրականացնելու կամ դադարեցնելու վերաբերյալ դատարան ուղարկված գործեր, և այլն։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ դատարանում այս պահի դրությամբ ունենք կոնկրետ մի քանի տասնյակ, կարելի է ասել, քրեական գործեր քննվող», - նշեց գլխավոր դատախազի խորհրդականը։
Դատախազությունը ադրբեջանական զինուժին վերաբերող հանցագործությունների մանրամասները չի հրապարակում։ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների մասով շատ լուրջ խնդիրներ ունենք անձանց նույնականացման հետ կապված գործողությունների մասով և նրանց մեղքը հիմնավորելու կամ ապացույցներ ձեռք բերելու իմաստով։ Հնարավորինս տարբեր աղբյուրներից փորձում ենք ձեռք բերել այդ ապացույցները։ Ինտենսիվ աշխատում են նաև քննչական մարմինները այն անձանց հետ, որոնք վերադառնում են գերությունից Հայաստան, նրանց վերաբերյալ ևս տեղեկություններ ստանալու համար», - ասաց Գոռ Աբրահամյանը։
Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմած սիրիացի երկու վարձկաններն ամիսներ առաջ դատապարտվել են հայաստանյան դատարանի կողմից ցմահ ազատազրկման, հիշեցնում է Աբրահամյանը, մյուս գործերը նախաքննության փուլում են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրիացի վարձկանները դատապարտվեցին ցմահ ազատազրկման«Մոտ 40-ի չափ մեղադրյալներ ներգրավվել են Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմի և դրա ընթացքում արգելված զենքերի կամ զինատեսակների կիրառման, հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների և այլ հանցագործությունների փաստերով։ Նրանց շրջանակներում կան նաև Ադրբեջանի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք», - փոխանցեց Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդականը։