Անգամ թշնամու հետ կոնտակտ պետք է ունենալ. ՀԱԿ փոխնախագահը՝ հայ-թուրքական հնարավոր երկխոսության մասին

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) «մշտապես կողմ է եղել անգամ թշնամիների հետ կոնտակտ ունենալուն»: Այս մասին հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ «Ազատության» հետ հարցազրույցում պատասխանելով հարցին՝ գոհացնո՞ւմ է արդյոք իրենց հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հնարավոր մեկնարկը:

«Անգամ 93 թվականին՝ դա ամենածանր ձմեռն էր, ամենածանր զոհերն ունեինք, Թուրքիայի հետ մեր իշխանություններն ունեին կոնտակտներ, Ադրբեջանի հետ անգամ ունեին կոնտակտներ: Դա ճիշտ է, ուրիշ կերպ դա չի կարող [լինել]: Դու գերիների փոխանակություն ունես, ճանապարհներ բացելու խնդիրներ ունես», - ասաց Մանուկյանը՝ շարունակելով. - «Եվ դրա արդյունքում էր, որ արաբական վառելիքը Թուրքիայով մտավ Հայաստան, ամերիկյան հացը Թուրքիայով մտավ Հայաստան, և թուրքերը չեզոք մնացին»:

«Դրա պատասխանը այն է, որ Էրդողանի Թուրքիան սպանում է հայերին», - այս դիտարկմանը ՀԱԿ փոխնախագահը հակադարձեց. - «Իսկ ո՞վ փորձեց էս թուրքերի հետ էն գլխից, սկզբից մտնել կոնտակտի մեջ, որպեսզի էդ վնասները նվազագույն լինեն»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիր պատգամավորը կասկածներ ունի, թե Թուրքիայի առաջ քաշած նախապայմաններն ապահովման երաշխիքներ են ստացել 

«Չէ՞ որ հենց այդ՝ [Ղարաբաղյան] առաջին պատերազմի ժամանակ [Հայաստանի առաջին նախագահի խորհրդական] Ժիրայր Լիպարիտյանի պատմական այցելությունը Պակիստան արգելակեց 1500 մոջահեդների գալը Ղարաբաղ: Դա ամենևին չի նշանակում, որ դու կոնտակտ քո թշնամու հետ չես ունենալու: Արամ Մանուկյանը 1919 թվականին Խալիլ բեյի հետ, դիմավորեց, տարավ իր տանը քնեց. մորթում էին, չէ՞, թուրքերը, բայց խնդիր լուծեց այն ժամանակ՝ հացի խնդիր լուծեց, ճանապարհի խնդիր լուծեց», - նշեց Մանուկյանը:

«Իսկ կա՞ ինչ-որ կարմիր գիծ, որ Երևանը այդ կոնտակտի համար պիտի դնի: Դուք գիտեք՝ Թուրքիան կարող է նախապայմաններ առաջ քաշել», - այս հարցին էլ ՀԱԿ փոխնախագահն արձագանքեց. - «Զրույց պետք է ունենա՞ս՝ ինքը տեսնես ինչ է առաջարկում, ինչ ես առաջարկում, մի համաձայնիր, ո՞վ է ասում, որ ինչ որ առաջարկում են՝ համաձայնում են: Բայց հարևանիդ հետ եթե կռիվ ունես, եթե ընկերոջդ հետ անգամ վեճի մեջ ես, կնոջդ հետ անգամ վեճի մեջ ես, կոնտակտը՝ բարիշելու, լուծում գտնելու համար, դա պետական պարտականություն է, դա պետական պատասխանատվություն է: Դու ո՞նց կարող ես մերժել բոլորին, չորս կողմդ մերժել, մեկուսանալ, ու էդ քո մեկուսացված վիճակում խեղդվել»:

«Ես ամենևին չեմ ասում, որ դու չպետք է զինվես, որ դու չպետք է ուժեղանաս, որ դու քո դիվանագիտությունը միջազգային բոլոր կառույցներում Ադրբեջանի դեմ չպետք է օգտագործես, գերիներին հետ բերելու համար ամեն ինչ պետք է անես: Իմ ասածը ամենևին դրան չի վերաբերում: Կոնտակտը՝ ճանապարհը բացելու, գերի փոխանակելու, ականապատված դաշտերը մաքրազերծելու, և վերջին հաշվով՝ բանակցությունները երբևէ մենք մերժելո՞ւ ենք: Թշնամու հետ, ցանկացած թշնամու հետ պետք է նստել բանակցությունների. ուժեղ ես՝ ավելի լավ, թույլ ես՝ քիչ պահանջ կունենաս, բայց չխոսել, չընդունել անգամ հակառակորդիդ, թշնամուդ հետ կոնտակտը՝ դա քաղաքագիտական չէ, հա, տղայականով՝ կարող է», - շեշտեց Արամ Մանուկյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.