Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպման հարցեր

՝.

Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին:

Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, քննարկվել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Իրանը բազմիցս հայտարարել է, որ կարևորում է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և վերագործարկումը, ինչը կնպաստի առկա տնտեսական ներուժի իրացման ծավալների ավելացմանը: Սակայն արդեն 6 օր է՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում Ադրբեջանի ոստիկանությունը Իրանից Հայաստան մտնող բեռնատարների վարորդներից հարկեր է պահանջում։ Տնտեսագետների կանխատեսումներով, եթե իրավիճակը չշտկվի, դա կարող է ազդել տնտեսական ակտիվության վրա։

Իրանի պետական գործակալության հաղորդմամբ, նախագահ Ռայիսին ասել է, թե Հայաստանի ու Իրանի միջև աշխատանքային խումբ է ստեղծվելու՝ էներգետիկայի փոխանակումների, տրանսպորտի ու համատեղ արտադրությունների գծով։

Վարչապետ Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է հարևան երկրների հետ հարաբերությունների ընդարձակումը, Իրանի դերը տարածաշրջանում որակել որպես կառուցողական, և ընդգծել, որ Երևանը ողջունում է առկա խնդիրների լուծման ուղղությամբ Իրանի ներկայացրած նախաձեռնությունները։

Թե հատկապես որ նախաձեռնությունների մասին է խոսքը՝ Իրանի պետական գործակալությունը չի մանրամասնում։