Մատչելիության հղումներ

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները երկու իրանցի վարորդի ձերբակալել են


Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները իրանական բեռնատարների երկու վարորդի ձերբակալել են։ Այսօր երեկոյան «Թուրանին» ասել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` տվյալ անձինք անօրինական մտել են Ադրբեջանի տարածք։ «Հայաստանից մեքենաների անօրինական մուտքը Ադրբեջան տեղորոշել են ՆԳՆ-ի, սահմանապահ և մաքսային ծառայությունների աշխատակիցները։ Խախտողների նկատմամբ կկիրառվեն Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան միջոցներ»,- ասել է «Թուրանի» աղբյուրը։

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցի ոստիկանները, սահմանապահներն արդեն 4-րդ օրն է` կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին: Այս ճանապարհին ադրբեջանցիների նոր հսկիչ կետը կիրակի օրվանից է գործում: Այդ օրը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, թե հայ ու ռուս սահմանապահներն աշխատանքներ են իրականացնում իրավիճակը կարգավորելու համար:

Երկուշաբթի օրը, հղում անելով ադրբեջանական օրենսդրությանը, Բաքուն տեղի ունեցողը օրենքի պահանջ որակեց, թե Ադրբեջան օտարերկրյա տրանսպորտային միջոցների յուրաքանչյուր մուտք ու ելքի համար գանձվում է ճանապարհային հարկ։

XS
SM
MD
LG