Սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է անվճար բուժօգնություն ստանալու խնդրի առաջ։
Այն բուժհաստատությունները, որոնք սպառել են պետպատվերի համար պետությունից ստացած գումարները՝ պետք է պացիենտներին հերթագրեն, որովհետև Առողջապահության նախարարությունը մինչև տարեվերջ գումարների ավելացում չի նախատեսում։
Ներկայանալ չցանկացող քաղաքացին «Ազատության» հետ զրույցում ասաց՝ պարբերական հիվանդություն ունեցող իր երեխան 10 տարուց ավելի անվճար բուժօգնություն էր ստանում, օրերս հիվանդանոցից տեղեկացել է, որ պետպատվերի գումարը սպառվել է, ու մինչև 2022-ի դեկտեմբեր այլևս անվճար չեն կարող սպասարկվել։
«Բա որ այդ ընթացքում երեխայի առողջական վիճակը վատթարանա՞», - տարակուսում է նա՝ ընգծելով, որ վճարովի ծառայություններից օգտվելու համար յուրաքանչյուր այցին ստիպված է վճարել մինչև 100 հազար դրամ, բայց այդ հնարավորությունը չունի։
«Ես չեմ կարող վեց ամիսը մեկ տանել բոլոր բիոքիմիական անալիզները տալ, գոնե պարբերական հիվանդության պետպատվերը չհանեին։ Իմացողները կիմանան, որ վեց ամիսը մեկ, եթե ոչ շուտ-շուտ պետք է հսկողության տակ լինեն, ինքը զարգացող հիվանդությունների շարքին է դասվում։ Ամեն մի փոքր բացթողումը կարող է երեխայի վրա լրիվ ուրիշ ձև անդրադառնալ», - ասաց «Ազատության» զրուցակիցը։
Հարցը երեկ Ազգային ժողովում բարձրացրեց նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, նշելով, որ անվճար բուժօգնությունից օգտվող բազմաթիվ քաղաքացիներ դիմել են նաև իրենց։
«Դուք պարտավոր եք բյուջետային միջոցներ գտնել, որպեսզի խնդիրն ամբողջությամբ լուծեք։ Եվ, եթե ասում եք, որ խնդիրը բյուջեի մեջ է, ապա կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ ինքն աննախադեպ շատ բյուջետային մուտքեր ունի։ Հիվանդները լուրջ խնդիրների առաջ են կանգնում։ Քայլեր արվո՞ւմ են կառավարության կողմից՝ այս խայտառակ իրավիճակը շտկելու համար», - հարցրեց Մանուկյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, ասաց՝ անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիները կշարունակեն անվճար սպասարկվել։
Ըստ գերատեսչության ղեկավարի՝ քովիդով պայմանավորված, խրոնիկ հիվանդությունների սրման դեպքերն ավելացել են, հետևաբար, պլանային վիրահատությունների ու որոշ հետազոտությունների կարիք ունեցող քաղաքացիներին հիվանդանոցները պետք է հերթագրեն։
Ավանեսյանը խորհրդարանում հայտարարեց, որ որոշ ուղղություններով կառավարությունն արդեն գումարներ է ավելացրել։ «Ուռուցքաբանության մասով ունենք համալրում, և պետությունը լրացուցիչ 550 միլիոն դրամ հատկացրել է, որպեսզի մեր քաղաքացիները հանգիստ կերպով ստանան իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Լրացուցիչ հատկացվել է նաև 2 միլիարդ դրամ՝ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական օգնության տրամադրման մասով», - ասաց նախարարը՝ շարունակելով․ - «Կառավարությունը՝ ուշադիր հետևելով դիմելիության աճին, հոսպիտալացման օբյեկտիվությանը, անելով վերլուծություններ, մոնիթորինգներ, մի կողմից զսպում է բյուջետային կարգապահության շրջանակներում իրականացվող ծառայությունները, բայց մյուս կողմից էլ բոլոր անհրաժեշտ դեպքերում հատկացնում է լրացուցիչ միջոցներ, որպեսզի այն լայնածավալ ծրագրերը, որոնք որ մեկնարկել են 2018 թվականից հետո, պատշաճ կերպով բավարարվեն»։
Չնայած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի այս պնդումներին՝ հիվանդները որոշ հիվանդանոցներից այլ բան են լսում. «Ազատության» զրուցակիցներից մեկը, որը ևս հրաժարվեց ներկայանալ, պատմեց՝ հաջորդ շաբաթ քաղցկեղի բուժման շրջանակներում քիմիաթերապիայի համար պարտավոր է լինելու վճարել․ - «Ասեց պետպատվեր չունենք, որովհետև կլիենտուրան շատ է, պետպատվերի լիմիտը վերջացել է, շատ է օգտագործվել։ Նախարարությունից հրաման է եկել, որ էլ պետպատվեր չի լինելու։ Փոքր քիմիաների դեպում 3 հազար է, մեծ քիմիայի՝ 14 հազար։ Էդքան գումարներից հետո 350 հազար էլ էստեղ պետք է մուծեմ, քիչ փող չի էլի։ Հետո էլ վիրահատություն պետք է լինի, բայց արդեն չգիտեմ վիրահատությունը վճարովի կլինի, թե՝ անվճար»։
«Ազատության» զրուցակիցները հիմնականում գերադասում էին անանուն մնալ, մտավախություն ունեն, թե կարող են հիվանդանոցերում նոր խնդիրներ ունենալ։