«Պետպատվերի գումարը սպառվել է», - պետական և մասնավոր մի քանի հիվանդանոցներում այս պատասխանն է ստացել Աստղիկ Ավետիսյանը, երբ փորձել է հիվանդանոցում անցնել իր հասանելիք պլանային հետազոտությունը։ Մի քանի ժամ հիվանդանոցից հիվանդանոց զանգեր ու այցլեություններ կատարած կինն արդյունքում հրաժարվել է պետության կողմից իրեն հատկացված անվճար բուժծառայությունից և ստիպված օգտվել վճարովի տարբերակից։
«Ի վերջո օրվա երկրորդ կեսին ես ինքնուրույն մտա մասնավոր որևէ հետազոտական ընկերություն, վճարովի: Այսինքն՝ այնքան ես հոգնում, որ այլևս չես ուզում պետպատվերի շրջանակում գործ ունենալ որևէ բանի հետ», - ասաց Ավետիսյանը:
«Պոլիկլինիկայում չգիտե՞ն, որ հիվանդանոցներում պետպատվերի գումարը սպառվել է, երբ պացիենտին ուղեգրում են հիվանդանոց», - այս հարցին ի պատասխան էլ Առողջապահության նախարարությունից նրան հիշեցրել են՝ պոլիկլինիկաները քաղաքապետարանի վերահսկողության տակ են։
Աստղիկ Ավետիսյանն ասում է՝ դա պացիենտին չպետք է հետաքրքրի. «Ինչքան էլ, որ խոսենք նրանից, որ օրինակ՝ նույն պոլիկլինիկան քաղաքապետարանին է ենթարկվում կամ առողջապահական համակարգը ընդհանուր համակարգի քաղաքականությամբ է զբաղվում, ոչ թե դրա համակարգմամբ: Սրանք իրականում հասարակ քաղաքացու համար պետք է խնդիր չառաջացնեն, որովհետև պետությունը պարտավոր է ծառայություն մատուցել քաղաքացուն, քաղաքացին պետք է հանգիստ և համընթաց օգտվի բոլոր այդ հնարավորություններից: Ես կարծում եմ, որ բոլոր ոլորտներից որոշակի տեղեկատվություն ունեցող մարդ եմ, եթե ես եմ հայտնվում և հետո չեմ դիմանում, պատկերացնում եմ, թե մյուսները ինչ կարող են անել: Սա տարրական հաղորդակցման հարց է»:
Վիրաբույժ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանն արդեն 20 տարի է ինչ տարբեր հիվանդանոցներում վիրահատություններ է կատարում։ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ թեև վերջին մի քանի տարիներին համակարգում դրական տեղաշարժ է նկատում, բայց խոշոր հաշվով, օրինակ, նաև ա՛յս հարցը չի լուծվում։
«Ես աշխատում եմ մի քանի կլինիկաներում և փաստացի բոլոր այն կլինիկաները, որոնք ունեին պետպատվեր, այսօր այդ թվում նաև ես ստիպված եմ մերժել մարդկանց, անգամ այնպիսին կոնտինգենտի ենք մերժում, որը ահավոր ցավալի է: Ես այսօր մերժում եմ զոհված զինծառայողների ծնողների, նախկին իշխանությունների պարագայում խայտառակ բաներ էին լինում, պետությունը չէր ֆինանսավորում, իր պարտականությունը չէր կատարում, հիվանդանոցն իր հաշվին պացիենտներին բուժում էր, մի բան էլ թերֆինանսավորված գումարներից ստիպված էր լինում հարկեր վճարել: Խայտառակ պատկերն այսօր գոյություն չունի, բայց այսօր գոյություն ունի խնդիր, որի մասին, այո, պետք է խոսել, ասել: Այսօրվա դրությամբ բազմաթիվ հիվանդանոցներ պետպատվերով հիվանդներին չեն ընդունում, սոցիալապես անապահով հիվանդներին ասում են՝ եկեք ձեզ հերթագրենք, կընդունենք դեկտեմբեր ամսին», - նշեց Տեր-Մինասյանը:
Ըստ բժշկի՝ պետությունը պետք է պետական պատվերով հատկացվող գումարն այնպես բաշխի, որ տարվա կեսից դրանք մի հիվանդանոցում չկուտակվեն, իսկ մյուսում՝ արագ սպառվեն. «Մարդը ուր ուզի պիտի գնա, պետությունը պիտի իր պետպատվերը տեղադրի ոչ թե այնտեղ, որտեղ ինքը ուզում է, որտեղ իրեն դուր է գալիս, ոչ թե որ դա պետական է կամ մասնավոր է, կամ էս է, կամ էն է, այլ այնտեղ, որտեղ մարդիկ ուզում են գնան, իսկ մարդիկ հիմար չեն, մարդիկ գնում են այնտեղ, որտեղ որ լավ է: Այսինքն եթե ես ուզում եմ գնամ Պողոսի մոտ, որովհետև Պողոսը լավ հիվանդանոց ունի, որովհետև Պողոսի բժիշկները լավն են, ուրեմն Պողոսին պետի գումարը տան»:
Պետպատվերի գումարը հիվանդանոցներին բաշխելու գործը՝ Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության գործառույթն է։ Այս կառույցի պետի տեղակալ Գարուշ Այվազյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ խնդիրը սրվել է, որովհետև նախորդ տարի հիմնականում հիվանդանոց էին դիմում պատերազմից ու քովիդից տուժածները, իսկ այս տարի դիմողների թիվն ավելացել է, քանի որ դիմում են նաև քրոնիկ հիվանդություն ունեցող և սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված մարդիկ։
«Առանձին կլինիկաներում է նման լարվածություն առաջացել, ու սա ընդամենը սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված ծրագրերի մասին է խոսքը գնում, մնացած ծրագրերով նման խնդիր չկա: Տարվա ընթացքում պետք է վերաբաշխումներ արվեն, որոնք շատ հաճախ արվում են: Խոսքը վերաբերում է միայն պլանային հիվանդների, անհետաձգելի դեպքերում ոչ մի հիվանդանոց իրավունք չունի մերժի շահառուին կամ հիվանդին: Եթե ընթացքում լրացուցիչ գումարներ կառավարությունը մեզ հատկացնի կամ վերաբաշխման արդյունքում ինչ-որ գումարներ ազատ առաջանան, մենք կուղղենք մեր սոցհիմնարկներին», - ասաց Այվազյանը: