Մատչելիության հղումներ

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը պետք է՝ պայմանով, որ լինի որակյալ, ընդգծում են մասնագետները


Երևանյան հիվանդանոցներից մեկում, արխիվ
Երևանյան հիվանդանոցներից մեկում, արխիվ

Մինչև 2023 թվականը Հայաստանում կներդրվի առողջության համապարփակ ապահովագրության համակարգը: Սա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում է ամրագրված:

Ոլորտի մասնագետներն ու Առողջապահության նախարարության ներկայացուցիչները երեկ համատեղ քննարկման ընթացքում նշեցին, որ արդեն կա ձևավորված աշխատանքային խումբ, նախնական հայեցակարգը մշակված է և ուժի մեջ կմտնի ոչ թե 2023, այլ՝ 2024 թվականին:

Թե որքան գումար է պահվելու մարդկանց աշխատավարձից, դրա որ մասն է վճարելու գործատուն, դեռ չի հստակեցվում: Նախնական հայեցակարգի մշակմամբ զբաղվող մասնագետները տարբեր թվեր են նշում՝ 2-6 տոկոս:

Քննարկմանը ներկա Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ասաց՝ տոկոսը փոփոխական կարող է լինել, դեռ պետք է հստակեցվի, թե սկզբնական շրջանում որ խմբերն են ընդգրկվելու այս ծրագրում, ինչպիսի փաթեթ են առաջարկելու և այլն:

«Անցած անգամ, երբ որ մենք խոսում էինք մեկուկես տարի առաջ ապահովագրության մասին, խոսում էինք մինչև 6 տոկոս աճի մասին, բայց էդ 6 տոկոս հարկը, մեր գնահատմամբ, լավագույն փաթեթն էր լինելու այսօրվա առկա բոլոր մասնավոր ապահովագրական փաթեթներից: Եվ, իհարկե, նորից կարող ենք քննարկել, թե արդյոք մենք ուզում ենք, օրինակ, քաղցկեղի բուժման ժամանակ որոշակի դեղորայք ներառել, և պետությունը պատրաստ կլինի վճարել: Շատ երկրներում, օրինակ, քաղցկեղի բուժման դեղերը ընդգրկված չեն նույնիսկ ապահովագրական փաթեթներում»։

2019-ին շրջանառության մեջ դրված նախագծում նշված է, որ բնակչության շուրջ 9 տոկոսն իր բյուջեի ավելի քան 25 տոկոսն ուղղում է առողջապահական ծախսերին, դրա հետևանքով շուրջ 6 տոկոսն աղքատանում է, և սա ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում: Այդ նույն հայեցակարգի մշակմամբ զբաղվող թիմի վերջին ուսումնասիրություններով, բնակչության մեծ մասը, հատկապես ցածր եկամուտ ունեցողները խուսափում են առողջապահական ծառայություններից օգտվել։

Չնայած սրան, Ամերիկյան համալսարանի՝ սեպտեմբերին իրականացված հարցումների համաձայն, բնակչության 73 տոկոսը համաձայն է իր եկամտի 2-6 տոկոսն ուղղել պարտադիր առողջապահական ապահովագրությանը՝ պայմանով, որ իրենք ու հարազատները կարողանան որակյալ և ամբողջական բուժօգնություն ստանալ: Համալսարանի «Թրփանճեան» հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանն ասում է՝ եթե համակարգի ներդրումից հետո պարզվի, որ ֆինանսական դեֆիցիտ կա, կարելի է հետևել այն երկրների օրինակին, որոնք հաջողությամբ լուծել են այդ խնդիրը։ Որպես օրինակ Պետրոսյանը նշեց Թայվանի փորձը, որտեղ ներդրված հարստության հարկն ուղղվել է առողջապահական ապահովագրության ծրագրի դեֆիցտը փակելուն. - «Ավելի խոցելի խմբերի համար այդ վճարումները գալիս էին ավելի հարուստ խմբերից, ովքեր ավելի բարձր եկամուտ ունեն: Այսինքն՝ տարբեր ձևերով կարելի է այդ միջոցները հայթայթել, ինչպես նաև եկամտի որոշակի տոկոս կարող է հատկացվել այս նպատակին»:

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը Հայաստանում պետք է գործի պարտադիր սկզբունքով, կարծում է ուռուցքաբան, վիրաբույժ Վահե Տեր-Մինասյանը: Հիմնականում չարորակ գոյացություններով իրեն դիմող հիվանդների փորձն աչքի առաջ ունենալով՝ նա ասում է, որ ոչ մի քաղաքացի չպետք է զրկվի բուժման հնարավորությունից գումարի բացակայության պատճառով։ Բայց, ըստ Տեր-Մինասյանի, պետք է պետության կողմից առաջարկվող փաթեթը լինի իսկապես որակյալ և ապահովի մարդու առողջության համար անհրաժեշտ հիմնական ծախսերը։ Այս դեպքում ինքը, որպես բարձր վարձատրվող աշխատող, պատրաստ է վճարել իր աշխատավարձի, օրինակ, 6 տոկոսը. - «Եթե, օրինակի համար, ես պիտի վճարեմ տարեկան մի քանի միլիոն գումար, և հետո պարզվի, որ ինձ տրվում է մի փաթեթ, որը ես կարող էի գնալ ու այսօրվա դրությամբ գնել 200-300 հազար դրամով, ապա դուրս կգա, որ ինձ խաբեցին»:

Ըստ նախնական քննարկվող հայեցակարգի, բարձր աշխատավարձ ստացող քաղաքացին պարտադիր առողջապահական ապահովագրությանն ուղղված գումարի զգալի մասն ինքը պետք է մուծի, նվազագույն մասը՝ գործատուն, իսկ ցածր վարձատրվողի դեպքում՝ հակառակը։

«Պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգին Հակաստանը պետք է փուլային ճանաարհով անցնի, որպեսզի չկրկնի Ղազախստանի սխալը, երբ միանգամից այն սկսվեց կիրառվել , հետո ստիպված կասեցվեց, որովհետև առողջապահական համակարգը պատրաստ չէր դրան», - կարծում է ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Ըստ նրա, համակարգի կայացմանը կնպաստի նաև գործատուների ակտիվ մասնակցությունը՝ սկսելով խոշոր գործատուներից, հասնելով մինչև ինքնազբաղ մարդկանց ու անգամ գյուղատնտեսությամբ զբաղվողներին. - «Ոչ ոք չի ուզում գործատուի համար լրացուցիչ բեռ ստեղծել։ Շատ կարևոր է, որպեսզի այդ միտքը հասցնել, որ բժշկական ապահովագրությունը դա բեռ չի, ճիշտ հակառակը՝ դա բխում է գործատուի շահերից, որովհետև միտված է հենց էն մարդու առողջության պաշտպանությանը, ով գործատուի համար ստեղծում է եկամուտ»։

XS
SM
MD
LG