Հայաստանյան հանդիպումների ընթացքում Իվան Կորչոկն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկին: Նրա հետ զրույցում Փաշինյանն անդրադարձել է Արցախի դեմ նախորդ տարի «Ադրբեջանի սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, հայ ռազմագերիների վերադարձի պայմանավորվածությունը չկատարելուն, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներին»:

Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը։ Ի տարբերություն Երևանի, հիշեցնենք, Բաքուն պատերազմից հետո Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերսկսումը մերժում է։

Կառավարությունից հայտնում են, որ Սլովակիայի ԱԳ նախարարը նշել է, որ գնահատում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի ջանքերը և կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Այսօր օրվա առաջին կեսին էլ պաշտոնական այցով Հայաստան ժամանած սլովակ գործընկերոջն ընդունել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ապա հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ անդրադառնալով նաև ղարաբաղյան խնդրին։

«Խոսել ենք Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին՝ Լեռնային Ղարաբաղի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, ինչպես նաև անդրադարձ ենք արել այդ ընթացքում ագրեսիայի օրերին թույլ տրված հանցագործություններին, խոսել ենք եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից հայտարարության դրույթների չկատարման մասին, մասնավորապես, սա վերաբերում է առաջին հերթին հայ ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց չվերադարձին», - հայտարարեց Միրզոյանը:

Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, նշեց, որ որպես Եվրամիության անդամ երկիր, շարունակում են սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբին։

«Չափազանց կարևոր է ձեռնպահ մնալ էսկալացիայի ցանկացած գործողություններից և լիովին իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Ցանկացած կոնֆլիկտ, ի վերջո հանգեցնում է հասարակ մարդկանց տառապանքին, և կարող է կարգավորվել, եթե կա կամք և հաստատակամություն խաղաղության հասնելու։ Մենք, որպես Եվրամիության անդամ երկիր, շարունակում ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, հիշեցնեմ նրանց հուլիսի 29-ի հայտարարությունը, որը վերահաստատում է կարիքը՝ համապարփակ և կայուն բանակցային լուծում գտնել հիմնական հարցերին», - նշեց Սլովակիայի ԱԳ նախարարը։

Իվան Կորչոկը, ողջունելով գերիների վերջին վերադարձը, նշեց, որ գործընթացը պետք է շարունակվի, զուգահեռ պետք է նաև տեղի ունենա ականազերծում՝ պահպանելու մարդկանց կյանքերը և կանխելու լրացուցիչ կորուստները​։

Սլովակիայի արտգործնախարարը և Միրզոյանը խոսեցին նաև երկու երկրների ջերմ հարաբերությունների և համագործակցության նոր պոտենցիալի մասին։

«Մեծ ներուժ կա էլ ավելի զարգացնելու մեր երկրների հարաբերությունները հատկապես նաև տնտեսական ոլորտում, մեր այս վճռականությունը հաստատել ենք անցյալ փետրվարին Երևանում բացելով դեսպանատուն, որը նոր փուլ բացեց Սլովակիայի և Հայաստանի հարաբերություններում», - ընդգծեց Իվան Կորչոկը։

Նա նաև ընդգծեց, որ որպես Եվրամիության անդամ երկիր մեծապես սատարում են Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները, այդ թվում՝ օրենքի գերակայություն հաստատելու տեսանկյունից։ Միրզոյանը հիշեցրեց, որ Բրատիսլավան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել։

«Ես Հայաստանի Հանրապետության երախտագիտությունն եմ հայտնել Սլովակիային և Սլովակիայի ժողովրդին ինչպես համաճարակի ընթացքում մեր երկրին ցուցաբերված աջակցության համար, այնպես էլ արցախյան վերջին պատերազմի օրերին և դրանից հետո Սլովակիայի որդեգրած դիրքորոշման համար: Սա վերաբերում է և՛ գործադիր իշխանության դիրքորոշմանը, և՛ Սլովակիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերին», - ասաց Արարատ Միրզոյանը:

Սլովակիայի արտգործնախարարից բացի Հայաստանի վարչապետն և արտգործնախարարը Երևանում երեկ հանդիպել են նաև Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին, ինչպես նաև Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, որը վերահաստատել է ԵՄ քաղաքական հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Հայաստանին հենց Երևանի կողմից առաջնահերթ համարվող ուղղություններով։

Փաշինյանը և Կլաարը քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի հարցեր, անդրադարձել ենթակառուցվածքների, առևտրատնտեսական, գործարար և այլ ոլորտներում կապերի զարգացման հեռանկարներին, ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսման կարևորությունը:

Ֆրանսիացի համանախագահի այցից առաջ էլ Երևանում էր ռուս համանախագահ Իգոր Խովաևը, որը Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներից բացը Երևանում հանդիպեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Արդյոք այս այցերը փոխկապակցվա՞ծ են և խոսո՞ւմ են Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների նոր մակարդակի մասին, հարց ուղղեցինք քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանին։ Նրա կարծիքով՝ Արևմուտքը չունի միասնական և հստակ օրակարգ Հայաստանի հետ հարաբերություններում։

«Չէի ասի, որ կա համադրված մոտեցում, բայց կա միասնական ըմբռնում այն հարցի շուրջ, որ պատերազմից հետո, երբ որ Ադրբեջանն ըստ էության, ստացել է 7 շրջանները, բայց շարունակում է որոշակի տարածքային նկրտումներ ունենալ Հայաստանի նկատմամբ կամ փորձում է սրել իրավիճակը, կա ընդհանուր մոտեցում, որ տվյալ իրավիճակում Ադրբեջանը սխալ է և տվյալ հարցում անհրաժեշտ է Հայաստանին որոշակի աջակցություն ցուցաբերել՝ այդ ճնշումներին դիմակայելու համար: Թե այդ աջակցությունը արդյոք կհասնի՞ այն մակարդակին, որը անհրաժեշտ է Հայաստանին այդ ճնշմանը դիմակայելու համար, սա է հարցը, և այստեղ թույլ տվեք որոշակի հոռետեսական մոտեցում ցուցաբերել, ես չեմ կարծում, որ Արևմուտքը, առավել ևս Եվրամիությունը մեզ անհրաժեշտ ոլորտի և խորության օգնություն ցուցաբերեն, որովհետև այստեղ խոսքը գնում է հենց ուժային օգնության մասին, որը ունակ կլինի դիմակայելու այդ ճնշումներին», - ասաց Քոչինյանը: