Մատչելիության հղումներ

Իվան Կորչոկը կարևորել է ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում


Չնայած համավարակի ու պատերազմի հետևանքներին, Հայաստանը բռնել է զարգացման ուղի, հայտարարել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Վարչապետի աշխատակազմը տեղեկացնում է՝ Իվան Կորչոկը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ ընդգծելով, որ Սլովակիան գնահատում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի ջանքերը: Իվան Կորչոկը անհրաժեշտ է համարել տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը և իր երկրի աջակցությունը հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի պայմանավորվածությունը չկատարելուն, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներին:

Վարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը և շեշտել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակության կարևորությունը:

Սլովակիայի ԱԳ նախարարը նշել է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացման հարցում իր երկրի կառավարության շահագրգռվածությունը, մասնավորապես, Իվան Կորչոկը կարևորել է տնտեսության, այդ թվում՝ բիզնես կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մեծ պոտենցիալի իրացման կարևորությունը, նաև փոխանցել Սլովակիայի ղեկավարության բարեկամական ուղերձները հայ ժողովրդին ու Հայաստանի վարչապետին։ Պարոն Կորչոկը հայտնել է՝ տպավորված է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG