Գորիս – Կապան ճանապարհին դիմակավորված ու զինված ադրբեջանցիները շարունակում են կանգնեցնել իրանական բեռնատարները

«Ուշադրություն, դուք մտնում եք Ադրբեջանի տարածք». կապույտ մեծ ցուցանակ է տեղադրվել Գորիս - Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում: Երրորդ օրն է, ստուգում են Իրանից Հայաստան բեռներ փոխադրող մեքենաների փաստաթղթերն ու, ըստ իրանցի վարորդների, գումար են պահանջում։

Իրանից Հայաստան բիտում տեղափոխող Ռասուլ Ղամխարը պատմեց, որ գումար են պահանջել, ինքը չի տվել։ Ասաց, որ այս անգամ թույլ են տվել անցնի՝ հավելելով, որ այդ ճանապարհով այլևս չի երթևեկի՝ եթե իր պատվիրատուն ադրբեջանցիների պահանջած գումար չտա։

Վարոդների մի խմբի հետ զրուցեցինք Սիսիանի մաքսային կազմակերպության մոտ, մի քանի վարորդների էլ Որոտան -Գորիս ճանապարհին տեսանք։ Բոլորը նույնն են ասում, թվերն են տարբեր։

«Երբ գալիս էինք, ադրբեջանցիները կանգնեցրել են, հարյուր դոլար են ուզում։ Մեր ընկերներն ասացին, որ այդքան փող չունեն ու հետ գնացին։ Մեզ ասացին, որ այս անգամ մեզ ներում են, բայց հաջորդ անգամ փողը պիտի տանք... Հայաստանի ճանապարհ մտնելու համար հինգ հազար փող ենք տվել, ու հիմա մի հատ էլ էնտեղի համար պիտի տանք։ Էդքան փող չունենք, ամեն տեղ փող են ուզում... Էս ապրանքը Հայաստանից ենք բերում, ադրբեջանցին իրավունք չունի ասելու անցի կամ մի անցի։ Հիմա էլ ասում են երեք հարյուր ութսուն դոլար պիտի տանք, որ անցնեք... Հինգ օր է, այստեղ կանգնած ենք։ Ոչ հաց կա, ոչ ջուր կա, ոչ էլ փող։ Էսքան ճանապարհ գալիս ենք, վառելիք ենք առնում, էլ փողը չի հերիքում», - ասացին վարորդները։

Հայկական մեքենաներն այս հատվածում կանգնել չեն կարող: Գորիս - Կապան ճանապարհին կանգնած են դիմակավորված ադրբեջանցիներ, նրանք նաև զինված են, աչալուրջ հետևում են բոլոր մեքենաների շարժին, համարանիշներն են ֆիքսում:

Երեկ պաշտոնական Բաքուն պարզաբանել էր, թե իրենց հարկային օրենսդրությամբ օտար տրանսպորտային միջոցները հարկման ենթակա են, ճանապարհային հարկ պիտի վճարեն, ինչպես նաև՝ պետտուրք միջազգային փոխադրման թույլտվության համար։

Ճանապարհի այդ հատվածը, որտեղ տեղակայվել էին նախ ադրբեջանցի սահմանապահները, այժմ էլ ոստիկանները, մինչև քառասունչորսօրյա պատերազմը Որոտանի հայկական ճանապարհն էր, ադրբեջանական հենակետն էլ՝ որոտանցի Սեյրան Օհանջանյանի տունը։ Եռակողմ հայտարարությունից հետո տունն ու Գորիս - Կապան ճանապարհի քսանմեկ կիլոմետրանոց հատվածն անցավ Ադրբեջանին։

Օգոստոսի վերջին ադրբեջանական կողմը երկու տարբեր հատվածներում փակել էր Գորիս - Կապանը ճանապարհը։ Այդ ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե ճանապարհի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա, անվտանգության ապահովման հարցը ստանձնել է ռուսական կողմը։

Ադրբեջանական վերջին այս կուտակումները տեղի են ունենում Որոտան գյուղի քթի տակ, հենց մուտքի մոտ։

«Մենք համարյա գիշերը շորերով քնում ենք, շորերով հելնում ենք», - ասաց որոտանցի Անահիտ Երիցյանը։

Նրա յոթ հոգանոց ընտանիքը Որոտանում է, թոռնիկներ ունի, անհանգիստ է։ Որոտանից Գորիս հասնել նշանակում է շունչը պահած անցնել դիմակավորված ու զենքերը պարզած ադրբեջանցիների միջով, հայկական մեքենաները դեռ չեն կանգնեցրել, ասում են որոտանցիները։

Անահիտ Երիցյանը հավելում է. - «Չեն կանգնեցրել, բայց դրանցից ամեն ինչ սպասելի ա»։

Որոտանի դպրոցի տասներեք ուսուցիչներն ամեն օր Գորիսից են գալիս դասավանդելու։ Միկրոավտոբուսի վարորդը նաև դպրոցի տնօրենն է՝ Արա Գրիգորյանը։ «Միշտ էլ գնալ-գալու ենք, բայց տհաճ է», - ասում է։ - «Վատն էն ա, որ հոգեպես ճնշված ես զգում, նսեմացված, որ էսպիսի վիճակ տեսնում ես»։

«Որոտան բերող ճանապարհին ադրբեջանցիների առատությունն իհարկե լարվածություն է առաջացնում», - ասում է դպրոցի դասվար Անահիտ Բունիաթյանը: - «Մինչև էդ մենք մտածում էինք, որ ինչ-որ փոփոխություն կլինի, բայց քանի գնում ա, դեպի հուսախաբություն, հիասթափություն... Ինչքա՞ն կարելի ա վախով ապրել»։

Ռազմիկ Մկրտչյանը գյուղի հնաբնակներից է և այն բացառիկներից, որ հանգիստ հոգեվիճակում է: Նա ադրբեջանցիների հետ ընկերություն է արել, տասը տարի առաջ զանգ ստացել հին ընկերոջից՝ Ռիյազ Ալիևից. - «Գործ էր առաջարկում, որ գնամ իրա մոտ մնամ, աշխատեմ»։

Որոտանի հարևանությամբ ադրբեջանաբնակ Էյվազլի գյուղն էր, որտեղ, հիշում է Ռազմիկը, ամենաշատը տասնհինգ ընտանիք էր ապրում։ Ընկերություն էին անում, ֆուտբոլ խաղում... Էյվազլիի ադրբեջանցիները գնացին ութսունականների վերջին։

Ռազմիկ Մկրտչյանը վստահ է, որ եթե զենքով ադրբեջանցիների փոխարեն խաղաղ բնակիչներ լինեն հարևանությամբ, համատեղ կյանք կստացվի։ Այն ինչ հիմա է, նրա համոզմամբ, հզորների քաղաքականությունն է, որտեղ Հայաստանը անելիք չունի. - «Եթե Ռուսաստանն ա խառնված, Թուրքիան, ամերիկացիք, մեր կարծիքը շատ փոքր ա արդեն»։

Նրա համագյուղացի Անահիտ Բունիաթյանն ասաց. - «Սխալը հենց ներքևից էկավ, որ թույլ տվեցինք ուրիշները մեր փոխարեն որոշեն»։