Մատչելիության հղումներ

Ալիևը կրկին հայտարարել է, թե «Սյունիքը ադրբեջանական պատմական տարածք է»


Ալիևը՝ Լաչինում, 16-ը օգոստոսի, 2021թ․
Ալիևը՝ Լաչինում, 16-ը օգոստոսի, 2021թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հերթական անգամ հայտարարել է, որ Սյունիքն ադրբեջանական պատմական տարածք է և որ այն 100 տարի առաջ բոլշևիկներն ադրբեջանցիներից խլել և տվել են հայերին։ Ալիևի խոսքով՝ բոլշևիկներն արհեստական ձևով ստեղծել են Ղարաբաղի ինքնավար մարզն՝ Ադրբեջանի պատմական հողում։

Ադրբեջանի նախագահը երեկ նաև հայտարարել է, թե Հայաստանը չի կարելի համարել անկախ պետություն։ «Այսօր Հայաստանը բացահայտ ընդունում է, որ չի կարող ապահովել իր անկախությունը, պաշտպանել իր սահմանները, չի կարող ապրել իր հաշվին։ Այս դեպքում, անկախության մասին խոսք լինել չի կարող։ Հայաստանն անկախ երկիր անվանելը բացարձակապես անհիմն է, քանի որ անկախ երկրին բնորոշ հատկանիշների բացարձակ մեծամասնությունը հայկական պետությունը չունի», - հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարը երեկ ընդգծել է, որ նման փայլուն հաղթանակ, ինչպես անցած տարի, Ադրբեջանը չի ունեցել իր պատմության ընթացքում, և գլուխ է գովել այն բանի համար, որ կարողացել է ժամանակին պատերազմը կանգնեցնել։

«Նոյեմբերի 9-ին Հայաստանն արդեն պատրաստ էր ստորագրել հանձնման ակտը։ Որոշվեց Աղդամի, Քելբաջարի, Լաչինի շրջանների՝ մեզ վերադարձի ժամկետները, իսկ նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց հանձնման ակտը և պատերազմը դադարեց։ Այն, որ պատերազմը դադարեցվեց, մեր կողմից բացարձակ արդարացված քայլ էր, որովհետև, եթե պատերազմը շարունակվեր, ապա առաջին հերթին մենք ավելի շատ կորուստներ կունենայինք, եթե պատերազմը շարունակվեր, Քելբաջարի և Լաչինի շրջանների ազատագրումը կարող էր բախվել որոշակի դժվարությունների, քանի որ բնական կլիման, այս տարածաշրջանի լեռները, կարող էին խնդիրներ ստեղծել մեզ համար, բացի այդ ձմեռը սկսվում էր», - ասել է Ալիևը։

Ադրբեջանական մամուլը և պաշտոնական Բաքուն որևէ տեղեկություն Սյունիքի ավտոմայրուղիները փակելու մասին չեն հայտնում։

Երեկ կեսգիշերն անց հայտնի դարձավ, որ զինված ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ, ապա Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները: Այս պահի դրությամբ ճանապարհները դեռ փակ են։ Ըստ Սյունիքի փոխմարզպետի՝ եռակողմ բանակցություններն այսօր կշարունակվեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG