ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերանվանելու նախագիծն արժանացավ բացասական եզրակացության

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն չտվեց «Հայաստան» խմբակցության նախագծին, որով ընդդիմադիրները առաջարկում էին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անվանման մեջ ավելացնել Արցախի հարցը և վերանվանել Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով՝ դրա իրավասության ոլորտում ամրագրելով Արցախի խնդրի լուծման հարցը:

4 կողմ, 7 ձեռնապահ. հանձնաժողովում ձայներն այսպես բաժանվեցին: Ձեռնապահ էին իշխանական պատգամավորները։

«Կարծում էի, որ այս հարցի վերաբերյալ մեր գործընկեր ՔՊ-ական պատգամավորները շատ ավելի ինքնուրույն կլինեն, քան թե նախապես որոշած... Ձեռնպահը ընդհանրապես վատ սովորություն է, ցանկացած հարցում մարդ պիտի կարողանա դիրքորոշում ունենալ՝ կողմ կամ դեմ։ Ձեռնպահ լինելը լավ բան չի ասում մեր գործընկերների կողմնորոշման, դիրքորոշման և այլնի մասին», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Ավելի վաղ ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ լիագումար նիստում առաջարկել էին Արցախի հարցերով առանձին հանձնաժողով ստեղծել, սակայն դա ևս մերժվել էր: Նախագծի հիմնական զեկուցող Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ մինչ նոր նախագիծ ներկայացնելը զրուցել են իշխանական գործընկերների հետ, քննարել են «նուրբ հարցերն ու ներկայացրել լրամշակված տարբերակ». - «Կուզեի, որ մեր գործընկերները լինեին ավելի սկզբունքային, և կոճակ սեղմողների հոգեբանությամբ չառաջնորդվեին հարցի պարագայում»։

Իրենց քվեարկությունը իշխանականները այսպես բացատրեցին. հանձնաժողովի անվանումը փոխելը որևէ բովանդակային փոփոխության չի հանգեցնի։

Իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի խոսքով, Արցախը չպետք է դառնա ներքաղաքական պայքարի գործիք։ Նա կարծում է, որ նման նախագծով ընդդիմությունը հենց նման ճանապարհով է գնում. - «Արցախի հետ կապված հարցերը պետք է նախապես քննարկել, և եթե ընդհանուր համաձայնության չենք հասնում, հանրային քննարկման առարկա չդարձնել։ Շատ ճիշտ ա ասում մեր գործընկերը, որ պատկերացնո՞ւմ եք ինչ ազդակ կստանան դրսում, այդ թվում Արցախում, եթե իմանան, որ Հայաստանի խորհրդարանը որոշել է նման քայլ անել։ Հարց եմ տալիս՝ իսկ պատկերացնո՞ւմ եք ինչ ազդակ կստանան, եթե դուք առաջարկեք ու չանցնի։ Մենք ի՞նչ ենք ուզում սրանով ստանանք։ Ազդակներին, էն որ պիտի ազդակ ստանա, այդ թվում Արցախին։ Թե մենք Արցախի հարցում միասնական չենք, մենք Արցախի հարցում թույլ գործադիր իշխանություն ունենք, մենք թերահավատություն բերեք տարածենք, որ սա լուծում չունի, մենք հետ ենք քաշվել... Սա ազդակ չի՞... Դրա համար, ես կարծում եմ, որ քաղաքականապես սա լուրջ չի։ Եվ մեր շատ պրոբլեմներ էս երեսուն տարում սրա արդյունքն ա։ Չի կարա քաղաքական պայքարի դաշտ դառնա Արցախի խնդիրը»։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը շատ երկար խոսեց այն մասին, թե Արցախի հետ խորհրդարանական կապն որքան ամուր ու զարգացած է, և որ ընդդիմության առաջարկը արդյունավետ չէ. - ««Ցավով պետք է արձանագրեմ, որ այս նախագիծը որևիցե եղանակով մեզ չի մոտեցնում այդ հայանպաստ լուծումներին։ Չի էլ վատթարացնում իրավիճակը։ Այն որևիցե բան չի փոխում։ Մենք արձանագրում ենք այն, ինչ որ շուտվանից կա»։

Վարդանյանին արձագանքեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Հարցրեց՝ եթե նախագիծը վատթարացնող ազդեցություն չունի, ինչո՞ւ այն չեք ընդունում, ինչի՞ց եք վախենում. - «Կրկին անգամ շեշտելով, որ որևէ խնդիր էստեղ չկա, էդ դեպքում ո՞րն է խնդիրը, պարոն Վարդանյան։ Մենք վախենո՞ւմ ենք Արցախ բառը արտասանելուց, մենք վախենո՞ւմ ենք Արցախի Հանրապետություն ձևակերպումը կառավարության ծրագրում ներառելուց, մենք վախենո՞ւմ ենք սեպտեմբերի 2-ին Արցախ գնալուց։ Ինչպե՞ս է ստացվում, որ երկրի ղեկավարի արդեն երկրորդ արձակուրդը համընկնում է սեպտեմբերի 2-ի հետ։ Ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ չի այցելել»...

Քանի որ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց, նախագիծը լիագումար նիստի օրակարգում կհայտնվի, եթե մեծամասությունը կողմ քվարկի, ինչի հավանականությունը քիչ է։

Ընդդիմադիրները հայտարարեցին, որ տասնյակ այլ նախագծեր են ներկայացնելու այս տրամաբանության մեջ, և իշխանությունը վաղ թե ուշ սիպված է լինելու դիրքորոշում հայտնել։