Մատչելիության հղումներ

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, Փաշինյանին արգելվել է մեկնել Արցախ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ

Արցախի անկախության հռչակման 30-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունից որևէ մեկն այսօր չի մեկնել Արցախ։ Ինչո՞ւ Փաշինյանն Արցախում չէ, կառավարության լրատվականից կարճ պատասխանեցին. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում»:

Իսկ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հայտարարում է, որ Արցախ չմեկնելու կառավարության որոշումը քաղաքական է։ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո Փաշինյանն Արցախ չի այցելել։

«Քաղաքական որոշում է կայացվել, ինչ-որ ուրիշ բաներ մի փնտրեք, ես կարծում եմ՝ որևէ խնդիր չկա», - ասաց Խաչատուրյանը:

Կառավարության անդամը չի մանրամասնել՝ ինչն է քաղաքական որոշման դրդապատճառը, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկն Արցախի անկախության առիթով այնտեղ չէ։ Հայաստանի իշխանությունը Արցախ պատվիրակություն է ուղարկել Ազգային ժողովից՝ պատգամավորների խումբ խորհրդարանի փոխխոսնակի գլխավորությամբ։

Խորհրդարանական պատվիրակությունում են նաև ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ։ «Պատիվ ունեմ» խմբակցությունում կարծում են, որ Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մեկնել Ադրբեջանի պարտադրանքով: Պատգամավոր Հայկ Մամիջանյանը կասկածներ ունի, որ Փաշինյանին սահմանափակումների ցանկ է պարտադրվել։

«Ես և մեր մյուս քաղաքացիները իրավունք ունենք կասկածելու, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի առաջ դրված է եղել գործողությունների ցանկ, որոնք ինքը իրավունք չունի անել՝ այցելել Արցախ, իսկ ես հիշեցնում եմ, որ պատերազմից հետո Նիկոլ Վովաևիչը չի այցելել Արցախ», - ասաց Մամիջանյանը:

Հայաստանի իշխանություններն անգամ չեն խոսում Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական տարածքների մասին, շեշտում է ընդդիմադիր պատգամավորը։ «Այդ ցանկի մեջ՝ ինչի իրավունք չունի անել Փաշինյանը, հավանաբար, գրված է, որ դու իրավունք չունես պատասխանելու Ալիևի հոխորտանքներին և երկրի համար վիրավորական արտահայտություններին: Կարծում եմ, որ այդտեղ գրված է, այլապես ոչ մի տեղ չի բացատրվում, որ քո ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խոսել դեօկուպացիայի մասին: Ես ուզում եմ հիշեցնել, որ երբ մեր հողը, մեր հայրենիքը մենք ազատագրել էինք, Ադրբեջանի բոլոր մակարդակների պաշտոնյաները՝ թաղապետից մինչև նախագահ, երբ բերանը բացում էին, խոսում էին դեօկուպացիայից», - ընդգծեց Մամիջանյանը:

Ընդդիմության մեկնաբանություններին իշխանությունից չեն արձագանքում։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, որ գլխավորել է Արցախ մեկնած պատգամավորների պատվիրակությունը, Մամիջանյանի մեկնաբանություններն անլուրջ որակեց։ Ռուբինյանը չպատասխանեց հարցին, թե ինչո՞ւ երկրի ղեկավարությունը, խախտելով ավանդույթը, չի մեկնել Արցախ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարվել է միայն Արցախի անկախության 30-ամյակի առթիվ ուղերձ հղելով։ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով», - նշված է ուղերձում։

«Այդ իսկ պատճառով միջազգային բոլոր հարթակներում մենք այսօր պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ։ Դա են փաստում նաև համանախագահ պետությունների հայտարարությունները։ Հակամարտությունն սպասում է իր համապարփակ կարգավորմանը՝ խաղաղ գործընթացի միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված և պաշտպանվող հանրահայտ սկզբունքների հիման վրա», - նշված է Փաշինյանի ուղերձում։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր ուղերձում նշել է. «Այս նշանակալի իրադարձության 30-ամյակը դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում: Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք»։

Ուղերձներ են հղել նաև Հայաստանի նախկին ղեկավարներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Սարգսյանը Փաշինյանին մեղադրել է 44-օրյա պատերազմի ու պարտության համար։ Ըստ նրա՝ Արցախյան պատերազմում պարտությունը Փաշինյանի ապաշնորհ կառավարման պատճառով էր։

«Կհաղթեինք, եթե մինչ 44-օրյա պատերազմը չվարկաբեկեին մեր բանակը, կադրային ջարդ չիրականացնեին Զինված ուժերում, փորձառու հրամանատարներին չփոխարինեին հարմարվողականներով, ապաշնորհ ձևով չկառավարեին պատերազմը, հայ ժողովրդին պատերազմի ամբողջ ընթացքում հաղթանակի սուտ խոստումներ չտային, իսկ հետո չկոտրեին ոգին ու թշնամուն չհանձնեին մեր հայրենիքի մի մասը, չզոհեին հազարավոր մեր զավակներին, անտերության չմատնեին գերեվարված հարյուրավոր մեր հայրենակիցներին», - նշված է Սերժ Սարգսյանի ուղերձում:

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև, նշել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG