Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ունենալով մեծ առավելություն, չկարողացավ հաղթել Լիխտենշտեյնի ընտրանուն։
Հայաստանի 28 հարվածներից արդյունավետ էր միայն թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի իրացրած 11 մետրանոցը։ Աշխարհի առաջնության որակավորման փուլի ենթախմբի հետնապահ Լիխտենշտեյնը, որը հինգ խաղերում և ոչ մի միավոր չէր վաստակել, գոլի վերածեց երեք հարվածներից մեկը՝ 1։1։
Սեպտեմբերյան երեք հանդիպումների արդյունքում Հայաստանի հավաքականը երկու միավոր է վաստակում, չնայած Լիխտենշտեյնի հետ խաղի՝ ակնհայտ ֆավորիտ էր համարվում։
«Այսպիսի է ֆուտբոլը, երբեմն՝ անարդար», - հետխաղային ասուլիսի ընթացքում նշեց հավաքականի գլխավոր մարզիչ իսպանացի Խուակին Կապառոսը․ - «Ինչո՞ւ չհաղթեցինք, պարզապես գոլ է պետք խփել, չկարողացանք ավելի շատ գոլ խփել։ Նրանք մեկ անգամ գրոհեցին ու գոլ խփեցին»։
Մարզչի խոսքով՝ մարզական բախտն էլ խանգարեց իր սաներին․ - «Մենք փորձում էինք երկու եզրերով էլ գրոհել և փոխանցումներ կատարել, սակայն դրանք էֆեկտիվ չէին»։
Լիխտենշտեյնի հետ խաղում հավաքականը ընդամենը մեկ միավոր վաստակեց։ Ըստ Կապառոսի՝ որակավորման փուլի յուրաքանչյուր հաջորդ հանդիպում եզրափակիչ է դառնում։
«Միանգամայն համաձայն եմ, որ յուրաքանչյուր հաջորդ խաղ մեզ համար եզրափակչի է վերածվելու, բայց վստահ եմ՝ կարող ենք պայքարել և լավ հանդես գալ», - ասաց հավաքականի մարզիչը։
Հայաստանի հավաքականը 2022-ին կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում հաջորդ ամիս դրսում կխաղա Իսլանդիայի և Ռումինիայի ընտրանիների հետ, նոյեմբերին էլ տանը կընդունի Հյուսիսային Մակեդոնիային ու Գերմանիային։