10 օր ուսումնասիրելով ՀՔԾ-ն եզրահանգել էր՝ օգոստոսի 25-ին ծեծել են միայն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Համացանցում տարածված իշխանական պատգամավորների մասնակցությամբ ծեծկռտուքի մյուս տեսանյութերում իրավապահները հանցագործության հատկանիշներ չէին գտել ու մերժել էին քրեական գործի հարուցումը։
Իսկ ծեծկռուքի օրը իշխանական պատգամավորներից հարվածներ էին ստացել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, պատգամավորներ Վահե Հակոբյանը, Արթուր Ղազինյանը, Աղվան Վարդանյանը: Գեղամ Նազարյանն էլ աչքի վնասվածքով հիվանդանոց էր դիմել։
Հայաստան դաշինքում նայել են օգոստոսի 25-ի կադրերը, եզրահանգել՝ տեղի ունեցածը ուղղորդված, հստակ դերաբաժանմամբ կազմակերպված հանցագործություն էր՝ ոչ թե իրենց առանձին պատգամավորների, այլ՝ հասարակական կարգի դեմ ուղղված, նպատակն էլ՝ անպատժելիության մթնոլորտ տարածելը։ Իշխանության ներկայացուցիչների ու ՊՊԾ գործողություններում ՀՔԾ-ը չի տեսել հանցագործության այդ հատկանիշները՝ քաղաքական պատվերի շրջանակներում, հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
«Երբ որ դու տեսնում ես ամբողջ տեսագրությունը, ու նաև Նիկոլ Փաշինյանի ինքնագոհ կեցվածքը, Ալեն Սիմոնյանի պահվածքը, անվտանգության ուժերի դանդաղ, հրահանգավորված գործողություններին մասնակցելը, առանձին դերաբաշխմամբ պատգամավորների գործողությունները, հաշվետվությունները, որ իրենք տալիս էին գլխով, էս ամենը խոսում է հստակ առերևույթ հանցագործության մասին։ Էդ տեսագրությունները եթե մենք բոլորս ենք տեսել, ինչպե՞ս կարող է պրոֆեսիոնալ քննիչը, եթե քաղաքական պատվեր չի, սա տեսնելով՝ առնվազն գոնե ողջամիտ կասկած չունենա», - նշեց Մինասյանը։
«Տեսնենք որոշման մեջ ինչ են գրել։ Ամենայն հավանականությամբ կվիճարկենք այն Գլխավոր դատախազին», - «Ազատությանն» ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
ՀՔԾ-ի որոշումը չի բավարարել նաև Իոաննիսյանին։ Նրա խոսքով՝ իրենք ոչ միայն բռնություն գործադրած իշխանական պատգամավորների ցանկն են ուղարկել դատախազություն ու ՀՔԾ, այլև կցել են նկարագրական մաս՝ իրավապահներին նվազագույն հնարավորություն թողնելով պատճառաբանելու, որ այս կամ այն դրվագում չեն նկատել հարվածողներին։ Ինքը Իոաննիսյանը հաշվել էր ու իր ֆեյսբուքյան էջում հրապարակել, թե որ իշխանական պատգամավորը որ ընդդիմադրին այդ օրը քանի հարված է հասցրել։ «Քաղաքացիական պայմանագրի» 9 ներկայացոււցիչների շարքում, ըստ այդ հրապարակման, առաջատարը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Բաբայանն է, որը վայրկյանների ընթացքում թե' ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին է հասցրել հարվածել, թե' Վահե Հակոբյանին։
Իրավապահներից նաև պահանջելու էին պարզել՝, թե ինչու են անվտանգության աշխատակիցները Սեյրան Օհանյանի շիշ նետելուց 7 վարկյան հետո մտել դահլիճ, իսկ Վահե Հակոբյանին հասցրած հարվածից մոտ մեկ րոպե անց։ Հենց այդ դեպքից հետո դահլիճի տարբեր հատվածներում ծեծուջարդ սկսվեց։
«Ցանկացած ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ մի շարք պատգամավորների գործողություններում ակնհայտ հանցակազմ կա, անկհայտ Քրեական օրենսգրքով արգելված արարքներ են տեղի ունենում ամբողջ հանրապետության աչքի առջև։ Եվ եթե այստեղ քրեական հետապնդում չիրականացվի, ապա հանրության համար դա կլինի ուղերձ, որ կարելի է քաղաքական հարցերը լուծել ուժով և մնալ անպատիժ», - նշեց Իոաննիսյանը։
Նա չի բացառում, որ իրավապահների վրա կա քաղաքական ազդեցություն. - «Ես չեմ կարող բացառել, որ քրեական հետապնդման մեծ հաշվով չիրականացումը, միայն Գեղամ Մանուկյանի մասով իրականացումը, պայմանավորված է քաղաքական ազդեցությամբ իրավապահ մարմինների վրա։ Հակառակ պարագայում մենք չենք կարող այդքան վատ կարծիքի լինել իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմի մասին։ Նաև եթե սա զուգորդենք Պետական պահպանության ծառայության գործողությունների հետ հենց այդ օրը, որոնք մեղմ ասած՝ անվանենք տարօրինակ, ցույց է տալիս, որ գոնե էդ պահին դահլիճում իրավապահները կատարում էին քաղաքական պատվեր, կամ իրականացնում էին քաղաքական ցանկությունները իշխող թիմի»։
«Քաղաքաղիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը անհիմն է համարում կազմակերպված լինելու պնդումները։ Հովհաննիսյանը, որը, ըստ տեսանյութերի, ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին հարվածողների թվում էր, ՀՔԾ-ի որոշումը իրավաչափ է համարում։ Նա կարծում է, որ քննիչները ամբողջական պատկերի հիման վրա է որոշում կայացրել։
Ընդդիմադիրները ֆիզիկական հարձակումից են բողոքում, ասում է Արթուր Հովհաննիսյանը, բայց իրենք են հրահրել այդ իրավիճակը ամիսներ շարունակ։ Իսկ կուլմինացիան, ըստ իշխանական պատգամավորի, Սեյրան Օհանյանի շիշ նետելն էր։ Բայց, ինչպես ասաց, չեն բողոքարկի, որ ընդդիմադիրների դեմ քրգործ չկա. - «Միգուցե հնարավոր էր նաև ընդդիմության ներկայացուցիչների մի քանիսի նկատմամբ քրեական գործ հարուցել։ Եթե կգնա բողոքարկման, թող գնա բողոքարկման, համապատասխան ատյաններն իրենց գնահատականները կտան։ Իմ քաղաքական գնահատականը շարունակում է մնալ այն, որ ընդդիմությունը էս իրավիճակը սադրել ա տևական ժամանակ, որի կուլմինացիան եղավ հենց Ազգային ժողովի ամբիոնում»։
ՀՔԾ-ից «Ազատությանը» փոխանցեցին՝ կա միայն ծեծի հատկանիշերով հարուցված քրգործ, չկա տուժող, ինչպես նաեւ՝ մեղադրյալ-կասկածյալ։ Տեսագրություններից մեկում երևում է, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն է հարվածում Գեղամ Մանուկյանին։