Մատչելիության հղումներ

Խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքում քրեական գործ է հարուցվել միայն մեկ դրվագով


Ազգային ժողովում մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առիթով Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծելու դրվագով։

«Oգոստոսի 25-ին տեղի ունեցած մնացած դեպքերի մասով որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը», - հայտնում են նախաքննական մարմնից։

«Մեր խմբակցության այն պատգամավորները, որոնք հրավիրված են եղել ՀՔԾ հստակ խոսել են կազմակերպված խմբակային խուլիգանության մասին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանի խոսքով, ո՛չ ինքը, ո՛չ էլ գործընկերները ցուցմունք չեն տվել առանձին դրվագի մասին, այլ խոսել են իշխող ուժի կողմից կազմակերպված խմբակային խուլիգանության մասին։ Այն, որ միայն իրեն առնչվող դրվագով է քրգործ հարուցվել ու ոչ ընդհանուր իրենց մատնանշած հանցանքի, հերթական անգամ ցույց է տալիս, որ Հատուկ քննչական ծառայությունը քաղաքական պատվեր է կատարում. - «Սա կազմակերպված էր։ Բայց Հատուկ քննչական ծառայությունը, դեռ անհասկանալի է ինչպես, փորձեց թևերը փռի առանձին պատգամավորների վրա, և մեկ դրվագով։ Այնինչ ես ցուցմունք եմ տվել, որ չեմ էլ հիշում էդ մթնոլորտում եղել է հարված, չի եղել, ով է եղել»։

Լրատվամիջոցների տարածած տեսագրություններից մեկում երևում է, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն է հարվածում Մանուկյանին։

«Ինչի՞ հիման վրա են հարուցել։ Եթե տեսագրության, այնտեղ այնքան տեսագրություններ կային, ինչի՞ մյուս տեսագրությունների հիման վրա քրեական գործեր չեն հարուցել, մնում է անհասկանալի և թերևս արդեն քննիչի պաշտոնական որոշումից հետո ավելի պարզ կլինի», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Իսկ ծեծկռուքի օրը իշխանական պատգամավորներից հարվածներ էին ստացել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, պատգամավորներ Վահե Հակոբյանը, Արթուր Ղազինյանը։ Գեղամ Նազարյանն էլ հայտարարել էր, որ հարվածից իր աչքն է վնասվել։

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հեգնում է՝ խորհրդարանում տեղի ունեցած կազմակերպված խմբակային խուլիգանություն էր, բայց հենց «Հայաստան» խմբակցության կողմից. - «Անչափ հետաքրքրական է, որ այդ հայտարարությունը անում է անձամբ Գեղամ Մանուկյանը, ով իր դաշինքի շշանետողների կազմում հասցրել է շիշ նետել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կին պատգամավոր Մարիամ Պողոսյանի վրա։ Էստեղ խոսում են կազմակերպված խուլիգանության մասին։ Այո, ես համաձայն եմ, որ դա կազմակերպված խուլիգանություն էր, և դա կազմակերպված խուլիգանություն էր «Հայաստան» դաշինքի կողմից»։

Ծեծկռտուքին անձամբ մասնակցած ու ընդդիմադիր Վահե Հակոբյանին հարվածած իշխող ուժի պատգամավորը ընդդիմադիրներին է ամբողջությամբ մեղադրում խորհրարանում տեղի ունեցածի համար, հայտարարում է, թե մեղավորն ու պատասխանատուն նրանք են։

Իշխող ուժում նաև արդարացում ունեն իրենց հարվածների համար. - «Չի կարելի սպասել, որ մի խմբակ պետք է ամիսներ շարունակ հայհոյի, ամիսներ շարունակ զրպարտի, հետո էլ արդեն գա Ազգային ժողով, փորձի արդեն ֆիզիկական բռնություն գործադրել մեր խմբակցության նկատմամբ, ու էդ ամեն ինչը մնա անպատասխան։ Էդ միջադեպը ամբողջությամբ և կատարելապես սկսվել է «Հայաստան» դաշինքի կողմից։ Սեյրան Օհանյանի նետած շշով, Գեղամ Մանուկյանի կին պատգամավորի վրա նետած շշով»։

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, գործով դեռ մեղադրյալ, տուժող կամ կասկածյալ չկա։

Իրավապաշպան Նինա Կարապետյանցն ասում է, թե նախաքննական մարմինը շարունակում է նախկին վատ ավանդույթները՝ իշխանության մեջ գտնվողները պատասխանատվության չեն ենթարկվում. - «Յուրայինները, այդ պահին իշխանության մեջ գտնվողները որևէ պատասխանատվության չեն ենթարկվում որևէ պարագայում։ Եվ պատահական չէր, որ լրագրողների մուտքը և լրագրողների աշխատանքը խոչընդոտվեց, և լրագրողներին ամենաթեժ պահերին ուժով հեռացնում են իրենց համար նախատեսված օթյակից։ Պատահական չէ, որ սահմանափակեցին լրագրողների մուտքը, նաև ինչ-որ արգելափակման գոտիներ ստեղծեցին։ Եվ պատահական չէ, որ արգելափակեցին և դադարեցնում են նաև ուղիղ հեռարձակումը»։

Իրավապաշտպանը կարծում է, որ Հատուկ քննչական ծառայությունը չպետք է միայն մեկ պատգամավորի դրվագով քրեական գործ հարուցեր. - «Տևական ժամանակ մարդկանց ուղղակի դուրս էին հանում, այսինքն՝ էդ ամբողջ ընթացքում եղել ա քաշքշոց։ Որովհետև ուղղակի հանգիստ զրուցող մարդկանց գրկած անվտանգության աշխատակիցները չեն հանում։ Դա նշանակում է, որ տևական ժամանակ է եղել այդ գործընթացը, իրենց արտաքին տեսքից, հագուստի վիճակից հասկանալի էր, որ դա ուղղակի բարեկամական զրույց չի եղել, դա ակնհայտորեն եղել են ինչ-որ բռնության գործողություններ։ Հետևաբար ակնհայտ է, որ էստեղ պետք է լիներ շատ ավելի ծանր հոդված մի խումբ անձանց վերաբերյալ՝ թե' մի կողմից, թե' մյուս կողմից»։

Իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» պնդում են, թե ընդդիմադիր պատգամավորներն են իրենց խմբակցության պատգամավորներին հարվածներ հասցրել, բայց իրենք ցուցմունք չեն տվել։

«Հայաստան» դաշիքնից Գեղամ Մանուկյանը, արձագանքելով իշխանական պատգամավորներին, հերքում է, թե իրենք հարվածներ են հասցրել։

XS
SM
MD
LG