Երևանը տրամադրված է Ադրբեջանի հետ սկսել խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներում. վարչապետ Փաշինյան

Armenia -- PM Pashinian addresses Government Session. 08 Sept., 2021

«Հայկական կողմը Թուրքիայի նախագահի հայտարարություններում տեսնում է Հայաստան - Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին ու ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն», - այսօր կառավարության նիստի հենց սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պաշտոնական Երևանը պատրաստ է նման խոսակցության. - «Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանն արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը։ Եվրամիությունը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով»։

Վարչապետը վերջին շրջանում կառավարության արդեն երկրորդ նիստին է արձագանքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Այսօր, ըստ էության, Հայաստանի ղեկավարն արձագանքեց վերջերս Էրդողանի արած այն հայտարաությանը, թե Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։

Մինչ այս էլ Փաշինյանը Էրդողանի՝ Հայաստան - Թուրքիա հարաբերություններին առնչվող ավելի վաղ արած հայտարարությունը դրական ազդակ էր համարել. - «Կրկին հարկ եմ համարում ընդգծել, որ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար։ Խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ, մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նման ջանքեր գործադրել»։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը բնական է համարում, որ պաշտոնական Երևանը պատրաստակամություն է հայտնում հարաբերությունները կարգավորել ոչ միայն Բաքվի, այլև Անկարայի հետ։ Գրիգորյանի խոսքով, կստացվի դա, թե ոչ, այլ հարց է։ Ըստ նրա, շատ բան հենց արդեն երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրների բանակցություններից է կախված. - «Ես չեմ կարող ասել, որ շատ օպտիմիստիկորեն տրամադրված եմ։ Գուցե անհրաժեշտ է էդ քայլերին գնալ, որ մի անգամ էլ աշխարհը համոզվի, որ Թուրքիան անկեղծ չի, ես դա էլ հատուկ ուզում եմ նշել։ Բայց, ցանկացած դեպքում, փորձել քննարկել, դա վատ բան չի։ Էդ էլ՝ հաշվի առնելով, որ այդ պրոցեսին դեմ չի Ռուսաստանը»։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարել էր, թե տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն հարաբերությունները կարգավորելու ջանքերը։ Մոսկվան պատրաստակամություն է հայտնել ակտիվ մասնակցել հաշտեցման գործընթացին։ Նման մի գործընթաց, որ նախաձեռնել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դեռ 2009-ին, տապալվել էր։

Ստեփան Գրիգորյանը նշում է, որ այնուամենայնիվ հայ-թուրքական հարաբերությունների վրա մեծ է Ադրբեջանի ազդեցությունը, և շատ բան նաև Բաքվի դիրքորոշումից է կախված. - «Ադրբեջանը թույլ չի տա, որ մենք տարանջատենք։ Նույնիսկ եթե Էրդողանը հակված լինի տարանջատել էդ երկու խնդիրները՝ հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հարցից ու հայ-ադրբեջանական հարաբերություններից»։

Քաղաքագետը չի բացառում՝ հնարավոր է հայ-թուրքական հարաբերությունները կարագավորելու մասով ստվերային գորընթացներ սկսվեն պաշտոնական Երևանի ու Անկարայի միջև՝ դրական առումով. - «Ադրբեջանի դեպքում ես բացառում եմ ստվերայինը, ուղղակի Ադրբեջանը իր ուզածը ասում է։ Ադրբեջանին անհրաժեշտություն չկա ինչ-որ դիվանագիտական մակարդակներով փոխանցել մեսիջներ, Արդբեջանը ինչ ուզում է, ասում է բացահայտ։ Թուրքիայի դեպքում նույն Էնդողանը ավելի նուրբ ներկայացրեց Թուրքիայի պահանջները։ Էդ դեպքում, ես կարծում եմ, պետք է ինչ-որ դիվանագիտական խմբեր ստեղծվեն համատեղ ու սկսեն քննարկումներ»։

Արդյոք նման գործընաց կա կամ կարող է մեկնարկել երկու երկների միջև, «Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարարություն։

Հայաստանի վարչապետն այսօր կառավարության նիստին շեշտեց, որ Երևանը տրամադրված է Ադրբեջանի հետ սկսել խաղաղ գործըթնացը՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներում. - «Կարևորում եմ նաև Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու օրակարգը, և մենք շարունակում ենք աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Հույս ունենք օր առաջ ավարտին հասցնել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձնելու գործընթացը»։

Չնայած Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից շարունակական ագրեսիվ հռետորաբանությանը, երեկ այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր հայտատարել, թե Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։