Կողմ էին 4 ընդդիմադիրները «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից, դեմ՝ հանձնաժողովի բոլոր 7 իշխանական անդամները։
Ընդդիմությունը քվեարկությունից կարճ ժամանակ անց, արդեն երրորդ անգամ առաջադրեց նրա թեկնածությունը։ Իշխանությունը, հիշեցնենք, միայն երրորդ փորձից ընտրեց Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահին՝ Իշխան Սաղաթելյանին, որը կրկին «Հայաստան» դաշինքից էր։
Հերթական չընտրությունից հետո Արթուր Ղազինյանը կարծիք հայտնեց, թե իրեն չընտրելը անձնավորված էր, իշխանության համար այդ պաշտոնում ինքը քաղաքական իմաստով վտանգ է ներկայացնում. - «Թող իրենք փորձեն մեզ ապացուցել, որ դա անձնավորված չի և կապ չունի քննիչ հանձնաժողովի հետագայում գործունեության հետ»։
Մինչև քվեարկությունը մասնագիտությամբ իրավաբան Ղազինյանը հայտարարում էր, որ որոշեց գալ պաշտպանության հարցերի հանձնաժողով՝ բացահայտելու պատերազմի ընթացքում, դրանից առաջ ու հետո տեղի ունեցածը։ Նրա խոսքով, մեծաթիվ մարդկանց մոտ կա կասկած, որ պետական դավաճանություն է տեղի ունեցել. - «Իմանալով նաև, որ ընդդիմությունը պատրաստվում է ստեղծել պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, հաշվի առնելով, որ հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ֆորմատով՝ իմ որոշումը միանշանակ էր՝ դառնալ մասնակից, ունենալ տեղեկատվություն և ինքս իմ մեջ, ապա նաև մեր քաղաքացիներին հաստատել կամ հերքել։ Որովհետև հասարակության մեծ մասի մոտ կա առնվազն խորը կասկած, որ տեղի է ունեցել կազմակերպված, պլանավորված պատերազմ, եղել է հայրենիքի հանձնում»։
Քննարկումը մոտ 2 ժամ տևեց՝ ոչ ամենևին առանց փոխադարձ կսմիթների։ Ներկա էին հանձնաժողովի անդամ իշխանական բոլոր պատգամավորները։ Ղազինյանին հայտարարագրած ունեցվածքի, տարբեր ժամանակներում արտահայտած նրա մտքերի, կարծիքների մասին հարցեր ունեին անգամ ոչ հանձնաժողովի անդամ իշխանականները։ Հասան նույնիսկ ֆեյսբուքյան գրառումներին։ Շիշ նետելու թեման, ինչպես նախորդ նիստում, այսօր էլ չշրջանցվեց։
Բացի 450 քառակուսի մետրանոց տնից ու 5 տարեկան «Յագուար»-ից, Ղազինյանը հայտարարագրել է նաև 30 միլիոն դրամ, 500 հազար դոլար ու 200 հազար եվրո դրամական միջոց։ Իշխանությունից կարծիք հնչեց, թե պաշտոնյա Ղազինյանը չէր կարող այդ կարողությունը կուտակել, իսկ գիտականի աշխատանքով՝ կասկածում են։
Ղազինյանը պնդում է, թե իր ունեցվածքն օրինական է։ Եթե ոչ, թող բացահայտեն ու իրեն ենթարկեն պատասխանատվության. - «Մտածում էի՝ արժե՞ր արդյոք այդ գումարը հրապարակել թե ոչ։ Ի վերջո որոշեցի անկեղծ լինել մեր քաղաքացիների հետ և հրապարակել։ Որովհետև ես գաղտնիք ըստ էության չունեմ։ Շատերը կան, որ չեն հրապարակում ամբողջ ունեցվածքը»։
Հանձնաժողովը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանը Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը թղթի վրա տպած էր եկել. - «Չեմ ամաչի, կհնչեցնեմ։ Բայց պետականության տեսակետից սա ամոթալի գրառում է։ «Իրական մարդասպանները միշտ այցելում են իրենց զոհերի գերեզմաններին»։ Եռաբլուրի մասին ա խոսքը, երբ որ երկրի գործադիր իշխանության ղեկավար վարչապետը հանգանքի տուրք ա մատուցում զոհերին։ Եթե էդպես եք մտածում, և դա ձեր մտածողությունն ա, ասեմ ձեզ, որ Ռոբերտ Քոչարյանը Հոկտեմբերի 27-ի զոհերի հուղարկավորությունից հետո, ինչքան ես հիշում եմ, Եռաբլուր չէր այցելել։ Նախընտրական շրջանում ինքը գնաց Եռաբլուր և գնաց նաև Սպարապետի գերեզմանին։ Նույն ձև՞ եք մտածում։ Սպարապետի գերեզմանի մոտ այցելողը դա ի՞նչ բարդույթներից ելնելով ա գնացել»։
Զազինյանն արձագանքեց. - «Նշել եմ կրիմինալոգիայի մի թեզ, որ ապացուցված է, որ գալիս են այցի իրենց գերեզմաններին։ Հիմա, առնվազն հոկտեմբերի 19-ից հետո, եթե ոչ դրանից առաջ, արձանագրված բոլոր մարդկային կորուստների և տարածքային կորուստների համար մեղավոր և պատասխանատու է կոնկրետ մեկ անձ։ Եվ այդ մեկ անձը, այցելելով այդ նույն գերեզմանները, որոնց ըստ էության իր մերժումով տարավ մտցրեց մսաղացի մեջ, այ դրա պարագայում արդեն իմ գնահատականը միանշանակ է՝ դա պետք է կրի քրեական պատասխանատվություն, դա ժամանակի հարց է ընդամենը»։
«Դուք հիմա ըստ էության մեկնաբանեցիք, թե ինչի եք շիշ նետում էս ուղղությամբ», - ասաց Անդրանիկ Քոչարյանը, ում Ղազինյանը հակադարձեց. - «Ես նետել եմ շիշը հետ, վերադարձրել եմ այն նույն ուղղությամբ, որտեղից որ եկել ա։ Դուք եթե պնդում եք, որ դա ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանին, նշանակում ա ինքն ա շպրտել էդ շիշը իմ ուղղությամբ»։
Ֆեյսբուքյան նախկին գրառումները ջնջել Ղազինյանն ասաց, որ չի պատրաստվում։
Օրենքով այս պաշտոնը «Հայաստան» խմբակցությանն է։ Արծվիկ Մինասյանը՝ խմբակցության քարտուղարը, «Ազատությանը» փոխանցեց, որ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում երրորդ անգամ արդեն առաջադրել են Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
Իշխանությունից Վահանգն Ալեքսանյանն էլ հայտարարեց՝ քանի դեռ Ղազինյանը չի փոխել իր տեսակետները, նրան միանշանակ չեն ընտրի հանձնաժողովի նախագահի տեղակալ. - «Կարող է առնվազն ցույց տալ, որ ինքը վերափոխվել է ինչ-որ առումով։ Ճիշտ չի համարում, օրինակ, Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը Եռաբլուր սերիական մարդասպանի զոհերի շիրիմներին այցելություն համարելը»։
Հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը տեսականորեն կարող է անընդմեջ ձգվել՝ եթե կամ ընդդիմությունը այլ թեկնածու չառաջադրի, կամ իշխանությունը ըննդիմության թեկնածուի մասին իր տեսակետը չվերանայի ու ընտրի նրա։
Իսկ թե Ղազինյանին ընտրելու երրորդ փորձը ինչպես կպսակվի, պարզ կդառնա առաջիկա 5 օրերին։