Հայաստանի ազգային հավաքականն առաջին պարտությունը կրեց ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի ընտրական մրցաշարում՝ կիրակի երեկոյան Շտուտգարտում Գերմանիայի ընտրանուց 6 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը։
Հանդիպումն անցավ աշխարհի քառակի չեմպիոնի բացահայտ առավելությամբ, որն արդեն առաջին խաղակեսում հաղթում էր 4։0 հաշվով։
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը J խմբում զիջեց առաջատարի դիրքերը՝ աղյուսակը 12 միավորով գլխավորեց Գերմանիայի թիմը, իսկ Խոակին Կապառոսի սաները հինգ հանդիպումից հետո երկրորդ հորիզոնականում են։ Երրորդ տեղում է Ռումինիայի հավաքականը, որը հինգերորդ տուրում սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ Լիխտենշտեյնի թիմի նկատմամբ, չորրորդը՝ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին, որը Ռեյկյավիկում ոչ-ոքի՝ 2։2 խաղաց Իսլանդիայի հավաքականի հետ։
Վեցերորդ տուրում սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը Երևանում ընդունում է խմբի հետնապահին՝ Լիխտենշտեյնի թիմին, իսկ հաջորդ հանդիպումը կանցկացնի մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 8-ին, երբ կհյուրընկալվի Իսլանդիայի ընտրանուն։