Հայաստանում վարակվածների թվի աճին նպաստում է «Դելտա» շտամը` ավելի արագ տարածվող ու բարդ ընթացքով. ԲԿ փոխտնօրեն

Հազար ու մի պատճառ՝ դիմակ չկրելու համար։ Կրողներ, իհարկե, կան, բայց քիչ։ Երևանի փողոցներում ավելի շատ են գրպանում, պայուսակում կամ թևին կապած դիմակ ունեցողները։

Հունիսի 1-ից Հայաստանում բաց տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվեց, բայց փակ տարածքներում պահանջը մնաց, իսկ օգոստոսի կեսերից նաև հայտարարվեց վերահսկողությունը խստացնելու մասին։ Այդուհանդերձ, այսօր մեր նկարահանման պահին չհանդիպեցինք վերահսկող մարմինների։ Սննդի անվտանգության տեսչական մարմնից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ իրենք 15 օրում մոտ 145 ստուգայց են իրականացրել, կազմվել է 10 արձանագրություն։ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ տուգանվում 100-ից 300 հազար դրամի չափով, բայց տուգանվողներ առայժմ չեն եղել։

Փակ տարածքներում ու հանրային տրանսպորտում կարանտինային ռեժիմի մասին միայն հնուց մնացած, որոշ դեպքերում նաև թարմացված գրություններն են հուշում՝ մուտքն առանց դիմակի արգելվում է։

«Մոռացել ենք վերցնել {դիմակ}, սովորաբար կրում ենք, ուղղակի էսօր վռազ էինք, մոռացանք»: «Վիրուսից բացարձակ չեմ վախենում»: «Շատ ծանոթներ են եղել, չեն հավատացել, բայց որ ընկել են, դրանից հետո ասում ա` իրոք ճիշտ ա: Աստված ոչ անի, որ ես ընկնեմ»: Հարցին, թե ինչու դիմակներ չեն կրում, հնչում են վերոնշյալ և զանազան այլ պատասխաններ:

Իսկ հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանման ֆոնին` սրընթաց աճում են կորոնավիրուսի տարածման տեմպերը։ Երեկ քովիդը 12 մարդու կյանք է խլել, երեք օր առաջ էլ մեկ օրում 19 մարդ էր մահացել։ Սա վերջին ամիսների ամենամեծ թիվն էր։ Մահվան մեծ թվերը պայմանավորված են վարակվածների մեծ թվով` ի տարբերություն նախորդ ամիսների, երբ օրական մի քանի տասնյակ դեպք էր գրանցվում: Այժմ նոր դեպքերը հարյուրավոր են։ Երեկ էլ հաստատվել է վարակման 621 նոր դեպք, առողջացել է 522 մարդ։

Վարակվածների թվի աճին նպաստում է «Դելտա» շտամը, որը ոչ միայն ավելի արագ տարածվելու հատկությամբ է տարբերվում, այլև բարդ ընթացքով, ասում է կորոնավիրուսի ծանր դեպքերի բուժմամբ զբաղվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը. «Հիվանդության ընթացքը շատ արագ է, կայծակնային, մեկ օրվա, ժամերի ընթացքում հնարավոր է, որ հիվանդությունը բավականին արագ զարգանա, և թեթև կամ միջին ծանրության հիվանդը դառնա ծայրահեղ ծանր»:

Մասնագետները խոսում են նաև հիվանդության երիտասարդացման մասին։ Վարակվածների թվի մեծացում կա նաև մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում։ Նախորդ տարվա մարտի սկզբին Հայաստան հասած վիրուսը տարածման 3 մեծ ալիք ունեցավ, ընդ որում 44-օրյա պատերազմի օրերին դրական դեպքերի օրական թիվը հասնում էր 2500-ի, մահվան դեպքերինը՝ 30-ի։

Հայաստանում վարակվածների թիվը կրկին սկսեց աճել հուլիսի կեսերից։ Կրկին վերաբացվեցին քովիդով հիվանդներին սպասարկող հիվանդանոցները։ 14 հիվանդանոցների 1600 մահճակալներից 1400-ից ավելին արդեն զբաղված է։

«Իհարկե, բոլոր դեպքերում միշտ գերակշռողը լինում են ուղեկցող հիվանդություններով, ծանր խրոնիկ հիվանդություններ ունեցողները, տարեցները, սակայն այս «Դելտա» շտամ կոչվածի ընթացքում մենք ունենք դեպքեր բացառապես, որոնք կապ չունեն խրոնիկ հիվանդությունների հետ, այսինքն` բացարձակապես խրոնիկ հիվանդություններ չունեցող անձինք այսօր տանում են բավականին ծանր ընթացքում, անգամ ունենք մահվան 2 դեպք», - ասում է Պետրոս Մանուկյանը:

Բժիշկը նաև արձանագրում է, որ հիվանդանոցում գտնվողների գերակշիռ մասը չպատվաստված քաղաքացիներն են, պատվաստված քաղաքացիների դեպքում հիվանդության ընթացքը թեթև կամ միջին ծանրության է, պատվաստված մարդու ծայրահեղ ծանր կամ մահվան ելք «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում չի գրանցվել։ Ոլորտի մասնագետները չեն դադարում հիշեցնել՝ վարակի դեմ պայքարում լավագույն ու առայժմ միակ միջոցը շարունակում է մնալ պատվաստումը։

Ամբողջ աշխարհում արդեն 5.41 միլիարդ դեղաչափ պատվաստում է արվել։ Երկրագնդի բնակչության մոտ 40 տոկոսը ստացել է առնվազն 1 դեղաչափ, ամեն օր կիրառվում է մոտ 39 մլն դեղաչափ, իսկ Հայաստանը շարունակում է մնալ հետին տեղերում պատվաստումների թվով։ Առայժմ առաջին դեղաչափը ստացել է հայաստանցիների միայն 6.7 տոկոսը։ Որևէ լուրջ ետպատվաստումային բարդություն չի գրանցվել։ Դեռ 2 օր առաջ առողջապահության նախարարը լրագրողներին ասել էր, որ պատվաստվել ցանկացողների թիվն աճում է, եթե օրինակ` մարտ ամսին հարցվածների միայն 10 տոկոսն էր հնարավոր համարում պատվաստումը, ապա վերջերս իրականացված հարցումները ցույց են տվել, որ 40 տոկոսից ավելի քաղաքացիներ պատրաստ են պատվաստվել։

Պատվաստումների թվի մեծացման համար նաև հոկտեմբերից ուժի մեջ կմտնի որոշումը, որով չպատվաստված, բայց աշխատող բոլոր քաղաքացիները ստիպված կլինեն 2 շաբաթը մեկ ՊՇՌ բացասական թեստի արդյունք ներկայացնել՝ վճարելով իրենց գրպանից։ Այս պահանջից ազատվում են միայն փաստարկված բացարձակ հակացուցում ունեցողները և հղիները։