Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 636-ով՝ հասնելով 243 հազար 386-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 19 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 433-ով և հասել 227 հազար 726-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 462 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 547 հազար 898-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 876-ի, ևս 1159 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 625 մարդ։
Նկատվում է կորոնավիրուսային հիվանդացության երիտասարդացում, ծանր դեպքերի ավելացում
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ նկատում են կորոնավիրուսային հիվանդացության երիտասարդացում, ծանր դեպքերի ավելացում։ Նախարարը սա պայմանավորեց «Դելտա» շտամով։
«Դելտա» շտամը աչքի է ընկնում ոչ միայն տարածման ուժգնությամբ, այլ նաև հիվանդացության ծանր ընթացքով։ Հիվանդությունը շատ ավելի արագ է ծանրանում։ Վերակենդանացման բաժանմունքները զբաղված են, մարդիկ մահճակալներն ավելի երկար են զբաղեցնում», - ասաց Ավանեսյանը։
Այսօր, Կառավարության նիստի ժամանակ էլ, որը վարում էր փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, նախարարը տեղեկացրեց, որ կորոնավիրուսից 28 տարեկան երիտասարդ է մահացել։
«Նախորդ շաբաթ ես հրապարակել էի, որ ունենք 20-28 տարեկան երիտասարդներ, պիտի ցավով ասեմ, որ նրանցից մեկը մահացել է։ Այս պահին ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սա իսկապես ահազանգ է, որ բոլորս հասկանանք պատկերացնենք, մեր վարքագիծն ավելի կարգապահ դարձնենք», - ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ ծավալված մոտ 1600 մահճակալներից 1400-ը զբաղված են։ Քովիդով վարակված շուրջ 650 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 126 քաղաքացի՝ ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառական ապարատներին միացված է 51 քաղաքացի։