ԱՄՆ-ն ամբողջովին դուրս բերեց զորքն Աֆղանստանից` վերջ դնելով իր պատմության մեջ ամենաերկար պատերազմին

Քենեթ ՄըքՔենզին՝ Քաբուլի Համիդ Քարզայի օդանավակայանի տարածքում, 17-ը օգոստոսի, 2021թ․

20 տարվա առաքելությունից հետո` անցած գիշեր, Ամերիկան ամբողջովին դուրս բերեց խաղաղապահ զորքն Աֆղանստանից` վերջ դնելով իր պատմության մեջ ամենաերկար պատերազմին:

Երեկ` տարհանման համար սահմանված վերջնաժամկետից բառացիորեն րոպեներ առաջ, օդ բարձրացավ ամերիկյան ռազմատրանսպորտային C-17-ը: Դրա ուղևորների թվում էին Ամերիկայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոս Ուլսոնն ու Քաբուլում ամերիկյան զորքերի հրամանատար Քրիս Դոնահյուն. գեներալ-մայորը վերջին ամերիկացի զինծառայողն էր, որ օդանավ բարձրացավ:

«Մենք ավարտեցինք առաքելությունը, որ սկսել էինք սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո` սպանելով Օսամա Բին Լադենին ու նրա համախոհներից շատերին», - Պենտագոնից հայտարարեց Ամերիկյան զինուժի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրանկ ՄըքՔենզին, միաժամանակ փաստելով` Աֆղանստանում սպասվում է բավական մութ հեռանկար:

Թալիբները մեն-մենակ են մնում թշնամական հարաբերություններով հայտնի «Իսլամական պետության» հետ, որը անցած օրերին արդեն երկու խոշոր ահաբեկչություն է իրականացրել: Դրանք հարյուրավոր աֆղանցիների կյանք են խլել:

Զինված խմբավորումը, որ մոտ մեկ ամիս է՝ վերահսկողության տակ է առել Աֆղանստանը, և հիմա բանակցություններ է վարում` իր կառավարությունը ձևավորելու համար, անհանգստության որևէ նշան ցույց չի տալիս: Ականատեսների վկայությամբ, հրաժեշտ տալով ամերիկացիներին, զինյալները Քաբուլում ի նշան ցնծության օդ են կրակել ու հրավառություն կազմակերպել: «Աֆղանստանը վերջապես վերագտավ իր անկախությունը», - պնդել է շարժման խոսնակ Զաբիբուլահ Մույահիդը` այցելելով Քաբուլի օդակայան, որը ևս երեկվանից լիովին անցել է թալիբների վերահսկողության տակ:

«Շնորհավորում եմ ձեզ և մեր ժողովրդին ազատության կապակցությամբ, հուսով եմ, որ Աֆղանստանն այլևս երբեք չի օկուպացվի և կլինի աֆղանցիների անկախ ու բարգավաճ հայրենիքը», - ասել է Զաբիբուլահ Մույահիդը:

Զինված խմբավորումը վերստին վերահաստատել է՝ որևէ մեկից վրեժխնդիր չի լինի, անցյալի ծայրահեղ մեթոդներին չի դիմելու և հարգելու է բոլորի, այդ թվում`կանանց իրավունքներն ու ազատությունները. - «Մենք լիակատար ապահովություն ենք խոստանում յուրաքանչյուրին, որևէ մեկը չպետք է որևէ մտահոգություն ունենա, ուժը օր ու գիշեր աշխատելու է միայն մեկ բանի համար՝ հանուն կայունության ու մարդկանց արժանապատիվ կյանքի»:

Հազարավոր աֆղանցիներ, սակայն, այս խոստումներին չհավատալով` լքել են հայրենիքը: Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգների ու դաշնակիցների ջանքերով երկրից տարհանվել է ավելի քան 123 հազար մարդ, և սա դեռ ամբողջը չէ: Պենտագոնը փաստում է, որ Աֆղանստանում են մնացել Միացյալ Նահանգների մոտ հարյուր քաղաքացիներ, ինչպես նաև նրանց հետ համագործակցած բազմաթիվ աֆղանցիներ, որոնց տարհանել այդպես էլ չեն հասցրել:

Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հատուկ բանաձև ընդունեց` պարտավորեցնելով թալիբներին երկրից դուրս գալու հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին: Վաշինգտոնը ևս հայտարարեց, թե հանձնառու է լինելու այս հարցում:

«Թալիբները խոստացել են անվտանգ ելքի հնարավորություն ապահովել բոլորի համար, և աշխարհը կհետևի` ինչպես է այդ խոստումն իրականություն դառնում», - երեկ ուշ երեկոյան հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահը:

Ակնկալվում է, որ այսօր` մի քանի ժամից, Ջո Բայդենը հատուկ ելույթով կդիմի ամերիկացիներին, և նոր մանրամասներ կներկայացնի հետագա քայլերի վերաբերյալ:

Մինչ այդ` այսօր, թալիբների խոսնակը վերստին հայտարարել է, թե ուզում են բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր երկրների, այդ թվում` Միացյալ Նահանգների հետ, ում դեմ մարտնչում էին ավելի քան քսան տարի:

«Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը իր ժողովրդի անունից հայտարարում է, որ ուզում է լավ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ: Եվ մենք ուզում ենք բարելավել մեր հարաբերություններն Ամերիկայի հետ ապագայում դիվանագիտական միջոցներով», - ասել է շարժման խոսնակ Զաբիբուլահ Մույահիդը:

ԱՄՆ-ը ի պատասխան հայտարարել է` առաջնորդվելու է ոչ թե խոսքերով, այլ` գործով, և թալիբների հետ իր հարաբերությունները կառուցելու է` հիմնվելով այն քայլերի վրա, որ կձեռնարկի Աֆղանստանի նոր իշխանությունը ստանձնած պարտավորությունների կատարման, մասնավորապես` մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության ուղղությամբ: Ընդ որում, Վաշինգտոնից ընդգծում են, որ այս հարցում աշխարհի հզորները, մասնավորապես, «Մեծ յոթնյակ»-ի պետությունները միասնական դիրքորոշում ունեն, և նրանց առաջիկա քայլերը համաձայնեցված են լինելու: