Իշխանությունն Էրդողանի հայտարարություններում դրական ազդակ է տեսնում, ընդդիմադիրները` անընդունելի նախապայմաններ

8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, արխիվ

Պաշտոնական Երևանից դեռ ոչ մի արձագանք Թուրքիայի նախագահի վստահեցմանը, թե Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։ Մինչ այդ իշխող ուժից են արձագանքում Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն Անկարայից հնչող հայտարարությունները դրական ազդակ է համարում։

Թուրքիայի նախագահը նշել էր՝ նորագույն պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի, և որ պետք է կառուցողական քայլեր ձեռնարկվեն կայուն խաղաղության և համակեցության համար, իսկ եթե Երևանը պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ, Անկարան կարող է սկսել աշխատանքը Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ:

«Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիները մեզ մանդատ են տվել տարածաշրջանում Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու, և այս ուղղությամբ մենք ամենափոքր իսկ հնարավոր շանսը պետք է օգտագործենք, ընդ որում հաշվի առնելով, որ սա տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության շահերի հաշվառմամբ, և պետք է հասկանանք նաև, որ խաղաղությունը ևս բխում է ՀՀ, նրա ժողովրդի շահերից, և այս հաշվառմամբ էլ առաջ ենք շարժվելու: Այնպես որ, այո, դրական ազդակը գնահատվում է որպես դրական ազդակ», - այսօր հայտարարեց պատգամավորը:

Իշխանական խմբակցությունում Թուրքիայի նախագահի հայտարարության մեջ նախապայմաններ չեն տեսել, չնայած նրան, որ Էրդողանը և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին է խոսում։

«Ես չեմ տեսել պայման բառը, նախապայման բառը կամ որևէ հղում ինչ-որ կոշտ դիրքորոշման նմանատիպ», - նշում է Կարապետյանը:

Մինչդեռ խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցություներում համոզված են՝ թուրքական կողմը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անընդունելի նախապայմաններ է առաջ քաշում։

«Էրդողանի այս վերջին հայտարարությունները պարզ մի քանի ձևակերպում են` Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիայի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետևաբար հրաժարվելով Արցախի հետագա կարգավիճակի շուրջ որևէ դիվանագիտական գործողություն ծավալելուց, հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, և կա ևս մեկ վտանգավոր դրույթ` տարածաշրջանային և ավելի լայն իմաստով ՀԱՊԿ շրջանակներում անվտանգային համակարգերի փլուզման մի սխեմա է առաջարկում Էրդողանը այդ վեցնյակ կոչված ձևակերպման մեջ», - կարծում է «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը նշում է. «Միայն առաջին հայացքից է թվում, որ Թուրքիայի ղեկավարը հանդես է գալիս դրական ազդակներով, բայց երբ տեսնում ես տողատակերը, շարունակությունը իր պատասխանի, ապա տեսնում ես, որ շատ ավելի մեղմացված ձևով ներկայացվում են այն նախապայմանները, որոնք մինչև այդ եղել են` նրա հիշատակումները տարածքային ամբողջականության շրջանակներում, բնականաբար, դա չի բխում Հայաստանի շահերից»:

Չնայած սահմանային լարվածությանն ու Ադրբեջանից հնչող սպառնալից հայտարարություններին, Ռեջեփ Էրդողանն իր խոսքում ընդգծել է, որ Ադրբեջանը ևս կողմ է խաղաղության հաստատմանը, և դրա համար էլ Բաքուն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի համար:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ոչ միայն դրական ազդակ չի տեսնում Թուրքիայի կողմից, այլև համարում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները համաձայնեցված են Անկարայի հետ. «Դեռևս 2020 թվականի օգոստոս ամսին տավուշյան հայտնի իրադարձություններից հետո Թուրքիան և Ադրբեջանը հայտարարեցին, որ իրենց մոտեցումներն ամենատարբեր հարցերում` ռազմական, քաղաքական, դիվանագիտական, նույնիսկ տեղեկատվական հարթակում, առավելագույնս ներդաշնակեցնելու են և ըստ էության, հանդես են գալու որպես մեկ կողմ, և այս պարագայում համարել, որ ադրբեջանական սադրանքները որևէ կապ չունեն Թուրքիայի հետ, բնականաբար, բացառելի է»:

Պետք է կտրուկ մերժել Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները, ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Բայց ընդդիմադիր պատգամավորն այդքան էլ վստահ չէ, որ ներկայիս իշխանությունը կգնա այդ քայլին. «Իշխանությունները պարտավոր են Հայաստանի Հանրապետության անունից, որովհետև ի վերջո տվյալ դեպքում խոսքը նաև համահայկական հարցերին է վերաբերում, շատ կտրուկ մերժել Էրդողանի առաջ քաշած պայմանները, որովհետև թևավորվել է նաև Թուրքիան, որովհետև կառավարության ծրագրից որևէ կետ չես զգում, որ Թուրքիան այն Թուրքիան է, որն անմիջական մասնակցություն ունեցավ 44-օրյա պատերազմում, և նույն Փաշինյանի կառավարության նիստում հնչեցրած խոսքերից չէիր էլ անդրադառնա, որ խոսքը վերաբերում է մի պետությանը, որը ռազմատեխնիկական, մարդուժով` վարձկաններով, ամբողջական մասնակցություն ունեցավ պատերազմին»:

Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է՝ երրորդ նախագահի օրոք էլ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը քննարկման առարկա եղել: Հիշեցնում է՝ 2009-ից մեկնարկած ու 2018-ին չեղարկված հայ-թուրքական արձանագրությունները։ Պատգամավորը շեշտում է՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած ու այսպես կոչված` «ֆուտբոլային դիվանագիտության» տապալման պատճառը հենց Թուրքիայի կողմից առաջ քաշած նախապայմաններն էին։

2009-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությամբ 2 փաստաթուղթ ընդունվեց՝ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման վերաբերյալ։

«2009 թվականի ցյուրիխյան հայտնի գործընթացի առաջին փուլում չկար, սակայն հետագայում միգուցե ադրբեջանական ճնշումներով, որևէ քաղաքական այլ նպատակահարմարությունից ելնելով` Թուրքիան հանդես եկավ նոր նախապայմաններով, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնահարցին վերաբերող թեմայով, նաև որոշակի փոփոխություններ եղան նրանց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ կապված, ինչի արդյունքում էլ գործընթացը տապալվեց», - շեշտում է Աբրահամյանը:

Անկարայի համար կարևոր նախապայմանները հիմա չկան. քաղաքագետ

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը ևս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարության մեջ որևէ նախապայման չի տեսնում Հայաստանի նկատմամբ: Քաղաքագետն ասում է՝ այն նախապայմանները, որոնք ավելի վաղ կային, Անկարայի համար կարևոր էին, հիմա չկան. «Եթե Թուրքիայի տեսակետից նայենք, երկու հիմնական խնդիրներ կային` մեկը Արցախի հարցն էր, որը Թուրքիան համարում է փակված, և նայելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը` եզրակացնում եմ, որ ՀՀ կառավարության համար ևս փակված է Արցախի հարցը: Ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Թուրքիայի համար չունի այն սպառնալիքը կամ չի ընակվում սպառնալիք այնպիսի թափով, ինչպես այն ընկալվում էր մինչև 2015 թվականը, հետևաբար սա ևս իր արդիականությունը կորցրել է: Հետևաբար, այո, Թուրքիան պատրաստ է հարաբերությունների նորմալացման և սահմանների բացման»:

Թուրքիայի նախագահը կրկին անդրադարձել է նաև ղարաբաղյան վերջին պատերազմից հետո շրջանառության մեջ դրված իր առաջարկին` տարածաշրջանում վեցակողմ հարթակ ստեղծելու վերաբերյալ` Հարավային Կովկասի երեք երկրների, ինչպես նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ: Վրաստանը հրապարակավ հրաժարվել է այս նախաձեռնությունից` Ռուսաստանի հետ ունեցած դիմակայության պատճառով: Քաղաքագետի կարծիքով՝ այս հարթակի առաջարկությամբ Թուրքիան փորձում է ամբողջ Հարավային Կովկասում սահմանափակել Արևմուտքի ներկայությունը: