Պատգամավորներից ոմանք արդեն հրավիրվել են ՀՔԾ
2 օր առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով քրեական գործ այս պահին հարուցված չէ։ Ինչպես փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից, դեռ նյութեր են նախապատրասվում։ Գլխավոր դատախազի ուղարկած տեսագրությունները, ըստ ՀՔԾ-ի, հենց դեպքի օրն էլ ստացել են։ Երբ լրացուցիչ գործողությունների կարիք չի առաջանում, քրեական գործ հարուցելու կամ դրա հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը 10-օրյա ժամկետում է կայացվում։
Ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչների փոխադարձ վիրավորանքներով, քաշքշուկով, միմյանց վրա շիշ նետելով ուղեկցված միջադեպը կարճ ժամանակ անց երկրորդ արարն ունեցավ, երբ գործի դրվեցին բռունցքներն ու ոտքերը։
Այդ ամենից անմիջապես հետո ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին մոտեցած և ոտքով առաջինը հարվածող «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանն ասաց՝ ինքը ՀՔԾ-ում երեկ մեկնաբանություններ տվել է։ Ըստ նրա` իր քայլը մի քանի պատճառ ուներ՝ դրանցից մեկն էլ այն էր, որ ինքը Հակոբյանի հայտարարության մեջ Հայաստանի ժողովրդի հասցեին վիրավորական արտահայտություն է նկատել։
«Ազատություն». - Դուք ճի՞շտ եք համարում Ձեր քայլը:
Վահագն Ալեքսանյան. - Կարող եմ միայն ասել, որ չի կարելի սպասել, որ մարդկանց ինչ-որ մի խումբ փողոցից եկած բարքերով պիտի գա այնտեղ, մեզ վրա շշեր նետի, մեզ վիրավորի, մեր ժողովրդին վիրավորի, ու դա նենց այնպես անցնի, գնա:
«Ազատություն» - Եթե գործ հարուցվի, գիտեք, նյութերի նախապատրաստության փուլ է այս պահին, Դուք տուժո՞ղ կլինեք, մեղադրյա՞լ, վկա՞, թե՞ կարծում եք` գործ էլ չի հարուցվի` հանցակազմի բացակայության պատճառով:
Վահագն Ալեքսանյան. - Ճիշտն ասած…
«Ազատություն». - Դուք արդարացնո՞ւմ եք Ձեր քայլը:
Վահագն Ալեքսանյան. - Դրան ես չէ, որ պիտի գնահատական տամ:
Ինչո՞ւ էր մոտենում ու Վահե Հակոբյանին նախ կողքից, ապա՝ մեջքից հարվածներ հասցնում «Քաղաքացիական պայմանագրից» Վահե Ղալումյանը։ Նրա կարծիքով` միջադեպի հիմքը Սեյրան Օհանյանն է դրել՝ շիշ շպրտելով։
Ի դեպ, Ղալումյանն ասաց՝ իրեն ՀՔԾ-ից չեն կանչել բացատրություններ տալու։
«Ազատություն». - Այսինքն` Դուք տալիս էիք շիշը շպրտելու պատասխանը:
Վահե Ղալումյան. - Շիշ շպրտելուց սկսվում է միջադեպ, որը բորբոքվել է, հասել ծեծկռտուքի:
«Ազատություն». - Բայց դրանից հետո եղավ ընդմիջում, ինչո՞ւ կրքերը չհանդարտվեցին:
Վահե Ղալումյան. - Չհանդարտվեց, չեմ կարող ասել` ինչու, որովհետև Սեյրան Օհանյանին հաջորդեց Վահե Հակոբյանի խոսքը:
«Ազատություն». - Հայկ Սարգսյանի խոսքը Ձեր խմբակցության ներկայացուցիչները քաղաքական խոսք են համարում: Դուք ինչո՞ւ, օրինակ, այդպես չգնահատեցիք նույն Վահե Հակոբյանի խոսքը:
Վահե Ղալումյան. - Հնարավոր չի անընդհատ, մի ամիս կոչով դիմել` եկեք, համագործակցենք, կոնստրուկտիվ դաշտ, հնարավոր չի տենց, մենք անընդհատ դա ասենք, իրենք ասեն` ուրիշ բան` դավաճանություն, հողատու: Չի լինում տենց աշխատանք:
«Ազատություն». - Պարոն Ղալումյան, Ազգային ժողովի դահլիճը բռնություն գործադրելու, հայհոյանք հնչեցնելու տե՞ղ է:
Վահե Ղալումյան. - Ես հայհոյանք բացարձակ չեմ հնչեցրել, ես բռնությանը դեմ եմ: Եղել է քաշքշուկ: Ինչ եղել է, Դուք տեսել եք, տեսախցիկները ֆիքսել են:
«Ազատություն». - Բայց ոչ մեկն այդ պահին Ձեզ կարծես չէր քաշքշում, Դուք մոտեցաք և սկսեցիք հարվածել:
Վահե Ղալումյան. - Դե եթե ծեծկռտուք է, ի՞նչ պետք է անես:
«Ազատություն». - Այսինքն` որոշեցիք միանալ ծեծկռտուքին:
Վահե Ղալումյան. - Տենց ա ստացվել:
«Ազատություն». - Նույնիսկ երբ Ձեզ չէին քաշում այդ դեպքում:
Վահե Ղալումյան. - Դե պիտի սպասեի, քաշքշեի՞ն, թե՞ պիտի սպասեի, վարչապետին շշով խփեին:
Դա կազմակերպված սադրանք էր իշխանության կողմից. Իշխան Սաղաթելյան
Տեսախցիկները ֆիքսել են նաև` ինչպես են մի խումբ իշխանական պատգամավորներ էլ՝ Նարեկ Գրիգորյանը, Հրաչյա Հակոբյանը, Նարեկ Բաբայանը, Հայկ Ցիրունյանն ու Արթուր Հովհաննիսյանը «Հայաստան» խմբակցությունից ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին հարվածում։ Մեր զրույցում Սաղաթելյանը մանրամասների չցանկացավ անդրադառնալ: Ասաց՝ քննություն է գնում, թող իրավապահները պարզեն՝ ինչ է եղել. «Դա կազմակերպված սադրանք էր իշխանության կողմից, ուներ երկու նպատակ` նախ փորձեցին ցույց տալ, որ մենք շատ ենք, ինչ ուզենք` կանենք, և երկրորդ` ժողովրդի ուշադրությունը շեղել բուն խնդիրներից` այդ խայտառակ, կապիտուլյացիոն կառավարության ծրագրից, ամենակարևորը այս պահին, այս ժամին տեղի ունեցող դեպքերը Սյունիքի: Իսկ ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, անկեղծ այսօր մեր երկրի կարևոր օրակարգը դա չի»:
Ես պնդում եմ, որ որևէ մեկին ես հարված չեմ հասցրել. Արթուր Ղազինյան
«Հետք»-ի հրապարակած կադրերում երևում է, որ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանին հարվածողներից մեկն էլ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է։ Միանգամից ասեմ՝ Թորոսյանը հրաժարվեց մեկնաբանություններից:
Արթուր Ղազինյանն ասաց՝ խառնաշփոթի մեջ չի տարանջատել՝ ով էր հարվածողը։ Պնդեց՝ հարվածները հանկարծակի են եղել, որովհետև դրանից առաջ ինքը մի խումբ ՔՊ-ականների հետ ուղղակի զրուցել է։ Կարծում է՝ տեսանյութերը լղոզված են, դեմքերը նույնականացնելու համար փորձաքննություն է անհրաժեշտ։
Նա Հատուկ քննչական ծառայությունում այսօր նաև բացատրություն է տվել, մոտավորապես նույնն է ասել. «Ես պնդում եմ, որ որևէ մեկին ես հարված չեմ հասցրել: Ես ինքս դեմ եմ առհասարակ բռնությունով հարցեր լուծելուն: Ես կողմնակից եմ քաղաքակիրթ իրավական ճանապարհով: Եթե իշխանությունը կգնա այդ ճանապարհով, հավատարիմ կմնա իր որդեգրած սկզբունքներին, մենք կհամարենք, որ միջադեպը սպառված է, մեղավորները պատժված են, եթե չէ, ապա իշխանությունը կորոշի տեղափոխել խնդիրը այլ հարթություն, որտեղ, բնականաբար, կգնան արդեն ավելի անկանխատեսելի պրոցեսներ»:
«Ազատություն». -Դուք հիմա ոչ իրավական հարթության մասին եք խոսում, բայց Դուք էլ իրավաբան եք, պարոն Ղազինյան:
Արթուր Ղազինյան. - Սա պետք է ստանա համարժեք պատասխան, որովհետև յուրաքանչյուրս ապրում ենք այս քաղաքում, հետևաբար պատվից և արժանապատվությունից թանկ որևէ բան չկա:
Փաստերի ստուգման հարթակը համեմատել է օգոստոսի 25-ին տեղի ունեցած երկու միջադեպերի տեսագրությունները. առաջին դեպքում անվտանգության աշխատակիցները իրավիճակը թեժանալու 7-րդ վայրկյանին են ներս մտնում, իրարից բաժանում ընդդիմության ու իշխանության պատգամավորներին, երկրորդ դեպքում, որից հետո դահլիճի տարբեր հատվածներում ծեծուջարդ տեղի ունեցավ, գրեթե 1 րոպե ուշացումով։
«Ոչ միայն հապաղում էին մտնել, այլև առաջին անգամ մտնելուց հետո դուրս են գալիս և ավելի ուշ են հայտնվում դահլիճում», - եզրակացրել էին փաստեր ստուգող լրագրողները։
Իսկ «Հետք»-ի տարածած տեսանյութում, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետը հետևում ծեծկռտուքին, տեսանելի են նաև Ազգային ժողովի մեկ այլ մուտքի դռան մոտ խմբված ՊՊԾ աշխատակիցներ, որոնք նայում են, բայց չեն միջամտում։ ՀՔԾ-ն այս պահին չի հստակեցնում` վարչապետին ևս հրավիրելու են բացատրություններ տալու, թե՝ ոչ։