COVID-19. Ըստ մասնագետի, համաճարակային իրավիճակն առաջիկայում ավելի կբարդանա

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում օրեցօր մեծանում է՝ նախորդ օրը կատարված 6918 թեստից դրական է եկել 683-ի՝ մոտ 10 տոկոսի պատասխանը։ Քովիդը երեկ ևս 7 մարդու կյանք է խլել, մահերի ընդհանուր թիվը հասավ 4785-ի։

Համաճարակային իրավիճակը առաջիկայում ավելի կբարդանա, գործ ունենք համավարակի չորրորդ ալիքի հետ, «Ազատության» հետ զրույցում ասաց համաճարակաբան Հասմիկ Ղազինյանը:

«Չորրորդ ալիքը աճ է ապրում, բոլորս տեսնում ենք, համոզվում ենք թե՛ ինֆեկցվածների թվով, թե՛ մահացության թվով: Ցավը նա է, որ շրջանառվում են արդեն մուտացիաները, մասնավորապես, «Դելտա» շտամը, այնպես որ գործ ունենք մի ինֆեկցիայի հետ, որը ավելորդ անգամ ապացուցում է, որ ինքը անկանխատեսելի է և ավելորդ անգամ ապացուցում է, որ պետք է դեռևս զգոնությունը չկորցնել», - ասաց համաճարակաբանը:

Հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողության խստացման մասին պատկան մարմինները հայտարարեցին շուրջ տասն օր առաջ՝ նշելով, որ հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։

Համաճարակաբան Հասմիկ Ղազինյանը, սակայն, ընդգծում է՝ վերահսկողությունը բավարար չէ. «Քաղաքացիները չեն հետևում նրա համար, որ գոյություն չունի կոնտրոլ քաղաքացիների համար, հրահանգվում է, հրահանգը պետք է լինի կոնտրոլի տակ: Մենք հասկացանք, որ այնքան էլ շատ չենք սիրում օրենքով շարժվել, կյանքը ցույց է տալիս, հետևաբար իրեն հարգող կառույցը այս կամ այն օրենքը հրահանգելուց հետ պետք է հետևողական լինի օրենքի իրականացմանը և օրենքի հետևողականությանը: Դա վերաբերում է ազգաբնակչության բոլոր խավերին»:

Հայաստանում այժմ պարտադիր է փակ տարածքներում դիմակ կրելը, անկախ այն հանգամանքից քաղաքացին պատվաստված է, թե ոչ, այս պահանջը վերաբերում է նաև հանրային տրանսպորտից օգտվողներին։ «Ազատությունն» այսօր երևանյան տրանսպորտում դիմակ չկրող բազմաթիվ քաղաքացիների հանդիպեց:

Կորոնավիրուսային իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու համար համաճարակաբան Հասմիկ Ղազինյանն այդուհանդերձ նոր սահմանափակումների գնալու անհրաժեշտություն չի տեսնում, փոխարենը կոչ է անում պատվաստվել։

«Բոլոր դեպքերում ամենամեծ միջոցառումը, որը կնպաստի ինֆեկցիայի կառավարմանը, պատվաստումն է ազգաբնակչության լայն զանգվածներում», - ասաց Ղազինյանը:

Առողջապահության նախարարությունից փոխանցեցին՝ երեկվա դրությամբ իրականացվել է 260 հազար 390 պատվաստում՝ սա կազմում է Հայաստանի բնակչության մոտ 9 տոկոսը։ Մի քանի օրից կմեկնարկի նոր ուսումնական տարին՝ դասերը կանցկացվեն առկա ձևաչափով։ Սա հաշվի առնելով՝ մասնագետները հորդորում են էլ ավելի զգոն լինել։