Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը լարվում է։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել, որտեղ նշվել է, որ մեկ շաբաթում 35 տոկոսով աճել են հիվանդացության դեպքերը։
Կառավարության ղեկավարն ասել է, որ պետք է խստացնել վերահսկողությունը հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ, մասնավորապես փակ տարածքներում դիմակների կրման պահանջը։
«Պետք է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի համաճարակային իրավիճակը մնա կառավարելի, և լոքդաունի գնալու անհրաժեշտություն չառաջանա, ինչպես որ ներկայում արվում է տարբեր երկրներում», - ասել է Փաշինյանն ու պատկան մարմիններից պահանջել մեծացնել վերահսկողությունը:
«Նախորդ շաբաթ, դրան նախորդած շաբաթվա համեմատությամբ, նոր տիպի կորոնավիրուսի նոր դեպքերի մոտավորապես 35 տոկոսի չափով աճ ենք ունեցել, և ակնհայտ է, որ աճի դինամիկա ունենք: Հիմա մեր նպատակն է՝ նախ այսօրվա ընթացիկ իրավիճակը հասկանալ և մտքեր փոխանակել, առաջարկներ լսել հետագա անելիքների վերաբերյալ, նաև քննարկել պատվաստումների հետ կապված դինամիկան և դրա վերաբերյալ մեր առաջիկա անելիքները», - նշել է նա:
Այսօրվա դրությամբ Հայաստանում 10 բժշկական կազմակերպություն է զբաղվում կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ։ Առողջապահության նախարարության տվյալներով` հոսպիտալացված 929 քաղաքացիների կեսից ավելի գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։ Ընդ որում, օր օրի թվերը մեծանում են։
Պաշտոնական տվյալներով երեկ կատարվել է 6584 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: Առողջացել է 269 հիվանդ, 11-ը մահացել են։ Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Երեկվա խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել պատվաստումային գործընթացին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ Հայաստանում պատվաստվողների թիվը ևս աճում է՝ արդեն 220 հազարից ավելի մարդ է պատվաստվել, ընդ որում՝ շուրջ 100 հազարն իրականացվել է վերջին ամսվա ընթացքում: Պատվաստանյութերը կան, առաջիկա օրերին նոր խմբաքանակ կստանան։ Նախարարը նշել է նաև, որ համապատասխան փոփոխություններ են իրականացվում, և նախատեսվում է, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ թեստավորման բացասական արդյունք:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է պետական կառավարման համակարգում պատվաստումների ընթացքին՝ նշելով, որ հուլիսի վերջի դրությամբ աշխատողների կեսն արդեն պատվաստվել է:
Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն «Ազատությանն» ասաց՝ իր 2800 աշխատողները մինչև հոկտեմբեր հավանաբար արդեն պատվաստված կլինեն։ Պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ոչ թե աշխատողներին պատվաստումների համար հասցնել պոլիկլինիկաներ, այլ սրսկումները կազմակերպել անմիջապես ֆաբրիկայի տարածքում։ 300 մարդ արդեն ստացել է «Sputnik V» և «CoronaVak» պատվաստանյութերի երկու դեղաչափը։
«Բոլորն էլ հոժարակամ ցանկություն են հայտնել, որովհետև ոչ մեկն էլ չի ուզում վարակվի, ընդ որում սկզբում մի քիչ վախ կար մեջը որոշ մարդկանց, բայց քանի որ մի 50 հոգի արեցին, հաջորդ օրը տեսան, որ ոչ մի բացասական սիմպտոմ չի առաջանում, բոլորը միաբերան ուզում էին: Հիմա մեծ ուրախությամբ, մեծ անհամբերությամբ սպասում ենք, որ շարունակեն», - նշեց նա:
Բագրատ Դարբինյանն ասաց՝ բուժաշխատողները երկու օր առաջ «Գլորիայում» դադարեցրել են պատվաստումներն ու հաղորդել, որ կվերսկսեն պատվաստանյութի նոր խմբաքանակ ունենալուց հետո։