Մատչելիության հղումներ

Ըստ ՀՎԿԱԿ վարչության պետի` լուրջ գործիքակազմ կա` թույլ չտալու կեղծել պատվաստված լինելու հավաստագիրը


ՀՎԿԱԿ վարչության պետ Ռոմելլա Աբովյանի տեղեկացմամբ` Հայաստանում 1053 անձի մոտ երկու անգամ լաբորատոր հետազոտության արդյունքում արձանագրվել է կոնորավիրուսի դրական արդյունք, այլ կերպ ասած` քովիդի կրկնավարակ: Նրա ներկայացմամբ` ՀՀ-ում շրջանառվում է «Դելտա» շտամը, այն հայտնաբերվել է վերցված 25 նմուշում: «Դելտան», ինչպես նշեց Աբովյանը, շատ արագ է տարածվում, այդ պատճառով էլ մի շարք երկրներ կրկին գնում են լոքդաունի:

ՀՎԿԱԿ վարչության պետն «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն է:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

«Բոլոր պատվաստանյութերը բոլոր շտամների դեպքում արդյունավետ են»

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր` ինչո՞ւ են պատվաստում քովիդը հաղթահարածներին:

«Բոլոր պատվաստանյութերը, որոնք առկա են ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, նպատակ ունեն կանխել ծանր դեպքերը և նվազեցնել մահերը, այսինքն` պատվաստված անձը ապահովագրված չէ, որ կարող է չվարակվել կորոնավիրուսային հիվանդությամբ: Միանշանակ հնարավոր են կրկնավարկի դեպքեր, այս վիրուսը շատ արագ մուտացվում է, ի հայտ է բերում նոր շտամներ: Բոլոր պատվաստանյութերը բոլոր շտամների դեպքում արդյունավետ են»:

Հայաստանում գրանցվել են կրկնավարակի դեպքեր

Մեկ այլ հարցին, թե Հայաստանում գրանցվե՞լ են կրկնավարակի դեպքեր, Աբովյանն արձագանքեց՝ այդ թեման շատ քիչ ուսումնասիրված է բոլոր երկրներում, բայց լուրջ աշխատանքներ են իրականացվում: «Եվ, այո, կա արդեն Առողջապահության նախարարությունում տվյալների ազգային բազա, որտեղ հավաքագրվում են բոլոր այդ դեպքերը, դրանք վերլուծվում են բազմակողմանի: Այս պահի դրությամբ ունենք 1053 դեպք, երբ անձինք ունեցել են երկու դրական արդյունք լաբորատոր հետազոտության, ընդ որում՝ մինիմալ միջակայքը եղել է 90: Օրինակ՝ ունենք դեպքեր, որ մեկ տարի անց նման 27 դեպք ունենք», - ասաց Աբովյանը՝ շարունակելով. - «Ուսումնասիրությունները, մեր հետազոտությունները ցույց են տվել, որ հիմնականում կա՛մ առաջին, կա՛մ երկրորդ նախադեպի դեպքում տարել են անախտանշան կամ թեթև, իսկ դեպքերը, որոնք ունեցել են երկու դեպքում էլ թոքաբորբ, բավականին քիչ են՝ հիմնականում դա մոտավորապես մոտ 20 անձի կարգի է, ովքեր որ ունեցել են և՛ առաջին, և՛ երկրորդ նախադեպի ժամանակ թոքաբորբ և ունեցել են ծանր ընթացք: Մնացած բոլոր դեպքերում տարբեր են եղել»:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ ամեն օր չեն ներկայացվում նմանատիպ դեպքերի մասին թվային տվյալները, մի՞թե դա չի զգոնացնի բնակչությանը, նա արձագանքեց, որ նախարարությունը պարբերաբար այդ մասին տեղեկատվություն ներկայացնում է. «Որ ավելի կբարձրացնի զգոնությունը բնակչության, մի փոքր համաձայն չեմ: Տարատեսակ և ապացուցողական բժշկության հիման վրա պաշտոնական տեղեկատվություն ներկայացվեց, բայց ոնց տեսնում ենք, բնակչության զգոնությունը այդքան էլ չի բարձրանում, նույնիսկ «Դելտա» շտամի հետ կապված»:

«Դելտա» շտամը երկու անգամ ավելի արագ վարակելիություն ունի

«Դելտա» շտամը երկու անգամ ավելի արագ վարակելիություն ունի, ասաց ՀՎԿԱԿ վարչության պետը՝ հավելելով. «Եթե նախորդ շտամի դեպքում մեկ անձ վարակում էր երեք անձի, ապա այս դեպքում` վեց անձի: Դա է պատճառը, որ «Դելտա» շտամը շատ արագ տարածվեց աշխարհում, և շատ երկրներ լոքդաունի են գնում»:

Նրա ներկայացմամբ` ՀՀ-ում շրջանառվում է այս շտամը, այն հայտնաբերվել է վերցված 25 նմուշում:

Հավաստող փաստաթղթի կեղծման համար պատասխանատվություն է նախատեսված

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերահսկվելու, որ պատվաստումը հաստատող փաստաթուղթը կոռուպցիոն սխեմայով ձեռք չբերվի, Ռոմելլա Աբովյանը հիշեցրեց, որ բավականին լուրջ գործիքակազմ կա, որը պետք է որ նվազեցնի այն կեղծելու հավանականությունը, միանշանակ նշեց, որ ռիսկ միշտ էլ կա: «Բայց հնարավորինս փորձում ենք այնպես անել, որ նմանատիպ խնդիրներ չունենանք»: Նկատեց նաև, որ դրա համար քրեական պատասխանատվություն է նախատեսված:

Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG