Ադրբեջանը կեղծ հայտարարություններով հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար. ՊԲ

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հայտարարությունը, թե իբր գիշերը 2:30-ի սահմաններում Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Պաշտպանության բանակը հայտարարում է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար:

Ամիսների համեմատական խաղաղությունից հետո Արցախում հրադադարի ռեժիմի խախտումները վերջին օրերին հաճախակի են դարձել։ Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախի արևմտյան հատվածում փորձել են հատել շփման գիծը, դրանից առաջ ադրբեջանական զինուժը Արցախի մարտական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր էր կիրառել։ Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել Շոշ-Մխիթարաշեն հատվածում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու, ինչպես նաև Շուշիի հատվածում կրակոցների մասին։

Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Բաքվի կողմից իրավիճակի ապակայունացումը ռազմական շանտաժ է ուղղված Մոսկվային. - «Բաքվի ակտիվացումը արցախյան շփման գծի ուղղությամբ և հրադադարի խախտումները նկատելիորեն պայմանավորված են Մոսկվայից դժգոհությամբ, ըստ ամենայնի այն հանգամանքով, որ, Բաքվի կարծիքով, Ռուսաստանը բավարար ջանք չի գործադրում և բավարար ճնշում չի բանեցնում Հայաստանի վրա ադրբեջանական օրակարգի հիման վրա եռակողմ գործընթացը շարունակելու համար»։

Ուշագրավ է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը։ Մասնավորապես, երեկ երեկոյան տարածած հայտարարությամբ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ օգոստոսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարվածային տիպի քվադրոքոփթերների կիրառմամբ երկու հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքին:

Հակոբ Բադալյանը կարծիքով, Ռուսաստանի այս արձագանքը որոշակի պատասխան է Բաքվին։ Մոսկվան շահագրգռված է արագ կայունություն հաստատել այս տարածաշրջանում։ Իր հերթին Ադրբեջանը դժվար թե խոշոր էսկալացիայի գնա, բայց լոկալ սադրանքներով կարող է շարունակել լարվածությունը։

«Միևնույն ժամանակ, նաև Ռուսաստանի համար բավական բարդ է, հատկապես Հայաստանում խորհրդարանի ընտրությունից հետո, Հայաստանին պարտադրել լրացուցիչ զիջումներ այն ռեգիոնալ համատեքստում, որ ձևավորվել է պատերազմի հետևանքով։ Եվ էստեղ Մոսկվան պետք է ավելի շատ Բաքվին բերի եռակողմ օրակարգ, քան Բաքվի ակնկալիքներով Երևանին ինչ-որ պահանջներ ներկայացնի»։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ հենց միջնորդները պետք է ավելի ակտիվ զսպեն Ադրբեջանի ագրեսիվ և մաքսիմալիստական նկրտումները. - «Հիմա պրոբլեմը միջազգային հանրությանն ա, և առաջին հերթին Ռուսաստանինն ա։ Այդքան իրանց առավելություն տվեցին շատ ու շատ հարցերում, այդ թվում Շուշին, Հադրութը իրանց տվեցին, հիմա իրանք պետք է արձագանքեն։ Ու պետք է ասեմ, որ առաջին տարրերը ես տեսնում եմ։ Օրինակ, էսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն արեց, որ հենց Ադրբեջանը խախտում արեց ինչ-որ ուղղությամբ Լեռնային Ղարաբաղում»։

Ստեփան Գրիգորյան

Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղոդրագրության մեջ օգտագործվում է «Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումներ» արտահայտությունը։ Դա կարևոր շեշտադրում է Բաքվից անդադար հնչող հայտարարությունների ֆոնին, թե հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից. - «Դա նշանակում ա, որ Ռուսաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի իրավունքը պաշտպանվելու»։

Ուշագրավ է, որ Արբեջանի արտգոծնախարարությունը իր վերջին հայտարարության մեջ Հայաստանին մեղադրել էր եռակողմ համաձայնությունները չկատաելու, մասնավորապես՝ Արցախից հայկական զինուժը դուրս չբերելու համար։ Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել էր՝ հայտարարելով, որ Ադրբեջանը խեղաթյուրում է համաձայնությունների բովանդակությունը, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հայկական զորամիավորումների դուրսբերումը նախատեսված է միայն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից։ Հայկական կողմն ամբողջովին կատարել է հայտարարության այս կետերը, մինչդեռ Ադրբեջանը սրան արձագանքել է այդ նույն տարածքներից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և այնտեղ ապօրինի տեղակայմամբ։

Ստեփան Գրիգորյանը կարծիքով, Ադրբեջանն իր մաքսիմալիստական մոտեցումն է առաջ տանում, որին պետք է հակազդել. - «Նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ էդ զորքի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա։ Մինչև էդ էլ ոչ ոք կասկածի տակ չէր դնում, որ Լեռնային Ղարաբաղի հայերը իրավունք ունեն ինքնապաշտպանվել։ Բայց տեսաք, հիմա մաքսիմալիստական պահանջներ են դնում ադրբեջանցիք՝ ինչ-որ զորքեր դուրս բերեք... դե պարզ ա, ոնց ենք ուզում Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել՝ քշել հայերին ու վերջ։ Կամ կոտորել ուղղակիորեն։ Էս իրանք մոտեցմանը միջազգային հանրությունը պետք է արձագանքի։ Բայց միջազգային հանրությունը կարձագանքի, երբ որ քո դիվանագիտությունը սկսի աշխատել»։

Հակոբ Բադալյանը կարծում է, որ համանախագահների մոտ առավել լեգիտիմ է հայկական կողմի դիրքորոշումը. - «Որովհետև եթե չկա հակամարտության կարգավորվածություն, եթե չկա կարգավիճակի հստակեցում, չի կարող լինել Արցախում անվտանգային մեխանիզմների վերանայում, որովհետև շարունակում է հրատապ լինել Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրը։ Եվ խաղաղապահներից բացի, բնականաբար, պետք է լինեն տեղի ուժերը»։