Մատչելիության հղումներ

«Ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում»․ Պաշտպանը Գեղարքունիքից և Սյունիքից ահազանգեր է ստանում


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերից պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում։

Ընդ որում, ըստ Թաթոյանի, այս դեպքում կրակոցները հատուկ լուսարձակող են ու արվում են այնպես, որ տեսանելի լինի քաղաքացիական բնակչության համար`ահաբեկելու նպատակով: Այդ դեպքերում գիշերը հաճախ միացնում են բնակիչներին անհանգստություն պատճառող բարձր երաժշտություն, գոռգոռում, այսինքն` կատարում են խուլիգանական արարքներ:

Պաշտպանը հայտնում է, որ նման ահազանգեր ստանում է 2020-ի դեկտեմբերից սկսած:

«Խոսքը այն գյուղերի մասին է, որոնց անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերը միջազգային իրավունքի պահանջների կոպիտ խախտումներով տեղակայվել են պատերազմից հետո ու հատկապես 2021-ի մայիսի 12-13-ի ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժումներից հետո: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նշված ահազանգերի ուսումնասիրությունները վկայում են, որ ադրբեջանական կրակոցները դադարում են ՀՀ զինված ուժերի բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ գործողություններից հետո», - ասված է Թաթոյանի հաղորդագրությունում։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։

XS
SM
MD
LG