«Ոչ պատերազմի մեջ ենք, ոչ էլ խաղաղության, մարդիկ չգիտեն՝ ինչ կյանք է սա». Երասխի բնակիչ

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ վերջին օրերին կրկին անհանգիստ էր. Ըստ Պաշտպանության նախարարության՝ երեկ երեկոյան ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ, ինչի հետևանքով խոտածածկ տարածք է հրդեհվել։

Ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության՝ հայկական կողմից տուժածներ չեն եղել։ Պաշտոնական Բաքուն էլ իր հերթին հայկական ուժերին է մեղադրում այդ հատվածում կրակ արձակելու մեջ։ Արարատի մարզի սահմանամերձ Երասխ գյուղում թեև բնակիչները հիմնականում հրաժարվում էին պատասխանել մեր հարցերին, բայց տեսախցիկի հետևում անկեղծանում էին՝ լարված են ու անհանգիստ։

«Վախենում ենք, կրակոցների ձայներից երեխաները լեղաճաք են լինում», - ասում էին կանայք։

Տեսախցիկներում երևալ չցանկացողները պատճառաբանում էին՝ վախենում են խոսելով կվտանգեն դիրքերում գտնվող իրենց հարազատներին, ոմանք էլ լրագրողներին էին մեղադրում հարևանությամբ գտնվող բլուրներից պարբերաբար հնչող կրակոցների համար ու հորդորում լքել գյուղի տարածքը։ Գյուղացիները չեն հավատում, որ իրենց խնդիրների մասին բարձրաձայնելով որևէ բան կփոխեն։

Երասխում մեզ հանդիպած միակ բնակիչը, որը պատրաստակամ էր խոսել գյուղում միայնակ շրջող Հենրիկ Զեյնալյանն էր: Վիճակը լավ չէ, վախենում են մարդիկ, ասաց տղամարդը:

«Ընդհանուր վիճակը լավ չի, կրակոցները մի քիչ առաջ էլ կային, դե մենք հասակով մարդիկ ենք, երեխաներն են մի քիչ անհանգստանում», - նշեց Զեյնալյանը:

«Երբ կավարտվի այս ամենը, մարդ չի հասկանում», - հուսահատ ասաց Զեյնալյանը ու պնդեց՝ վերջին շրջանում կրակոցներ գրեթե ամեն օր են լսում, տղամարդու խոսքով որոշ բնակիչներ վախենում են իրենց գյուղատնտեսական աշխատանքները իրականացնել:

«Խոտհարկները ընդեղ ա, որը կարողանում ա քաղի բերի, որը չի կարողանում, որը վախենում ա, չի գնում», - ասաց նա:

«Ոչ պատերազմի մեջ ենք, ոչ էլ խաղաղության, մարդիկ չգիտեն՝ ինչ կյանք է սա», - եզրափակեց տղամարդն ու շարունակեց իր ճանապարհը։

Շաբաթներ առաջ փոխհրաձգության ընթացքում վիրավորվել էր Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը, վերջինս փոխանցեց՝ արդեն դուրս է գրվել։