Անհրաժեշտ է, որպեսզի ՀԱՊԿ-ը որոշակի վճռականություն դրսևորի իր պատասխանատվության գոտում առաջացած մարտահրավերների լուծման գործում՝ երեկ ընդունելով դաշինքի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը շատ լրջորեն պատրաստվում է կազմակերպությունում իր առաջիկա նախագահությանը։
Գեներալ-լեյտենանտ Զասի հայաստանյան երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ՀԱՊԿ-ի գործունեությունը հրապարակավ քննադատեց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, թե դաշինքում որոշումների կայացման մեխանիզմը չի համապատասխանում ներկա պահանջներին։ Ինքը՝ գլխավոր քարտուղարը երեկ հայտարարեց՝ հայ-ադրբեջանական սահմանին բախումները սպառնալիք են ոչ միայն Հայաստանի, այլև ողջ ՀԱՊԿ-ի անվտանգությանը։
«ՀԱՊԿ-ը հանդիսանում է Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկը, որը պատասխանատվության լայն գոտի ունի: Ցավոք, բավականին շատ վայրերում լարվածությունը մեծանում է: Եվ նաև այդ պատճառով մենք շատ լրջորեն պատրաստվում ենք կազմակերպությունում մեր նախագահությանը՝ կապված ոչ միայն այն մարտահրավերների հետ, որոնք ի հայտ են եկել մեզ մոտ վերջին ժամանակներում Հայաստանի Հանրապետության անվտանգության իմաստով, այլ նաև ավելի լայն իմաստով», - ասաց վարչապետը։
Նշելով, որ «ՀԱՊԿ-ն, առաջին հերթին կազմակերպություն է, որը խնդիրները լուծում է քաղաքական մեթոդներով»՝ Փաշինյանը շարունակեց. «Իհարկե, այն ռազմաքաղաքական կազմակերպություն է, բայց, առաջին հերթին, դա նաև կանոնադրությամբ և այլ նորմատիվ փաստաթղթերով է նախատեսված, անհրաժեշտ է առավելագույն ջանքեր ներդնել, որպեսզի իրավիճակները, տարաձայնությունները և մարտահրավերները, որոնք հայտնվում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, լուծել քաղաքական մեթոդներով: Եվ կարծում եմ, որ կազմակերպությունն ի հայտ եկած խնդիրները քաղաքական մեթոդներով լուծելու շատ մեծ հնարավորություններ ունի: Անհրաժեշտ է, որպեսզի կազմակերպությունը և մենք որոշակի վճռականություն դրսևորենք այդ հարցերի նկատմամբ»։
Վարչապետը հիշեցրել է, որ Ադրբեջանի զինված ուժերն արդեն մի քանի ամիս է անօրինականորեն գտնվում են Հայաստանի տարածքում:
«Իհարկե, այդ իրավիճակին ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ շատ քննարկումներ կան: Պետք է ասեմ, որ փաստացիորեն առաջին անգամ ՀԱՊԿ-ում մենք բախվում ենք կոնկրետ նման իրավիճակի հետ և պետք է շատ ուշադիր ուսումնասիրենք իրավիճակը, որպեսզի հետագայում բարձրացնենք ՀԱՊԿ մեխանիզմների արդյունավետությունը: Կարծում եմ, որ այս առումով Ձեր այցը նույնպես շատ կարևոր է: Այդ համատեքստում նույնպես շատ լրջորեն ենք վերաբերում մեր նախագահությանը և պատրաստվում ենք դրան», - նշեց Փաշինյանը։
Իր հերթին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել է թեմաների բավականին լայն շրջանակի՝ կորոնավիրուս, 44-օրյա պատերազմ, հայաստանյան ընտրություններ, իրադրությունը տաջիկա-աֆղանական սահմանին և Բելառուսի շուրջ, որից հետո միայն խոսել է կովկասյան տարածաշրջանի մասին։
«Գիտեմ, որ այժմ Ձեզ մոտ մշակվում է կառավարության գործունեության ծրագիր, չեմ փորձում խորհուրդներ տալ, բայց կարծում եմ՝ դա պետք է լինի կառավարության առաջնային, գլոբալ խնդիրներից մեկը՝ հաղթահարելու այդ ճգնաժամը՝ սահմանին անվտանգության ապահովման համար, որպեսզի հնարավորություն տանք մեր երեխաներին ապրել անվտանգության մեջ, այդ սահմանից ներս, այլ ոչ թե ռազմական բախումների սահմանագծում: Վստահ եմ, որ ունենալով նման կոփվածություն և փորձ՝ Դուք դա կլուծեք դիվանագիտական-քաղաքական ճանապարհով», - ասաց Զասը։
ՀԱՊԿ-ի անվտանգության ապահովման ներքո Կրեմլը այլևս կարող է ցանկացած քանակի զորք տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին. Մեհրաբյան
Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, Ստանիսլավ Զասի այցը Երևան վկայում է, որ դաշինքում, այսինքն՝ Ռուսաստանում փոխվել է մոտեցումը հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ։
«Ռուսաստանն այս սրացումից ստացավ այն ամենն, ինչ ցանկանում էր: Այսինքն՝ Ռուսաստանը հիմա կարող է Հայաստան-Ադրբեջան սահմանի ցանկացած հատվածում տեղադրել ցանկացած քանակի զորք՝ դա պայմանավորելով Հայաստանի կամ ՀԱՊԿ-ի անվտանգությամբ: Զասի այցը Երևան դա հենց Կրեմլի մեսիջն էր Հայաստանին, որն ուղղակի տեղ հասցրեց Զասի միջոցով», - նշեց Մեհրաբյանը: