Առուշանյանը մեղադրվում էր արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի խոսքով, գործը հսկող դատախազի ցուցումով վերացվել է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու հոդվածը։
«Դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել է քննության վերջնական արդյունքներով ապացույցների գնահատման և արարքի քրեաիրավական որակման կանոնների ապահովմանն ուղղված ցուցում։ Այդ ցուցումի կատարման արդյունքում էլ, հիմք ընդունելով քրեաիրավական ընդհանուր և հատուկ նորմերի մրցակցության դեպքում արարքը հատուկ նորմով որակելու կանոնը, ապահովվել է Գորիսի քաղաքապետ, մեղադրյալ Առուշ Առուշանյանի արարքի ճիշտ քրեաիրավական գնահատական։ Եվ դրա արդյունքում Քրեական օրենսգրքի 38, 149-րդ հոդվածի երկրորդ մասով նրան առաջադրված մեղադրանքը հանվել է նրան մեղսագրվող արարքների ընդհանուր ծավալից», - ասաց Աբրահամյանը։
Հուլիսի 16-ից կալանավորված Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով այս որոշմանը, նշեց. - «Մենք երեկ ականատես եղանք այն հանգամանքին, որ քրեական հետապնդման մարմինը փաստացի չհիմնավորված համարելով Առուշ Առուշանյանին ի սկզբանե 149-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, այդ իսկ պատճառով նոր որոշում է կայացրել մեղադրանքը փոփոխելու վերաբերյալ, և փաստացի ունենք այն իրավիճակը, որ այդ հոդվածով այլևս Առուշ Առուշանյանին մեղադրանք առաջադրված չէ»։
Այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Փաստաբանը տեղեկացրեց, որ վաղը քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդություն է պատրաստվում ներկայացնել։
«Իսկ ինչ վերաբերում է կալանքը փոփոխելու վերաբերյալ միջնորդությանը, ապա գործը դատարան ուղարկելուց հետո Սահմանադրական դատարանի որոշման ուժով 8-օրյա ուժով վարույթ իրականացնող մարմինը, տվյալ դեպքում արդեն դատարանը պարտավոր է լինելու հրավիրել դատական նիստ, և պարոն Առուշանյանի խափանման միջոցի հարցը քննարկել։ Եվ բնականաբար, տվյալ նիստի շրջանակներում կներկայացնենք կալանքը գրավով փոխարինելու համապատասխան միջնորդություն», - հավելեց փաստաբանը։
Ըստ մեղադրանքի, Առուշանյանը Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանին հորդորել է «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկողներին տալ 100-220 հազար դրամ օգնություն։
Առուշանյանը մեղադրանքը չի ընդունում։ Նրա դեմ ցուցմունք է տվել Գորիսի կազմի մեջ մտնող Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը, որը սկզբում կալանքի տակ էր, հետո դատախազի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Փաստաբանի խոսքով, Ավետյանը սկզբում արդարացնող, հետո մեղադրող ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ։
Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջած Առուշանյանն իրենց ներկայացված մեղադրանքը ապօրինի և քաղաքական է որակում։
Պատերազմից հետ Սյունիքի խոշոր բնակավայրերի մի շարք ղեկավարներ իշխանությանը քննադատում էին պատերազմում պարտության համար։ Հունիսի 20-ի ընտրություններից հետո Սյունիքի մի շարք համայնքապետեր հիմնականում ընտրախախտումների մեղադրանքներով կալանավորվեցին։
Այսօր էլ, Քննչական կոմիտեի տեղեկացմամբ, մեղադրանք է առաջադրվել Գորիսի համայնքապետարանի մի աշխատակցի։ Ըստ քննչական մարմնի, աշխատակիցը օգտագործելով Գորիս համայնքապետարանի ենթակայության ներքո գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունենալու հանգամանքը, զանգահարել և պարտադրել է համայնքային ենթակայությամբ գործող ուսումնական հաստատության տնօրենին՝ անձամբ և աշխատակիցների հետ մասնակցել Գորիսում կազմակերպվելիք «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը:
Ըստ նախաքննական մարմնի՝ ուսումնական հաստատության տնօրենը և մի քանի աշխատակիցներ համայնքային իշխանության մարմինների կողմից ոչ բարեհաճ վերաբերմունքի չարժանանալու համար, հարկադրված մասնակցել են հանրահավաքին:
Համայնքապետարանի աշխատակազմի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։