Քննչական կոմիտեն (ՔԿ) այսօր հաղորդում է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի ղեկավարի ձերբակալության մասին:
Հաղորդագրության համաձայն՝ Facebook-ում Aravot.am-ի հունիսի 10-ի` «Օրինական կաշա՞ռք, թե՞ ... Գորիսի համայնքի ղեկավարը համաձայն չէ» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերով հարուցված և Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, ըստ որոնց՝ Որոտանի գյուղապետը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը. - «Որոտանի գյուղապետը բնակիչներին առաջարկել է սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք կբավարարվեն: Արդյունքում 31 անձինք ներկայացրել են դիմումներ, որոնք Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հունիսի 9-ի որոշմամբ բավարարվել են: Պարզվել է, որ նշված դիմումատուների մեծ մասը հանդիսանում են Որոտանի գյուղապետի ընտանիքի անդամները»:
«Միևնույն ժամանակ տվյալներ են ձեռք բերվել, որ Որոտանի գյուղապետը որոշ քաղաքացիների հայտնել է, որ սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքում պետք է մասնակցել նշված ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին», - նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Նկատի ունենալով, որ փաստական տվյալները առերևույթ պարունակում են նաև Քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված (ընտրակաշառք ստանալու և տալու) հանցագործությունների հատկանիշներ, հուլիսի 8-ին տվյալ հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության ընդունվել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) վարույթ: ՀՔԾ ու ՀՀ ՔԿ քննիչների կազմից ձևավորվել է քննչական խումբ:
Այսօր խուզարկություններ են կատարվել Որոտանի գյուղապետի աշխատասենյակում և բնակարանում, որոնց ընթացքում, ըստ Քննչական կոմիտեի, բնակարանից հայտնաբերվել են զենք, զինամթերք, որոնց ձեռքբերման և պահելու օրինականությունը ստուգվում է:
Որոտանի գյուղապետը ձերբակալվել է՝ Քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: