Մատչելիության հղումներ

Երկու ամսով կալանավորվել է Քաջարանի քաղաքապետը, Փարամազյանը մեղադրանքը չի ընդունում


Գիշերը կալանավորվել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ է համարել, բայց երկու ամսով կալանքի որոշում կայացրել:

«Դատարանը ճանաչել է, որ իրավունք չունեին ձերբակալելու, որովհետև ձերբակալման նպատակն առկա չէր, այսինքն, որ Փարամազյանը կթաքնվեր քննությունից, ուստի որոշել է, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է եղել, բայց գտել է, որ խոչընդոտելու ռիսկն է առկա», - ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Քաջարանի քաղաքապետի փաստաբանը շեշտում է՝ կալանքի հիմքում այն է, որ Փարամազյանը հարգանք է վայելում ու կարող է ճնշումներ գործադրել ազատության մեջ: Սա փաստաբանը իրավական անհեթեթություն է որակում, կալանքի որոշումը բողոքարկելու են:

«Չկա գեթ մեկ ապացույց, որով կարող է հիմնավորվել, որ նա առնչություն ունի որևէ հանցագործության կատարմանը, բայց փաստորեն դատարանին դա չկանգնեցրեց», - ասաց փաստաբանը:​

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Քաջարանի քաղաքապետի տուն, աշխատասենյակ, ավտոտնակ ու մեքենա էին մտել երկու օր առաջ, խուզարկություններից հետո նա տեղափոխվել էր Երևան, ձերբակալվել: Մինչև այժմ ազգային անվտանգության ծառայությունը չի հրապարակում՝ թե ինչ քրեական գործի մասին է խոսքը։ Փաստաբանի խոսքով՝ քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, խարդախություն, ընտրակաշառք: Ասում է՝ պատմությունը 4 տարվա վաղեմության է, հողի առք ու վաճառք է եղել՝ մեկը հող է գնել, ավելի թանկ գնով վաճառել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին»: Լուսինե Սահակյանը պնդում է՝ գործարքի հետ իր պաշտպանյալը կապ չունի և ընդհանրապես հողն էժան գնելն ու թանկ վաճառելն էլ հանցանք չէ: Փարամազյանը մեղադրանքը չի ընդունում և այս ամենը համարում է քաղաքական հետապնդման շղթայի մաս:

«Ես անձամբ ձեզ խոստանում եմ, որ այդ թփթփուկ պաշտոնյաներին դուք տեսնելու եք այս ասֆալտին պառկած», - սա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում՝ Քաջարանում քարոզարշավի ժամանակ, նույն օրը Սիսիանում էր՝ եռագույն մուրճով:

«Մենք շատ-շատ տեղերից, ներառյալ այստեղից այ սրանով հանելու ենք էդ ժանգոտած մեխերին, տարբեր քաղաքապետարաններում ծվարած դուրսպրծուկներին», - հայտարարել էր Փաշինյանը:

Սյունիքի մի շարք համայնքապետեր եռակողմ հայտարարությունից հետո Փաշինյանի հրաժարականն էին պահանջում, նրանց համակիրները խոչընդոտում էին Փաշինյանի Սյունիքի այցերը: Հետո արդեն սյունյաց համայնքների ղեկավարները «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ էին՝ «Հայաստան» դաշինքի կազմում։ Այժմ Սյունիքի մի շարք համայնքապետեր մեղադրյալներ են, նվազագույնը կասկածյալներ:

Երեկ էլ ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Որոտան գյուղի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը, համայնքը Գորիսի կազմում է: Ըստ դատախազության՝ այս ընտրություններից առաջ Որոտանի վարչական ղեկավարը գյուղում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ հանդիպում է կազմակերպել և առաջարկել մարդկանց՝ դիմումներ գրել սոցիալական աջակցություն ստանալու համար, հավաստիացրել, որ դիմումները բավարարվելու են։ Այդպես էլ եղել է հունիսի սկզբին 31 որոտանցիներ տարբեր չափի գումարներ են ստացել: Ըստ դատախազության, նրանց մեծ մասը համայնքապետ Օհանջանյանի հարազատներն են: Իրավապահները տվյալներ են ստացել, որ որոշ քաղաքացիների Որոտանի գյուղապետը ասել է, որ պետք է քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին: Ձերբակալված գյուղապետի եղբայրն ասում է՝ ի՞նչ կաշառք, սոցիալական աջակցություն է եղել:

«Օգնություն են տրամադրել, ասել են՝ ով կարիք ունի, թող դիմում գրի, մեկը եկել ա՝ խոտ չունեմ, խոտի օգնություն են տվել, մեկը բժշկական, դեղերի համար է օգնություն խնդրել, տարբեր բաների համար մարդիկ դիմում են գրել, քաղաքապետարանը օգնություն է տվել», - ասաց ​Որոտանի համայնքապետի եղբայրը:

Երեկ խուզարկել են գյուղապետի աշխատասենյակն ու տունը, գտել զենք-զինամթերք: Քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ դրանց օրինակությունն ստուգվում է:
Սեյրան Օհանջանյանը շեշտում է՝ եղբայրը ողջ պատերազմում Որոտանի ջոկատն է ղեկավարել, Զանգելանի թևում էին, անօրինական զենքի մասին խոսելը համարում է անիմաստ:

Ի դեպ՝ եռակողմ հայտարարությունից հետո Որոտանի տարածքից էլ հեկտարներ հանձնվեցին Ադրբեջանին և մեկ տուն՝ հենց Սեյրան Օհանջանյանինը, որտեղ այժմ ադրբեջանական դիտակետ է:

Գորիս խոշորացված համայնքի մի գյուղի ղեկավար էլ է այժմ կալանքի տակ՝ նույնանման մեղադրանքով: Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանն էլ է մեղադրվում սոցիալական աջակցության դիմաց քարոզարշավներին մասնակցելու ու Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի օգտին քվեարկելու հարկադրանքի համար: Գորիսի քաղաքապետը այս գործով դեռ վկա է:

Այս պահին Սյունքիում առանց համայնքի ղեկավարի են մնացել Քաջարանում, Որոտանում, Քարահունջում և Մեղրիում, այստեղ էլ քաղաքապետ Մխիթար Զաքարյանը երեկ հեռացավ, ասում է՝ ինքնակամ:

«Ճամպրուկային տրամադրությամբ զգացի, որ համայնքին վնաս եմ տալիս էլի, նույնիսկ կարելի էր ավելի շուտ: Էս վերջին 15 օրը զգացինք, որ հետ են գնում համայնքային գործերը, նպատակահարմար գտանք չձգձգել էլի, թող նոր թիմը շուտ գա, համայնքը չտուժի», - ասաց ​Մխիթար Զաքարյանը:

Մեղրիի քաղաքապետը «Հայաստան» դաշինքի պատգամավորների ցանկում 17-րդ ն է։ Ասում է՝ մանդատը վերցնելու է՝ խորհրդարան գնա: Մխիթար Զաքարյանը բացառում է, որ հրաժարականի դիմում գրած լինի ճնշումների կամ քրեական գործընթացների հետևանքով, լսել է՝ որ իր հետ կապված 4 գործ կա: «Մեղրիում էլ չլինեմ, Հայաստանում եմ», - ասում է Զաքարյանը:

«Համայնքի ղեկավարից հրաժարվեցինք, հո Հայաստանի քաղաքացիությունից չե՞նք հրաժարվում, մենք այստեղ ենք, միշտ էլ պատրաստ ենք պատասխան տալու», - նշեց նա:​

Կառավարությունը եկող շաբաթ Մեղրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի:

XS
SM
MD
LG