Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց նախորդ գումարման խորհրդարանում նույն պաշտոնը զբաղեցրած Անդրանիկ Քոչարյանին:
Պատգամավորին հիմնականում հարցեր ուղղեցին արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումից հետո Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության այն հատվածը մեջբերեց, որտեղ խոսվում է մոսկովյան բանակցությունների մասին ու Քոչարյանից հետաքրքրվեց. - «Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարությունն է նման հաղորդագրություն տարածում, կարո՞ղ ենք ասել, որ ՊՆ մակարդակներով հանդիպում է նախատեսված եղել, թե՞ ավելի բարձր մակարդակով բանակցությունների մասին է գնում խոսքը։ Եվ որ ամենակարևորն է՝ ի՞նչ է դրված բանակցությունների սեղանին»։
Անդրանիկ Քոչարյանի արձագանքը. - «Մոսկվայում մեր ռազմավարական գործընկերոջ պաշտպանական գերատեսչության հետ քննարկվել են այդ սահմանային իրավիճակներում հնարավոր զարգացումները կանխելը։ Այս պահի դրությամբ ուր են հասել, և մեր Զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միջև ինչ պայմանավորվածություններ են հաստատվել, ես կդժվարանամ ասել, բայց, կարծում եմ, դա ի վնաս Հայաստանի Հանրապետության երբեք չի կարող լինել»։
Քոչարյանի պատասխանը պատգամավորի մոտ նոր հարցեր առաջացրեց. - «Ես նույնիսկ չհասկացա, դուք արդեն մեջբերում եք... բանակցություններ արդեն տեղի են ունեցել, թե դեռ պետք է տեղի ունենան։ Նույնիսկ դա ձեր խոսքից ակնհայտ չէր երևում»։
«Ռուսաստանում քննարկվում են մեր սահմանների հետ կապված խնդիրներ։ Որին մասնակցում է, բնականաբար, նաև հակառակորդ կողմից որևէ բարձրաստիճան զինվորական պաշտոնյա։ Ի՞նչ խնդիրներ են լուծվում... բնականաբար, ոչ ոք Ազգային ժողովի հետևում որևէ բանակցային գործընթաց չի կարող տանել», - ասաց Քոչարյանը։
Արդյո՞ք համարում եք, որ իշխանությունները համարժեք միջոցառումներ են իրականացրել հետպատերազմյան իրավիճակում և այս պահին հրատապություն պահանջող ի՞նչ խնդիր կա, հետաքրքրվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Քոչարյանին դուր չեկավ, որ պատգամավորը հարցը հնչեցնելիս իրեն անվանական չդիմեց. - «Պարոն Աբրահամյան, դուք անհասցե դիմեցիք։ Ես Անդրանիկ Քոչարյանն եմ, պաշտպանության հանձնաժողովի նախագահը»։
«Անկեղծ ասած, ես չգիտեի, որ դուք արդեն ընտրվել եք հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում», - զարմացավ Աբրահամյանը՝ շարունակելով. - «Ես ընդամենը խոսում եմ առաջնահերթությունների մասին, հրատապության մասին։ Ես ձեզ հարցադրում ուղղեցի տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի և դրա ռիսկերի մասին, չհասկացա, թե ինչու այդ հարցը այդ ուղով տարաք և առհասարակ որևէ պատասխան չտվեցիք»։
Անդրանիկ Քոչարյանի ընտրության հարցը խորհրդարանը կշարունակի քննել նաև վաղը։
Այսօր քննարկվեց և ամենայն հավանականությամբ վաղը կքվեարկվի պետաիրավական հարցերով մշտական հանձաժողովի նախագահի հարցը։ Իշխող ուժը այս հանձնաժողովում առաջադրեց դարձյալ նախորդ գումարման խորհրդարանում այս պաշտոնը զբաղեցրած Վլադիմիր Վարդանյանին։
Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը աշխատանքային կենսագրության մեծ մասը Սահմանադրական դատարանում աշխատած Վարդանյանից հետաքրքրվեց, թե ինչպես էր իրեն զգում, երբ իր հարազատ ՍԴ-ի նկատմամբ գրոհներ սկսեցին։
«Ձեր մասնագիտական աճի մեջ իր ներդրումն է ունեցել նաև ձեր ղեկավար Գագիկ Հարությունյանը, և ես հիշում եմ, որ դուք նրան մշտապես ուղեկցում էիք արտասահման իր այցերի ժամանակ, եթե տեսողական հիշողությունս ինձ չի դավաճանում, դուք միշտ նրա կողքին էիք», - նշեց Խամոյանը։
«Դժվար դուք տեսած լինեիք ինձ, որովհետև ես ձեզ հաստատ տեսած կլինեի, կմտաբերեի։ Բայց ձեզ երևի թե պատմել են, և պատմողներին խնդրում եմ փոխանցեք հետևյալը, որ ես պարոն Հարությունյանի հետ, այո, անցել եմ բավականին երկար ուղի։ Ընդ որում, խոսելով պարոն Հարությունյանի մասին, մի մոռացեք, որ պարոն Հարությունյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերից մեկն է», - արձագանքեց Վարդանյանը։
Թե որ խմբակցությունը որ հանձնաժողովում է նախագահելու, որոշվել էր նախորդ նիստին, երբ օրենքով սահմանված կարգով ու հերթականությամբ իշխանությունն ու ընդդիմությունը ընտրեցին ցանկալի հանձաժողովները։ 12 մշտական հանձաժողովներից ընդդիմությունը կնախագահի 3 -ում։ Դրանք են՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, որտեղ «Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Սյունքի նախկին մարզպետ, պատգամավոր Վահե Հակոբյանին, տարածքային կառավարաման և մարդու իրավունքերի մշտական հանձաժողովները։ Այս վերջին հանձնաժողովը «Հայաստան» խմբակցությունը զիջել է գործընկեր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությանը։
Այսօր լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը պնդեց, որ նախապես որևէ պայմանավորվածություն իշխանության հետ հանձնաժողովների բաշխման վերաբերյալ չի եղել. - «Ես կարող եմ ասել, որ հիմնավորումը որպես այդպիսին եղել է հենց խմբակցության որոշումը՝ իրավիճակը հաշվի առնելով, նաև հնարավորությունները հաշվի առնելով որոշակիորեն արդյունավետության, ուժերի կիրառման և այլն»։
Վարդևանյանից այդպես էլ հնարավոր չեղավ պատասխան ստանալ, թե ինչու ընդդիադիրները հնարավորություն ունեին, բայց չընտեցին առանցքային՝ արտաքին հարաբերութունների հանձնաժողովը։