Մատչելիության հղումներ

Գնալով մենք պիտի էլ ավելի անցնենք բովանդակային քննարկումների. Արշակյան


«Այսօր այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանի շուրջ մեզ շռայլություն չի տալիս ներքաղաքական կամ ապոկալիպտիկ սցենարների շուրջ անընդհատ բանավեճեր ունենալ Ազգային ժողովում՝ փոխադարձ մեղադրանքների մթնոլորտում», - այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Մենք հենց առաջին օրերից մեր մոտեցումները հանրային կերպով ներկայացրել ենք և ներկայացրել ենք, որ այսօր այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանի շուրջ մեզ շռայլություն չի տալիս ներքաղաքական կամ ապոկալիպտիկ սցենարների շուրջ անընդհատ բանավեճեր ունենալ Ազգային ժողովում՝ փոխադարձ մեղադրանքների մթնոլորտում: Այնուամենայնիվ, փոքր-ինչ մեր ընդդիմադիր գործընկերները փորձում են այն օրակարգը, որը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ունեին, բերել Ազգային ժողով, բայց ես կարծում եմ, որ գնալով մենք պիտի էլ ավելի անցնենք բովանդակային քննարկումների՝ անկախ նրանից մեր ընդդիմադիր գործընկերները դա ուզում են, թե չեն ուզում, որովհետև մենք այսօր գտնվում ենք Ազգային ժողովի մարմինների ձևավորման փուլում, որից հետո արդեն կառավարության ծրագրի հաստատումը, կառավարության կազմի հաստատմանն ենք ականատես լինում: Մենք պետք է փորձենք շարժվել առաջ և առերեսվել այն մարտահրավերներին, որոնք կան, և գնալ առաջ»:

Հարցին՝ որքանո՞վ է քաղաքականության մեջ կին-տղամարդ տարանջատումները համարում ռեալ, և կոչ արե՞լ են, որ պետք է դադարեցնել էմոցիոնալ ֆոնը, որ գնալ կառուցողական քննարկման, Արշակյանը պատասխանեց, որ այստեղ շատ կարևոր է խորհրդարանի նախագահության աշխատանքը:

«Ես կարծում եմ, որ այն սկզբունքները, որոնք որ ֆիքսված են, անկախ նրանից խոսնակը կամ ելույթ ունեցողը կին է, թե տղամարդ, իշխանական է, թե ընդդիմադիր կիրառվելու են դրանք և արդեն իսկ կիրառվում են: Մենք գնալու ենք առաջ, և մեր պետության դեմ եղած մարտահրավերները մեզ այդ շռայլությունը թույլ չեն տալիս, որ ինչ-որ նմանատիպ քաղաքական բանավեճերի մեջ մտնենք, փոխադարձ մեղադրանքների: Ինչ որ ասվում է, դրա պատասխանը տրվելու է, բայց դա չի խանգարելու, որ Ազգային ժողովն իր նորմալ աշխատանքի մեջ լինի», - ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Օգտատերերի հարցին էլ, թե ինչո՞ւ հենց իրեն ընտրեցին խորհրդարանի փոխնախագահ այն դեպքում, երբ լրագրողի հետ միջադեպով դատական գործը դեռ չի ավարտվել, Արշակյանը պատասխանեց. «Համարում եմ, որ հարցը ինձ չի ուղղված, դրա համար չեմ կարող պատասխանել, թե ինչու հենց ինձ ընտրեցին: Միայն կարող եմ ասել, որ ես շնորհակալ եմ քաղաքական թիմին նման վստահության համար, և կլինեմ այնտեղ, որտեղ որ պետությունը, քաղաքական թիմն իմ կարիքը կունենա: Միջադեպի հետ կապված՝ ես հանրությանը ներկայացրել եմ իրողությունը և իմ մոտեցումները և նաև մեր լրագրող գործընկերներին եմ ներկայացրել իմ մոտեցումները և դրան ավելացնելու ոչինչ չունեմ: Իրավական մասով ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ՝ ինչ պատասխանատվություն էլ, որ լինի, կրել այդ պատասխանատվությունը և նույնը կարող եմ կրկնել»:

«Հայաստանում չեմ հիշում նման մի ժամանակաշրջան, երբ լրագրողներն այդքան ազատ են եղել իրենց գործունեության մեջ»

Դիտարկմանը, թե երբ ընդդիմություն էին, իրենց քաղաքական ուժը շատ էր քննադատում իշխող ուժին, որ լրագրողների իրավունքները սահմանափակվում են և հիմա մեղադրանքներն իրենց է ուղղված և հարցին, թե ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ են որոշել խորհրդարանում լրագրողների աշխատանքը սահմանափակել, ինչո՞ւ են զինվել անվտանգության բոլոր տեխնիկաներով, ինչի՞ց են վախենում՝ լրագրողների՞ց, ումի՞ց, Արշակյանը պատասխանեց․ - «Այն միջոցառումներն անվտանգության, որ տեղի են ունենում, բխում են նրանից, որ Ազգային ժողովի նախագահի նկատմամբ մահափորձ է իրականացվել բոլորովին վերջերս, Հայաստանում տեղի է ունեցել հոկտեմբերի 27, և ոչ մի արտառոց բան չկա, իրականում բոլոր երկրների խորհրդարաններում նման անվտանգության միջոցառումներ կան։ Ինչ վերաբերում է լրագրողների գործունեության սահմանափակումներին, անկեղծ ասեմ, ես Հայաստանում չեմ հիշում նման մի ժամանակաշրջան, երբ լրագրողներն այդքան ազատ են եղել իրենց գործունեության մեջ։ Ես չեմ գնահատողը, կարծում եմ միջազգային թե՛ իրավապաշտպան կազմակերպությունները, թե՛ գնահատականներ տվողներն արդեն իսկ տվել են, մանավանդ հեղափոխությունից հետո։ Քավ լիցի խնդիրը նրա մասին չի, որ որևէ լրագրողի գործունեություն սահմանափակվի, ընդամենը տեղաշարժի համար այցելուների, լրագրողների, պատգամավորների, պատգամավորների հրավիրյալների»։

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ սահմանափակվում է լրագրողների տեղաշարժը, որ տարիներ շարունակ չի եղել էդպիսի բան, ԱԺ խորհրդարանի փոխխոսնակը այսպես արձագանքեց․ - «Ազգային ժողովի շենքի մեջ, որտեղ որ պահպանվող գոտի է, այնտեղ որոշակի սահմանափակումներ են դրվում, բայց լրագրողների աշխատանքին դա չի վերաբերվում։ Այսինքն՝ ցանկացած պատգամավոր կարող է հանդիպել ցանկացած լրագրողի հետ էլի Ազգային ժողովի տարածքում՝ հատուկ սրահներում, մամուլի կենտրոնում, ասուլիս տալ, խոսել, բանավիճել, հարցերին պատասխանել և սա, ես չեմ կարծում, որ որևէ կերպ անդրադառնա լրագրողների լուսաբանման իրավունքի, կամ աշխատանքի իրավունքի, կամ խոսքի ազատության վրա»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG