Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի պատվաստանյութի ընդհատում չունենանք. ՀՎԿԱԿ-ի ներկայացուցիչ

Պատվաստման շրջիկ կետ Երևանում

Քովիդ 19-ի դեմ կիրառվող չինական CoronaVac պատվաստանյութը գրեթե բոլոր պոլիկլինիկաներում սպառվել է։ Պատահականության սկզբունքուվ մի քանի պոլիկլինիկա զանգահարեցինք, պարզվեց երբեմն նաև AstraZeneca-ի խնդիր կա։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյան «Ազատությանն» ասաց՝ չինական «Սինովակ» ընկերության արտադրած CoronaVac-ը նվիրատվություն էր Չինաստանից, հիսուն հազար քաղաքացու համար։

Գրիգորյանը վստահեցրեց, որ CoronaVac-ի առաջին դեղաչափ ստացածներն երկրորդն անպայման կստանան. - «CoronaVac պատվաստանյութի հետ կապված, երկիրը ստացել է Չինաստանից հարյուր հազար դեղաչափ պատվաստանյութ, որը բաշխվել է պոլիկլինիկաներին առաջին դեղաչափի համար։ Այժմ քանակները կառավարվում են, որպեսզի այն անձինք, ովքեր ստացել են առաջին դեղաչափը, հնարավորություն ունենան ստանալու երկրորդ դեղաչափը։ Հիմնական քանակները պոլիկլինիկաներում նախատեսված են այն անձանց համար, ովքեր պետք է ստանան իրենց երկրորդ դեղաչափը»։

Տեղեկությունները, որ մարզային պոլիկլինիկաներից պատվաստանյութերը Երևան են ուղարկում, Սվետլանա Գրիգորյանը չհերքեց՝ ասելով, որ կարիքի գնահատում է կատարվում և հավասարաչափ բաշխում կազմակերպվում. - «Որտեղ արագ է սպառվում, բնակչության հաճախելիությունը, պահանջարկը բարձր է, քանակները ուղղվում են այնտեղ։ Բայց այն տեղերում, որտեղ այդքան էլ ակտիվ չի, իրենք առանց պատվաստանյութի չեն մնում»։

Երևանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով, CoronaVac-ն ու AstraZeneca-ն համալսարանական երկու պոլիկլիիկաներում գործնականորեն սպառվել են, մնացել են երկրորդ դեղաչափերը։ Ըստ նրա, խնդիր է նաև մատակարարումը. պատվաստանյութերից մեկն օգնություն էր այլ երկրից, սպառվեց, ու հաջորդ խմբաքանակի մասին տեղեկություն չկա։ Մյուսը Covax հարթակի շրջանակներում ձեռք բերված պատվաստանյութ է, ու կրկին տեղեկություն չկա մյուս խմբաքանակի ստացման մասին։

Ըստ Մելիք-Նուբարյանի, պատվաստանյութերից երկուսն արագ սպառվեցին նաև այն պատճառով, որ մարդիկ ճամփորդելու համար ընտրել էին հենց CoronaVac-ն ու AstraZeneca-ն, բայց պարզվեց, որ երկրներից շատերն պահանջում են ոչ թե պատվաստման հավաստագիր, այլ բացասական թեստի պատասխան։

Առողջապահության կազմակերպչի կարծիքով, պատվաստանյութերի ընտրության հնարավորությունը պետք է կառավարելի դարձնել. - «Մենք էլ էին մտածում, որ ընտրությունը միգուցե վատ չի։ Բայց մենք տեսանք, որ դա չար կատակ խաղաց մեզ հետ, որ այդ ընտրությունը հանգեցրեց նրան, որ մարդիկ հետաձգում են իրենց պատվաստման պրոցեսը՝ պայմանավորելով դա այս կամ այն պատվաստանյութի մատակարարման հետ, ինչը, իհարկե, ճիշտ չէ այն առումով, որ բոլոր պատվաստանյութերն էլ անվտանգ և կիրառելի են։ Միգուցե պետք է վերանայել այդ ընտրության հնարավորությունը, որովհետև գիտական հետազոտություններն էլ են դրա մասին խոսում»։

Չնայած Հայաստանում կիրառվող պատվաստանյութերից երկուսը սպառվում են, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն ասում է, որ առկա պաշարները կառավարվում են. - «Համենայն դեպս այս պահի դրությամբ առկա են երեք պատվաստանյութերն էլ, և իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի պատվաստանյութի ընդհատում երկրում չունենանք»։

Հայաստանում այս պահին Քովիդ-19- ի դեմ կիրառվող պատվաստանյութերը երեքն են՝ չինական CoronaVac-ը, բրիտանա-շվեդական AstraZeneca-ն ու ռուսական Sputnik V-ն։

Հայաստանն առաջիկայում շուրջ 72 միլիոն դոլարի պատվաստանյութեր կգնի՝ Cinopharm և ամերիկա-գերմանական Pfizer ընկերություններից։ Արդեն աշնանը Հայաստանը ձեռք կբերի նաև մեկ ներարկմամբ կիրառվող ամերիկյան Johnson & Johnson-ի 50 հազար դեղաչափ պատվաստանյութ, ևս 300 հազար դեղաչափ՝ Novavax-ի արտադրության պատվաստանյութ։

Մինչև այսօր ՀՀ-ում պատվաստվել է բնակչության 5,3 տոկոսը։ Այս առումով Հայաստանը շարունակում է տարածաշրջանում վերջին տեղում մնալ։