Մատչելիության հղումներ

Հայաստանը ձեռք կբերի «Պֆայզեր» և «Սինոֆարմ» պատվաստանյութեր


Կառավարությունն այսօր որոշեց 3,5 միլիարդ դրամ հատկացնել՝ գերմանա-ամերիկյան «Պֆայզեր» և չինական «Սինոֆարմ» պատվաստանյութերը ձեռք բերելու համար։ Հայաստանին կմատակարարվի ընդհանուր առմամբ 500 հազար դեղաչափ, որի մեծ մասը՝ 300 հազարը, «Պֆայզեր», 200 հազարը՝ «Սինոֆարմ»։

Նոր պատվաստանյութերը, ինչպես Հայաստանում առկա «ԱստրաԶենեկան», «Սպուտնիկը» և «Սինովակը», հասանելի կլինեն կամավոր սկզբունքով 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիներին, կառավարության նիստից հետո հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Տասնութ տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար հավասար կերպով կիրառելի են բոլոր պատվաստանյութերը, և նմանապես կշարունակվի մեր քաղաքականությունը։ Այսինքն՝ երբ որ կունենանք «Սիմոֆարմ» ընկերության պատվաստանյութը, այն ևս հասանելի կլինի բոլորին։ Եվ «Պֆայզերն» էլ հաջորդիվ», - ասաց նա։

Կորոնավիրուսի թվերը Հայաստանում դեռ դանդաղ, բայց կայուն աճում են. երեկ 233 նոր դեպք է գրանցվել, ավելի քան 5900 թեսթավորվածների 4 տոկոսի մոտ է հայտնաբերվել վիրուսը, 123 մարդ առողջացել է, 7-ը մահացել։ Այս պահին բուժվում է ավելի քան 4300 քաղաքացի։

Մինչ օրս 163 հազար պատվաստում է իրականացվել։ Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ, պատվաստումների գործընթացը ակտիվանում է, նոր պատվաստանյութերի մուտքը, հույս ունեն, այն ավելի կխթանի։

Առաջիկայում նաև որոշակի սահմանափակումներ կմտցվեն, քննարկվում է պետական և հանրային ծառայությունների ոլորտի չպատվաստված քաղաքացիների համար պարտադիր դարձնել պարբերական թեսթավորումը. - «Այս պահին մեր կողմից առաջարկվել է հանրային ծառայությունների ոլորտում, պետական կառավարման ոլորտում աշխատակիցների համար, ովքեր որ հենց իրենք են ռիսկի խումբ ներկայանում, նաև վարակի տարածման համար շատ թիրախային են, առաջնային այս որոշումն ենք կայացրել, որ եթե պատվաստման սերտիֆիկատ չի ներկայացնում անձը, ապա ժամանակ առ ժամանակ պիտի գոնե ներկայացնի թեստավորման բացասական պատասխան»։

Օրերս հայտնի դարձավ, որ «Պֆայզերով» սկսել է պատվաստել Վրաստանը, պատվաստանյութի կես միլիոն դեղաչափը Միացյալ Նահանգներն է նվիրաբերել, իսկ մեկ օրում այդ մեկ օրում պֆյազերով պատվասվելու համար Վրաստանի առողջապահության նախարարության էլեկտրոնային համակարգում գրանցվել է ավելի քան 160 հազար մարդ։ Եվ սա այն դեպքում, երբ մարտից ի վեր ողջ երկրում այլ պատվաստանյութերով ընդհանուր առմամբ միայն շուրջ 400 հազար մարդ էր պատվաստվել։ Վրաստանի իշխանությունները հույս ունեն, որ «Պֆայզերի» մուտքը կարող է բարելավվել իրենց ցուցանիշը։

Հայաստանում ևս պատվաստումների մակարդակն ցածր է։ Արդյո՞ք «Պֆայզերի» մուտքը Հայաստան այստեղ կարող է մեծացնել պատվաստվել ցանկացողների թիվը։ Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ դժվար է ասել։ Ամիսներ առաջ սոցիոլոգիական հարցումներ էին անցկացվել, որոնց համաձայն շատերն էին ասել, որ ռուսական «Սպուտնիկ Վի»-ով կպատվաստվեն, սակայն երբ պատվաստանյութը հասանելի դարձավ Հայաստանում, պատկերն առանձնապես չփոխվեց։ Ըստ Միջազգային հանրապետական ինստուտի հարցման, հայաստանցիների 71 տոկոսն ասել էր, որ չի ցանկանում պատվաստվել։

«Օրինակ, մենք տեսանք, որ «Սպուտնիկը» երբ բերվեց Հայաստան, այնուամենայնիվ այդ ոգևորվածությունը, հերթերը, սպառումը տեղի չունեցով», - ասաց Մելիք-Նուբարյանը։

Նրա պնդմամբ, շրջանառվող բոլոր պատվաստանյութերն անվտանգ են. - «Ցանկացած պատվաստանյութ, որը որ թույլատրվել է կիրառման ամբողջ աշխարհում, Հայաստանում, ինքը հավասար անվտանգ է և հավասար կիրառելի»։

«Պֆայզերը» շատ զգայուն է պահման և տեղափոխման պայմանների նկատմամբ, պահվում է շատ ցածր՝ միջինում -70 աստիճանի պայմաններում, տեղափոխությունն էլ պետք է զգույշ և առանց սրվակները ցնցելու կազմակերպել։ Այստեղ առողջության մասնագետը ռիսկեր է տեսնում՝ «Պֆայզերը» կարող է հասանելի չդառնալ բոլորին. - «Չպետք է ստացվի մի իրավիճակ, որ «Պֆայզերը», պայմանական եմ ասում, դառնա Կենտրոնի բնակիչների համար նախատեսված ինչ-որ մի էլիտար պատվաստանյութ։ Իսկ այն մարզերը, որոնք հեռու են, որտեղ ճանապարհի հետ խնդիրներ կան, ջերմային ռեժիմի հետ խնդիրներ կան, չկարողանան օգտվել»։

Հայաստանում պատվաստանյութ ընտրելու հնարավորություն կա։ Երբ «Սինոֆարմը» և «Պֆայզերը» Հայաստան հասնեն, ընտրությունը է'լ ավելի կմեծանա։ Համավարակի այս պայմաններում ընտրության նման լայն հնարավորությունը մի կողմից լավ է, սակայն մյուս կողմից, ըստ Դավիթ Մելիք-Նուբարյանի, դա «բերեց հակառակ էֆեկտի». - «Սկսեցին մտածել, ծանրութեթև անել, պայմանավորել իրենց պատվաստվելու հանգամանքը այս կամ այն պատվաստանյութի հասանելիությամբ։ Հետագայում զանազան պատվաստանյութերի առկայությունը շատ հնարավոր է դրան բերի։ Միգուցե ուղղակի պետք է... վիճակահանության միջոցով կամ ինչ-որ պարզ ալգորիթմի միջոցով այդ ընտրության իրավունքը փորձել սահմանափակել, որովհետև անկառավարելիությունը պատվաստանյութի ընտրության հարցում այդքան էլ լավ չանդրադարձավ»։

Առողջապահություն նախարարությունը դեռ չի հստակեցնում, թե երբ կկազմակերպվի «Պֆայզերի» և «Սինոֆարմի» մատակարարումը։

XS
SM
MD
LG