Մատչելիության հղումներ

Մասնագետները շեշտում են՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ցուցանիշը դեռ շատ ցածր է


Պատվաստվածների այն ցածր ցուցանիշը, որ ունի Հայաստանը, էական ազդեցություն չի կարող ունենալ երկրում համավարակի կանխարգելման կամ մեղման գործընթացում, ասում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

4 ամսվա ընթացքում Հայաստանում պատվաստվել է ավելի քան 131 հազար մարդ, թե քանիսն են նրանցից միայն Հայաստանի բնակիչները, պաշտոնական թիվ չի հրապարակվում։ Ըստ մասնագետների՝ բնակչության 60-70 տոկոս պատվաստվելու դեպքում միայն հնարավոր կլինի կանխել վիրուսի տարածումը։

«Իրոք այս պահի դրությամբ դեռևս մենք շատ ցածր ցուցանիշներ ունենք պատվաստումների, իսկապես դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ, և արդեն իսկ սկսվել է մեր հերթական դանդաղ տեմպերով աճը և մենք առաջիկայում մեծ թվերի հետ գործ կունենանք կորոնավիրուսային հիվանդության», - ասաց Սահակյանը։

Վերջին շրջանում թեև դանդաղ, սակայն կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ Մասնագետի խոսքով՝ այս պահին Հայաստանում կորոնավիրուսի 4-րդ ալիքն է սկսվել։

«Վիրուսի վերարտադրման ցուցանիշը միտում ունի աճելու և դադաղ տեմպերով սկսեց աճել, արդեն այսօր ավելի մեծ տեմպեր ունենք և յուրաքանչյուր շաբաթ կրկնապատկվելու կանխատեսում ունենք», - ասաց Գայանե Սահակյանը։

Առողջապահության նախարարը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանն աշնանըձեռք կբերի մեկ ներարկմամբ կիրառվող ամերիկյան Johnson & Johnson պատվաստանյութը և Novavax-ի արտադրության պատվաստանյութը, որը երկանգամյա ներարկումով է արվում: Սահակյանի խոսքով՝այս երկու պատվաստանյութերի առումով բանակցություններն արդեն ավարտման փուլում են, այժմ աշխատում են մինչև տարեվերջ նաև այլև պատվաստանյութեր ներկրել։

«Հոկտեմբերին և՛ Novavax-ի փոքր խմբաքանակ կունենանք, և՛ Johnson & Johnson-ը կունենանք, արդեն հստակ բանակցություններն ավարտական փուլում են և որոշակի ժամանակամիջոց արդեն ունենք մատնանշված, երկկողմանի համագործակցությամբ հնարավոր է նոր պատվաստանյութեր ևս ունենանք։ Աշխատում են Pfizer-ի ուղղությամբ, Moderna-ի ուղղությամբ, բայց այս պահին չեմ կարող այսպես հավաստի, հստակ ասել՝ երբ կունենանք, գուցե մինչև տարվա վերջ որոշակի նորություն ունենանք», - նշեց Սահակյանը։

Հայաստանում այս պահին երեք տեսակի պատվաստանյութ է կիրառվում՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա» և չինական «Կորոնավակը», երեքն էլ անվճար և կամավոր։

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանում կիրառվող, ինչպես նաև ապագայում ներկրվող պատվաստանյութերն արդյունավետ են նոր շտամերի պարագայում, Սահակյանը պատասխանեց․ - «Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ, այո՛, բոլոր պատվաստանյութերն այս պահի դրությամբ կիրառվող աշխարհում բոլորն էլ արդյունավետությունը պահպանել են Delta շտամի նկատմամբ, որոշակի չնչին զիջումով՝ 7-ից 8 տոկոս, բայց գոնե հստակ կարող ենք ասել, որ ծանր դեպերի դեմ և մահվան ելքով դեպքերի կանխարգելման գործում իրենք ունեն շատ լավ արդյունավետություն՝ առնվազն միչև 90, որոշ վակցինաների դեպքում նույնիսկ մինչև 92 տոկոս արդյունավետություն»։

XS
SM
MD
LG