«Հայաստանը, ինչպես և նախկինում, ապակառուցողական քաղաքականություն է վարում», - այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Ջեյուն Բայրամովը վերստին կոչ է արել Երևանին զերծ մնալ սահմանային սադրանքներից ու հանուն տարածաշրջանային խաղաղության բանակցություններ սկսել սահմանի դելիմիտացիայի շուրջ:
Բաքվի պահանջը ավելի է մանրամասնել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին. - «Մենք բազմիցս ենք արդեն ասել` պատերազմը մնացել է անցյալում, Հայաստանը հիմա պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խաղաղության համաձայնագիր ստորագրի և առավել կառուցողաբար մոտենա սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին»։
Դեսպանը կրկնել է նախագահ Ալիևի խոսքերը, թե հակամարտությունը լուծված է, ու պնդել, թե այս հարցում Ադրբեջանի և Ռուսաստանի դիրքորոշումները լիովին համընկնում են:
Ռուսաստանի նախագահը, ում ջանքերով կնքվել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը` վերջ դնելով 44-օրյա պատերազմին, մինչ օրս երբևէ հրապարակավ չի ասել, թե ղարաբաղյան խնդիրը վերջնականապես լուծված է համարում: Հակառակը, անցած նոյեմբերին խոսելով այս մասին՝ Պուտինն ասել էր, որ այդ հարցը պետք է որոշվի ապագայում`առանց պայմաններն ու ժամկետները հստակեցնելու. - «Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշված չէ: Մենք պայմանավորվել ենք, որ պահպանում ենք ստատուս քվոն` այսօրվա դրությամբ գործող իրադրությունը։ Իսկ թե ինչ է լինելու հետո, հարցը դեռ պետք է լուծել ապագայում, ապագա ղեկավարների կամ այդ գործընթացի մասնակիցների կողմից: Սակայն, իմ կարծիքով, եթե պայմաններ ստեղծվեն բնականոն կյանքի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, կենցաղային մակարդակում մարդկանց միջև կապերի վերականգման համար, հատկապես հակամարտության գոտում, ապա դա նաև հիմք կստեղծի Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ամեն ինչ խաղաղվի»:
Իրադարձությունները, սակայն, մի քանի ամիս է զարգանում են ճիշտ հակառակ սցենարով։ Մայիսին ադրբեջանական զորքը հատեց Հայաստանի սահմանը Գեղարքունիքի ու Սյունիքի հատվածներում` խորանալով մի քանի կիլոմետր։ Սկզբում կողմերն ընդամենը ձեռնամարտի էին բռնվում, վերջին շաբաթներին, սակայն, կրքերը ավելի թեժացան՝ սկսեցին նախ կրակոցներ հնչել, հետո արդեն`ականանետեր ու ծանր զրահատեխնիկա կիրառվել: Երկու կողմում արդեն կան զոհեր ու վիրավորներ:
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը ոչ միայն մեղադրել է հայկական կողմին սահմանային վիճակը սրելու մեջ, այլև փաստացի այս հարցը կապել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալ-չմնալու հետ. - «Ակնհայտ է, որ հայկական կողմի այս սադրանքները բացասաբար են ազդում տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ջանքերի վրա: Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի երկարաձգմանը, ապա թերևս հիմա վաղ է դեռ այդ մասին խոսել: Մենք դեռ պետք է առավելագույն ջանքերը գործադրենք լուծելու այն խնդիրները, որոնց շուրջ մեր ղեկավարները համաձայնության են եկել»:
Այդ խնդիրների շարքում Բաքուն առանձնացնում է հատկապես տարածաշրջանոի ճանապարհների ապաշրջափակումն ու, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքի» բացումը:
Ռուս լրագրողը դեսպանից հետաքրքրվել է` եթե այդ ճանապարհն անցնելու է Հայաստանի տարածքով, արդյո՞ք Բաքուն կհամաձայնի, որ այդ ճանապարհը մնա Երևանի վերահսկողության ներքո:
Ադրբեջանի դեսպանն ի պատասխան, նախ հերքել է պնդումները, թե Բաքուն տարածքային հավակնություններ ունի Հայաստանի հանդեպ, ապա կոչ արել նոյեմբերի 9-ի հայտարարությունը ընթերցել, որի տակ ստորագրել է նաև վարչապետ Փաշինյանը. - «Փաստաթղթում հստակ գրված է, որ վերահսկողությունը պետք է իրականացվի Ռուսաստան Դաշնության սահմանապահների կողմից, որոնք առանց այդ էլ ապահովում են ներկայիս Հայաստանի արտաքին սահմանների անվտանգությունը»:
Ռուս լրագրողը հետաքրքրվել է նաև, թե որքանով են իրատեսական խոսակցությունները, թե հնարավոր է Ադրբեջանի տարածքում թուրքական բազա ստեղծվի: Փոլադ Բյուլբուօղլուն հորդորել է հաշվի առնել Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները. - «Տարատեսակ ենթադրություններն ու խոսակցությունները չեն կարող եզրակացությունների հիմք դառնալ», - ասել է նա՝ հիշեցնելով նույն թեմայի շուրջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, թե «մենք ասեկոսեները չենք մեկնաբանում»:
Ի դեպ, ադրբեջանցի լրագրողներից մեկն էլ նույնաբովանդակ հարց է տվել Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփին, ով արդեն երկրորդն օրն է Բաքվում է՝ հնարավո՞ր է, որ եղբայրական երկու երկրները համատեղ բանակ ստեղծեն: Շենթոփը փաստացի հստակ որևէ բան չի ասել, միայն պնդել է, թե անցած ամիս Շուշիում ստորագրված հռչակագրով Անկարան ու Բաքուն մտադիր են էլ ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները, այդ թվում`ռազմական ոլորտում:
«Թուրքիան և Ադրբեջանը մի շարք պայմանագրեր ունեն, այդ թվում` ռազմաարդյունաբերական և ռազմական փոխօգնության շուրջ համաձայնագրեր, որոնց շրջանակում երկու երկրների համատեղ զորավարժություններ և այլ աշխատանքներ են տանում: Սակայն մեր ուղեցույցը լուսահոգի Հեյդար Ալիևի սահմանած մեկ ազգ, երկու պետություն սկզնունքն է, և մենք դրան ենք հետևում», - ասել Շենթոփը:
Անցած ամիս նախագներ Ալիևի և Էրդողանի միջև ստորագրված հռչակագրով Ադրբեջանն ու Թուքրիան պարտավորվում են է՛լ ավելի ամրապնդել ռազմաքաղաքական կապերը, օգնել միմյանց ու սերտացնել փոխգործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում։ Ծրագրվում է, մասնավորապես, գործարան հիմնել Ադրբեջանում` անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության համար: Ռազմակայանի բացման մասին որևէ հստակ բառ չկա։ Նախագահ Էրդողանը, սակայն, հայտարարել է` հնարավոր է այստեղ զարգացումներ լինեն և ընդարձակում:
«Թուրք առաջնորդի այս հայտարարությունը շատերին էր անակնկալի բերել Ռուսաստանում, ի վերջո Ադրբեջանը նախկին ԽՍՀՄ երկիր է, Թուրքիան` ՆԱՏՕ-ի անդամ», - այսօր գրել է ամերիկյան «Ֆորբս» պարբերականը՝ ընդգծելով, որ Մոսկվան թե' նախկինում, թե' այսօր, փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ: