«Լիովին տեղեկացված եմ, որ այս պահին, երբ մենք այս միջոցառումն ենք իրականացնում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Գեղարքունիքում զինված գործողություններ են։ Բնականաբար, մեր մտքով զինվորների, զոհված զինվորների ընտանիքների հետ ենք։ Գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացման համատեքստում։ Սրանք իրադարձություններ են, որ առաջացնում են Ֆրանսիայի անհանգստությունը։ Սա հրադադարի խախտում է, և այս պատճառով Հայաստանի սահմաններին անվտանգային իրավիճակը վատացել է։ Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացների վերսկսմանը։ Բայց գործընթացը պետք է արդար լինի և չպետք է ընթանա ուժի գործադրման ազդեցության ներքո։ Բնականաբար, կապեր կան Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որպեսզի նախևառաջ իրավիճակի հանդարտեցում տեղի ունենա, և երբ գա ժամանակը, մեր ներդրումն ունենանք քաղաքական գործընթացի վերսկսման մեջ։ Այս պաին մեր հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանին տիրող իրավիճակն է։ Բնականաբար, մեր մտքում են նաև նոյեմբերի 9-ի հայտարարության այն կետերը, որոնց հետ դեռ խնդիրներ կան։ Մասնավորապես, Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատման կետը», - ասաց Լաքոտը։
Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Գեղարքունիքի մարզի Սոթք - Վերին Շորժա բնակավայրերի հատվածում գիշերը ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով մարտական գործողություններ են սկսվել, որոնք շարունակվել են այսօր առավոտյան։ Հայկական կողմը հաղորդում է երեք զոհի և չորս վիրավորի, իսկ ադրբեջանական կողմը՝ երկու վիրավորի մասին:
Հայաստանի ռազմական գերատեսչության հավաստմամբ՝ շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, «ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր»։
Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով. Լաքոտ
Հայ-ադրբեջանական սահմանին հերթական ռազմական բախման և ՀԱՊԿ-ի՝ շարունակվող լռության ֆոնին, այսօր Ֆրանսիայի դեսպանը կրկնեց անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում արած իր աղմկահարույց հայտարարությունը, թե Փարիզը պատրաստ է դիտարկել պաշտպանության ոլորտում Երևանի դիմումները. - ««Ազատությանը» տված հարցազրույցում ասել եմ, որ Ֆրանսիան պատրաստ է դիտարկել պաշտպանության ոլորտում Հայաստանի դիմումները։ Բայց է պետք է հաշվի առնել նաև ընդհանուր կոնտեքստը։ Նախևառաջ, Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում։ Ընդհանուր առմամբ, մեր նպատակը ոչ թե ապագա պատերազմներին նախապատրաստվելն է, այլ հակամարտությունից, պատերազմից խուսափելը, որովհետև կարծում ենք, որ տարածաշրջանում առկա խնդիրները չպետք է ունենան ուժային լուծում։ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Հայաստան - Ադրբեջան սահմանի հարցը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով։ Ցանկացած այլ ճանապարհ փակուղի է տանելու»։
Ժոնաթան Լաքոտը խոսեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայաստանյան հնարավոր այցի մասին. - «Նախ անդրադառնամ նախագահ Մակրոնի այցին։ 2018թ. ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին Երևանում գտնվելու ժամանակ նա պարտավորվեց վերադառնալ Հայաստան՝ այս անգամ երկկողմ այցով։ Այս պահին Հայաստան նախագահ Մակրոնի այցի հստակ ամսաթիվ չկա։ Բայց, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ նախագահը այց կկատարի այն ժամանակ, երբ այն օգտակար կլինի տարածաշրջանում քաղաքական գործընթացներին աջակցելու համար։ Այդ պահին կարող ենք տեսնել, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև»։
Այսօր հայկական պատմական ժառանգությունը վտանգված է. Լաքոտ
Ֆրանսիայի դեսպանը այսօր լրագորղների հետ հանդիպել էր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ուր ընթանում են հայ-ֆրանսիական համատեղ հնագիտական պեղումներ։
«Մեզ համար հնագիտությունը երկրորդական չէ։ Այն նույնպես քաղաքական շատ տարրեր է պարունակում։ Մենք մի տարածաշրջանում ենք, որտեղ կարող են դեպքեր լինել, երբ որոշ կողմեր փորձում են յուրացնել պատմական ժառանգությունը։ Նման բան եղել է նաև Ֆրանսիայում։ Հենց այս պատճառով շատ կարևոր է, որ գիտական մոտեցմամբ անդրադառնանք այս հարցերին և հնարավորինս տարածաշրջանային ու միջազգային համագործակցությամբ։ Այս տեսանկյունից Ուրարտուի ժառանգությունը շատ կարևոր է։ Այն շատ կարևոր է Երևանի պատմության համար, այն շատ կարևոր է Հայաստանի հնագույն պատմության համար, և ողջ տարածաշրջանի համար։ Եզրափակելով, նշեմ, որ այս ծրագիրը մաս է կազմում Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրականացվող և ժառանգությանը վերաբերող ընդհանուր մեծ ծրագրի մասն է։ Ֆրանսիան Հայաստանում սկսում է ժառանգության պաշտպանության բազմամյա ծրագիր։ Մենք գիտենք, որ այսօր հայկական ժառանգությունը վտանգված է, և մենք ցանկանում ենք լինել Հայաստանի կողքին, որպեսզի պաշտպանենք այդ ժառանգությունը և այն արժևորենք։ Սա հայ-ֆրանսիական համագործակցության մի ոլորտ է, որի ընդլայնման ցանկություն է հայտնել նախագահ Մակրոնը», - ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը։