Ենթադրում եմ՝ կա փաստաթուղթ, որի շուրջ Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան եռակողմ ֆորմատով բանակցություններ են ընթանում, գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողություններից և դրանց հաջորդած պաշտոնական հաղորդագրություններից նման հետևություն է արել 8-րդ գումարման Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ասում է՝ այս փուլում իշխանությունները պարտավոր են բաց աշխատել հանրության հետ ու ասել` ինչ փաստաթղթի մասին է խոսքը, և ինչ պայմաններով են դադարեցվել մարտական գործողությունները. «Շատ կարևոր է, և առաջնային եմ համարում, որ իշխանություններն օր առաջ, թեև արդեն ուշացել են, բայց հայտարարեն, թե ինչ բանակցություններ են ընթանում, որովհետև մենք հատկապես հետպատերազմական փուլում ականատես ենք եղել տարբեր գործընթացների, բանավոր պայմանավորվածությունների կամ բանավոր փոխըմբռնումների, որի արդյունքում նույնիսկ տարածքներն ենք կորցրել», - ասում է նա` շարունակելով.
«Օրինակ` խոսքը Կովսականի և Սանասարի շրջանների այն հատվածների մասին է, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվել են մեր վերահսկողության ներքո, սակայն հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ տարածքները բանավոր փոխըմբռնման արդյունքում հանձնվել են Ադրբեջանին, որովհետև հակառակ դեպքում կարող էին պատերազմական գործողությունները վերսկսվել: Այսինքն` այսպիսի մտահոգությունների, մտավախությունների պայմաններում բնական է, որ ցանկացած գործընթաց, ցանկացած առաջարկների քննարկում, որի մասին հատկապես չկա Հայաստանի կողմից պաշտոնական հաստատում, մեզ համար խորը մտահոգությունների տեղիք է տալիս, և բնականաբար, երբ որ սա էլ զուգահեռվում է սահմանային լարվածությամբ և մարտերով, իրավիճակը և՛ անկանխատեսելի է դառնում, և՛ բնականաբար, անկանխատեսելի են նաև դրա հետևանքները»:
Ավելի ուշ համատեղ հայտարարություն տարածեցին խորհրդարանական երկու ընդդիմադիր դաշինքները` «Հայաստան»-ն ու «Պատիվ ունեմ»-ը։ Լիակատար զորակցություն ու աջակցություն հայտնելով Հայաստանի զինված ուժերին` ընդդիմադիրները նշում են. «Թշնամու շարունակական սադրանքներն ու սանձարձակ վարքագիծը և այդ համատեքստում ՀՀ իշխանությունների անգործությունն ու անկարողությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ վերջին ընտրությունները, ցավոք, չեն կարողացել լուծել Հայաստանի առջև ծառացած առաջնային անվտանգային խնդիրները և մարտահրավերները՛։ Առանձին կետով շեշետադրում են, որ հասարակությունը պետք է պաշտոնապես տեղեկացված լինի այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված հայ-ադրբեջանական հնարավոր բանակցությունների բովանդակության և ընթացքի վերաբերյալ։
«Միայն այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունն իր պաշտոնական հաղորդագրություններից մեկում անուղղակի կերպով նշեց, որ առաջիկայում սպասվում էր հանդիպում Մոսկվայում, և Ադրբեջանն իր այս քայլերով փորձում է վնասել այդ գործընթացին, այսինքն` ըստ էության անուղղակիորեն հաստատվեց, որ կար փաստաթուղթ քննարկման», - նշում է Աբրահամյանը:
Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ այդպես էլ չի հստակեցվում` ինչ բանակցությունների մասին է խոսքը։ Հուլիսի 26-ին Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ն էր հաղորդել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի հեռախոսազրույցի մասին։ Ռուսական «Ինտերֆաքսը», հղում անելով իր աղբյուրներին, երեկ գրեց, որ Կարապետյանը Մոսկվայում է։ Գրվեց նաև Մոսկվայում նրա և Ադրբեջանի պաշտպանության նախարարի հնարավոր հանդիպման մասին։
Քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը, հղում անելով իր աղբյուրներին, այսօր ծավալուն հոդված է գրել եռակողմ բանակցությունների և սեղանին դրված փաստաթղթի մասին, ըստ որի.
ա) Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց սահմանները, և Արցախից մնացած մասը ստանում է ինչ-որ տեսակի կարգավիճակ (մշակութային ինքնավարություն),
բ) Սահմանազատման և սահմանագծման գործընթաց է սկսվում, որի կարևոր պայմաններից մեկը անկլավների հարցն է՝ Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար/Բաղանիս, Այրում, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Քյարքի, ինչպես նաև Արծվաշեն,
գ) Ադրբեջանը ազատ ուղի է ստանում Հայաստանի տարածքով՝ կապվելով Նախիջևանի և Թուրքիայի հետ:
Ըստ Հակոբյանի` այս կետերի հետ որոշ անհամաձայնություններ ունի նաև Մոսկվան. «Ես ընդհանուր կետերով եմ ներկայացրել, բայց որ պատրաստվում է փաստաթուղթ, դա բաց գաղտնիք է, և Ադրբեջանը փորձում է այս փաստաթղթով Հայաստանից կորզել հնարավոր ամեն բան»:
Մինչ ընդդիմադիրներն ու հասարակական սեկտորն իշխանություններին կոչ են անում հնարավորինս բաց լինել հանրության հետ և թույլ չտալ, որ տեղեկատվական բացը լրացվի այլ աղբյուրներից եկող ինֆորմացիայով, իշխանական խմբակցության պատգամավորներն այս փուլում ձեռնպահ են մնում մեկնաբանություններից և խորհուրդ են տալիս հետևել պաշտոնական լրահոսին։