Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատությանը», որը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ազատություն». - Ողջույն, «Ազատության» հյուրն է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Բարև Ձեզ, պարոն դեսպան։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։
Ժոնաթան Լաքոտ. - Ողջույն, շնորհակալություն։
«Ազատություն». - Պարոն դեսպան, օրերս, երբ Երասխում լարված իրավիճակ էր, և ադրբեջանական զինուժը գնդակոծում էր հայկական դիրքերը, Հայաստանի տարածքը, Դուք Ֆեյսբուքի Ձեր էջում գրառում կատարեցիք՝ «Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում»։ Ի՞նչ եք ցանկանում ասել այս գրառմամբ։
Ժոնաթան Լաքոտ. - Ֆեյսբուքյան այս գրառմամբ երկու բան էի ցանկանում արտահայտել։ Նախևառաջ, ցանկանում էի նկարագրել մի իրողություն, որը հետևյալն էր` երկուշաբթիից երեքշաբթի գիշերը՝ գիշերը ժամը 2-ին, բոլորն օնլայն էին, ոչ ոք եք չէր քնում, բոլորը անհանգստացած էին Երևանում, Հայաստանում։ Երկրորդ ուղերձը համերաշխության ուղերձն էր։ Ցանկանում էի ինձ հետևող մարդկանց ասել, որ Ֆրանսիան հետևում է սահմանի իրավիճակին։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ Ֆրանսիայի իշխանություններն ամենաբարձր մակարդակով լիովին տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Երասխը միաժամանակ խորհրդանշական և ռազմավարական վայր է։ Ռազմավարական, քանի որ Ադրբեջանի հետ Երևանին ամենամոտիկ սահմանն է, իսկ խորհրդանշական, քանի որ սա մի վայր է, որտեղ հանդիպում են չորս պետություններ։ Այս պահին այնտեղ լարվածություն կա, բայց պետք է հուսանք, որ ապագայում Երասխը կարող է կրկին դառնալ այն խաչմերուկը, որ եղել է ժամանակին։
«Ազատություն». - Հայաստանում մեծ դժոգոհություն կա Ռուսաստանից։ Շատերը այստեղ՝ քաղաքական գործիչներ, փորձագետներ, պարզ քաղաքացիներ, համարում են, որ Ռուսաստանը ոչինչ չարեց 44-օրյա պատերազմի ժամանակ՝ օգնելու Հայաստանին, թեև պարտավոր է ըստ դաշնակցային պայմանագրերի, և դա էր հիմնական պատճառը, որ հայկական զինված ուժերը պարտվեցին 44-օրյա պատերազմում։ Վստահ են, որ Ադրբեջանը չէր համարձակվի գնդակոծել Հայաստանի տարածքը, հարձակվել Հայաստանի վրա, եթե չլիներ Ռուսաստանի աջակցությունը։ Ֆրանսիան մտադի՞ր է անվտանգության, պաշտպանության ոլորտում համագործակցություն առաջարկել Հայաստանին։
Ժոնաթան Լաքոտ. - Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, կարծում եմ՝ պետք է հայացք նետենք ներկա իրողություններին։ Ներկա իրողություններն այնպիսին են, որ Ռուսաստանն ապահովում է Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Եթե ռուսական ուժերը չլինեին, Ղարաբաղում այլևս հայ չէր լինի։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հանգեցրեց մի հրադադարի, որը, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Միևնույն ժամանակ, ութ ամիս անց մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի լուծում բոլոր հարցերը։ Դրա որոշ դրույթներ, մասնավորապես՝ ռազմագերիների ազատման դրույթը, լիովին չեն հարգվում։ Եվ ընդհանուր առմամբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչինչ չի ասում Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։ Այսպիսով, նոյեմբերի 9-ի հայտարարությունը մի փուլ էր, բայց հիմա պետք է ամրապնդել խաղաղությունը, հրադադարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսել քաղաքական գործընթաց։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։
Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում։
«Ազատություն». - Սպասվում է, որ առաջիկայում Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Հայտնի՞ է՝ պարոն նախագահը երբ է այցելելու Երևան, ի՞նչ օրակարգով, և արդյո՞ք միայն Հայաստան է այցելելու, թե՞ մեկնելու է նաև Թբիլիսի և Բաքու։
Ժոնաթան Լաքոտ. - 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ իր այցի ժամանակ Հանրապետության նախագահը պարտավորվեց երկկողմ այցով վերադառնալ Հայաստան։ Եթե հարցնում եք, թե երբ կլինի այդ այցը, կպատասխանեմ, որ այն տեղի կունենա այն ժամանակ, երբ առավել օգտակար կլինի։ Իսկ օգտակար պահը այն է, երբ այն թույլ կտա տարածաշրջանում առաջ մղել քաղաքական գործընթաց, օգնել Հայաստանին և Ադրբեջանին առաջընթաց գրանցել խնդրահարույց հարցերի շուրջ։ Այսպիսով, այցի ամսաթվերն ու պարամետրերը կորոշվեն ըստ այդ նպատակի։
«Ազատություն». - Ես ճի՞շտ եմ հասկանում, որ երբ այցը կայանա, այն լինելու է տարածաշրջանային։
Ժոնաթան Լաքոտ. - Տրամաբանական կլինի, որ նախագահ Մակրոնը խոսի տարածաշրջանի բոլոր ղեկավարների հետ։ Մենք հնարավորություն ունենք խոսել բոլոր կողմերի հետ և ապահովել միջնորդի դերը, նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացին։
«Ազատություն». - Պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և այսօր էլ Ֆրանսիան շարունակում է դիվանագիտական, քաղաքական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Ինչո՞ւ է Փարիզն աջակցում Երևանին։
Ժոնաթան Լաքոտ. - Հայաստանի նկատմամբ Ֆրանսիայի քայլերի հիմքում, իհարկե, մեր երկու երկրների միջև հատուկ հարաբերություններն են։ Բայց դա նաև պայմանավորված է որոշ սկզբունքներով, որոնց Ֆրանսիան շատ հավատարիմ է։ Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, պայքարում է մի աշխարհի համար, որտեղ հակամարտություններն ուժով չեն լուծվում։ Ֆրանսիան հավատում է մի աշխարհի, որտեղ բնակիչները կարող են մնալ իրենց տարածքներում։ Եվ Ֆրանսիան հավատում է հակամարտությունների բանակցված լուծումներին։ Այս հակամարտությունից բխում են մի շարք խնդիրներ, որոնց Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս` ուժի չկիրառում, մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանություն, զենքերի որոշ տեսակների կիրառման բացառում։ Այս բոլոր խնդիրների ամբողջությունն է, որով բացատրվում է Ֆրանսիայի ներգրավվածությունն այս հարցում։
«Ազատություն». - Այսօր Հայաստանի համար առաջնային է անվտանգության հարցը։ Ֆրանսիան ի՞նչ դիրքորոշում ունի երեք հարցերի հետ կապված՝ հայաստանցի ռազմագերիների վերադարձ, սահմանազատում Ադրբեջանի հետ և Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ։ Մենք տեսանք, երբ որ Երևանում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, նա ասաց, որ պետք է հնարավոր լինի բանակցել Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ Ֆրանսիան այս երեք հարցերի հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունի։
Ժոնաթան Լաքոտ. - Տեսնում ենք, որ այս հակամարտության արդյունքում մի շարք հարցեր բաց են մնացել։ Ռազմագերիները, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում։ Մի քանի հարյուր կիլոմետրանոց նոր սահմանը, որն այսուհետ գոյություն ունի երկու երկրների միջև։ Եվ ընդհանուր առմամբ բուն Ղարաբաղի հարցը։ Տեսնում ենք, որ այս հարցերը լուծված չեն։ Ուստի, կողմնակից ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվի քաղաքական գործընթաց։ Մի գործընթաց, որը Մինսկի խմբի համանախագահները կոչված են ուղեկցելու։ Հայաստանի և տարածաշրջանի համար անվտանգության լավագույն երաշխիքն այս տարբեր կետերի բանակցային ճանապարհով լուծումն է։ Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս հարցերի շուրջ խոսելու համար բոլոր կողմերի կողմից ճանաչված միակ մարմինն է։
«Ազատություն». - Բաքվում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները օրերս՝ հուլիսի 9-10-ը հրաժարվեցին այցելել Շուշի, ինչպես կազմակերպել էր Ադրբեջանի կառավարությունը։ Չայցելելով Շուշի՝ ի՞նչ ուղերձ եք հղում։
Ժոնաթան Լաքոտ. - Կա մի իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Քանի դեռ այդ կարգավիճակը որոշված չէ, ո՛չ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, ո՛չ Երևանում Ֆրանսիայի դեսպանը չեն կարող այցելել Ղարաբաղ։ Բաքվում իմ գործընկերը չի այցելում Շուշի, ինչպես ես չեմ այցելում Ստեփանակերտ։ Եվ սա մի դիրքորոշում է, որը կիրառվել է Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից։
Մինչդեռ Ֆրանսիան կողմնակից է Ղարաբաղում միջազգային ավելի լայն ներկայության։ Այժմ միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է այնտեղ ներկա և կատարում է գերազանց աշխատանք։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի գործակալությունները նույնպես կոչված են ներկա լինելու Լեռնային Ղարաբաղում։
«Ազատություն». - Պարոն դեսպան, շատ հետաքրքիր հայտարարություն արեցիք։ Ես ճի՞շտ եմ հասկանում, որ այդ ուղղությամբ, մասնավորապես, Ֆրանսիան աշխատում է, որպեսզի միջազգային նոր կառույցներ, միգուցե՝ երկրներ ներգրավված լինեն Ստեփանակերտում, գրասենյակներ ունենան Ստեփանակերտում։
Ժոնաթան Լաքոտ. - Դա, ի դեպ, հենց նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որը մասնավորապես նշում է Փախստականների հարցով գերագույն հանձնակատարին։ Եվ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանսիան պայքարում է, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը նույնպես կարողանա այցելել Ղարաբաղ։ Մենք կարծում ենք, որ Ղարաբաղում միջազգային ներկայությունը կնպաստի բնակչության բարեկեցությանը, ինչպես նաև անվտանգությանը։
«Ազատություն». - Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ խոսում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, թեև, օրինակ, Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ալիևը խուսափեց հիշատակել «Զանգեզուրի միջանցքը»։ Հայաստանում համարում են, որ դա ոտնձգություն է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ի՞նչ եք մտածում այս կապակցությամբ։
Ժոնաթան Լաքոտ. - Կարծում եմ, պետք է վանել «միջանցք» արտահայտությունը։ «Միջանցքները» շատ վատ հիշողություն են թողել դիվանագիտության պատմության մեջ, ինչպես, օրինակ, Դանցիգի միջանցքը։ Մենք կարծում ենք, որ պետք է աշխատել հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև և որը նախատեսում է տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև հաղորդակցության տարածաշրջանային ուղիների վերականգնում։ Ֆրանսիայի լիովին պատրաստ է աշխատել տարածաշրջանի երկրների հետ՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների գործարկման ուղղությամբ:
«Ազատություն». - Դուք հիշատակեցիք Դանցիգի միջանցքը։ Հայտնի է, որ դա ֆաշիստական Գերմանիայի ժամանակներին վերաբերող իրավիճակ, պատմություն է։ Դուք այստեղ նմանություն տեսնո՞ւմ եք՝ այն, ինչ տեղի ունեցավ Երկրորդ աշխարհամարտի նախօրեին, երբ Լեհաստանը հարձակման ենթարկվեց։ Դուք այստեղ ընդհանրություններ տեսնո՞ւմ եք՝ Լեհաստան, Հայաստան, ֆաշիստական Գերմանիա, Ադրբեջան։
Ժոնաթան Լաքոտ. - Այն, ինչ ցանկանում էի ասել, հետևյալն է` միջանցքները վատ հիշողություններ են թողել միջազգային իրավունքում։ Մենք այլևս մի այնպիսի աշխարհում չենք, որտեղ ստեղծում ենք միջանցքներ ուրիշների տարածքների հաշվին։ Մենք ապրում ենք մի աշխարհում, ուր սահմանները կոչված են բացվելու։ Մի աշխարհում, որտեղ մարդիկ կարող են տեղաշարժվել, կարող է տեղի ունենալ ապրանքաշրջանառություն։ Հենց այսպես էր, որ կառուցեցինք Եվրոպական միությունը։ Ստեղծելով նախևառաջ պետությունների միջև փաստացի համերաշխություն։ Մի համերաշխություն, որի շնորհիվ այսօր պատերազմը ոչ միայն անհնարին է, այլև՝ լրիվ աբսուրդ։
«Ազատություն». - Եվրամիությունը աննախադեպ՝ 2.6 միլիարդ եվրո աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին՝ վարկեր, դրամաշնորհներ։ Ավելի շատ, քան, օրինակ, Ուկրաինային՝ առաջիկա հինգ տարիների համար։ Շատերն այստեղ դա ընկալում են նաև որպես քայլ, որը ցույց է տալիս, որ Եվրոպական միությունը, եվրոպական երկրները նպատակ ունեն նոր դերակատարություն ստանձնել տարածաշրջանում։ Ֆրանսիան Եվրամիության առանցքային երկրներից մեկն է: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ։
Ժոնաթան Լաքոտ. - Իսկապես, Շարլ Միշելի այցով և 2.6 միլիարդ եվրո այս բացառիկ աջակցության մասին հայտարարությամբ նշանավորում է տարածաշրջանում և Հայաստանում Եվրոպայի նոր հանձնառությունը։ Ֆրանսիայի մասնակցությունը եվրոպական այդ օժանդակության մեջ կազմում է 18 տոկոս։ Մենք լիովին կողմնակից ենք, որ Հայաստանը դրանից օգտվի։ Եվ սա մի օժանդակություն է, որն իսկապես միտված է ուժեղացնելու Հայաստանի կարողությունները բոլոր ոլորտներում։ Խոսքը ենթակառուցվածքների մասին է, բայց, ընդհանուր առմամբ, կա նաև Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ուժեղացմանն ուղված օժանդակություն։ Եվրոպական այս օժանդակությունը Հայաստանի ապագայի հանդեպ վստահության արտահայտումն է։ Կարծում եմ՝ Ֆրանսիան կսատարի Եվրոպայի այս հանձնառությունը։ Այն կնպաստի նաև Հայաստանի և Եվրամիության անդամ պետությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
«Ազատություն». - Ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հայ-ֆրանսիական երկկողմ առևտուրն այս տարվա առաջին հինգ ամիսներին կազմել է 39.8 միլիոն դոլար, ինչը 7.1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բայց այս ծավալով Ֆրանսիան 14-րդն է որպես Հայաստանի արտաքին առևտրային գործընկեր երկիր։ Ի՞նչ է արվում, որպեսզի ֆրանսիական ներդրումներն այստեղ աճեն, որպեսզի հայ-ֆրանսիական առևտուրը ընդլայնվի։
Ժոնաթան Լաքոտ. - Տնտեսական ոլորտում մեր նպատակն այնքան էլ առևտուրը չէ, որքան՝ Հայաստանում ներդրումները։ Ներդրումներն են, որոնք ստեղծում են հավելյալ արժեք, Հայաստանում ստեղծում են աշխատատեղեր։ Այս տեսանկյունից Ֆրանսիան Ռուսաստանից հետո երկրորդն է Հայաստանում։ Ուրախ եմ, որ Հայաստանում ներկա ֆրանսիական ընկերությունների մեծ մասը շատ լավ դիմակայեցին 2020 թվականի տարբեր ճգնաժամերը։ Այս տարվա սկզբին Ֆրանսիան հայտարարեց Հայաստանին ֆինանսական բացառիկ օժանդակություն տրամադրելու իր պատրաստակամության մասին։ Սա մի օժանդակություն է, որը թույլ կտա Հայաստանում կատարել ֆրանսիական նոր ներդրումներ, հաստատել ֆրանսիական նոր ընկերություններ։ Ընդհանուր առմամբ, ցանկանում ենք, որ մեր տնտեսական ներկայությունը ոչ միայն առաջընթաց գրանցի, այլև որակական առումով թռիչք կատարի։ Օրինակ՝ որպեսզի Ֆրանսիան ներկա լինի էներգետիկ ոլորտում։ Ենթակառուցվածքների ոլորտում, մասնավորապես՝ երկաթուղային ոլորտում։
«Ազատություն». - Դուք ասացիք՝ եզակի ֆինանսական աջակցություն, կարո՞ղ եք թիվ նշել: Եվ խոսեցիք երկաթուղային ոլորտում ֆրանսիական հնարավոր ներգրավվածության մասին՝ կարո՞ղ է խոսքը լինել Հայաստանը Իրանին կապող երկաթուղու մասին։
Ժոնաթան Լաքոտ. - Ինչ վերաբերում է գումարի չափին, այն կախված կլինի հայկական կողմի կողմից մեզ ներկայացվելիք ծրագրերից։ Որպեսզի գաղափար ունենանք, թե ինչի մասին է խոսքը, կարող եմ ասել, որ բյուջետային օժանդակության մասով պատրաստ ենք տրամադրել 50-ից 100 միլիոն եվրոյի չափով փոխառություն։ Բյուջետային այս օժանդակությանը կարող են գումարվել առանձին օժանդակություններ՝ հատուկ ծրագրերի համար։ Ինչ վերաբերում է երկաթուղային ոլորտին, մտածում ենք, մասնավորապես, մի ծրագրի մասին, որով գնացքով կկապվեն Երևանը, «Զվարթնոց» օդանավակայանը, Էջմիածինն ու Արմավիրը։ Եվ, իհարկե, մենք պատրաստ ենք նաև դիտարկել տարածաշրջանային երկաթուղային ծրագրեր։
«Ազատություն». - Որքան գիտենք, պարոն դեսպան, ավարտում եք Ձեր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում այս աշնանը, և Հայաստանում ինչը՞ Ձեզ ամենից շատ տպավորեց։
Ժոնաթան Լաքոտ. - Անշուշտ, այստեղ անցկացրած ժամանակաշրջանից առավելապես կհիշեմ նախորդ աշնանը տեղի ունեցած պատերազմը։ Այն, ինչը ինձ տպավորեց, հայերի՝ իրենց արժեքները, մշակույթը պահելու ու արտաքին հարձակումներին դիմադրելու կարողությունն է։ Հայ երիտասարդները մի մեծ շոկ ապրեցին, որը նրանց հասակակից ֆրանսիացիները նույնիսկ չեն էլ կարող պատկերացնել։ Բայց անկախ ամեն ինչից, Հայաստանը վստահ է իր ապագայի մեջ։ Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Ֆրանսիան այս երկրում, այս ժամանակահատվածում։
«Ազատություն». - Շնորհակալություն հարցազրույցի համար։
Ժոնաթան Լաքոտ. - Շնորհակալություն։